ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ. «ԽԱՉԱՐՁԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՆՄԱՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ. «ԽԱՉԱՐՁԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ
ՆՄԱՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ»
«Իրավունքը» Տավուշի մարզի Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանից պարզեց`ինչպես են տոնելու Ամանորը խաչարձացիները, արդյոք այս տարի էլ կկարողանան առատ սեղաններով Նոր տարին դիմավորել` հաշվի առնելով այս օրերին արձանագրվող թանկացումներն ու վերջին շրջանում դոլարի գերարագ արժեւորումն ու դրամի` սրընթաց տեմպերով արժեզրկումը:
-Պրն Շահնազարյան, գյուղը քանի՞ բնակիչ ունի:
- Մոտ 400 մարդ: Ասեմ ձեզ, որ ամռանը գալիս են մեզ մոտ հանգստանալու, ձմռանն էլ` Նոր տարի նշելու:
- Խաչարձանցիները ինչպե՞ս են պատրաստվում Ամանորին:
- Գյուղերում Նոր տարին մի փոքր այլ կերպ են դիմավորում: Իրենց պահած խոզը մորթում են, քաշած օղին էլ ունեն: Դառավ Նոր տարի: Երեւանցիների նման կոկորդիլոս չեն առնում:
- Գյուղում մեծ թիվ են կազմում երիտասարդնե՞րը, թե՞ մեծահասակները:
- Երիտասարդները, որոնք անասնապահությամբ են զբաղվում:
- Արտագաղթողներ շա՞տ են գյուղից:
- Մեզ մոտ այդ խնդիրը չկա: Հակառակը, ավելանում է բնակչությունը: Խաչարձանում բնակվում են հիմնականում Ադրբեջանից գաղթածները, որոնք դրսում բարեկամներ չունեն, որ կանչեն տանեն: Հետո անասնապահությամբ զբաղվելով` կարողանում են իրենց անհրաժեշտ գումարը վաստակել:
- Դպրոց, մանկապարտեզ ունի՞ համայնքը:
- Դպրոցն այս պահին վերանորոգվում է: Մանկապարտեզ չունենք: Ունենք նոր կառուցված բուժկետ: Ճանապարհների հիմանորոգման խնդիր ունենք: Գազաֆիկացման ոու խմելու ջրի անցկացման աշխատանքները եւս արվում են:
- Երբ դոլարը գերարագ արժեւորվեց, խաչարձանցիներից քանի՞սը տուժեց այդ իրավիճակից:
- Ճիշտն ասած` մեզ մոտից դեպի Ռուսաստան գնացողներ ու եկողներ համարյա չկան: Նկատի ունեմ` դրսից գումար ուղարկողներ չունենք:
- Համայնքի բնակիչներից քանի՞սն են բանկերից դոլարով վարկ վերցրել գյուղատնտեսական նպատակներով:
- Մերոնք մի քիչ «վախկոտ» ժողովուրդ են. վերցրած վարկերը հիմնականում դրամով են: Միշտ խորհուրդ ենք տալիս, որ դրամով վերցնեն վարկերը: Բացի այդ` մեր համայնքում մի հինգ-վեց ընտանիք են բանկից վարկ վերցրել:
- Պրն Շահնազարյան, մայրաքաղաքում վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացան: Խաչարձանում եւ ընդհանրապես Տավուշի մարզում ի՞նչ վիճակ է:
- Մեզ մոտ թանկացումներ չկան: Մի փոքրիկ խանութ կա համայնքում, որն այդ օրերին, ի տարբերություն մարզային մի քանի խանութների, չի փակվել: Հետո մեզ մոտ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Կաթնամթերք, յուղ ունեն գյուղացիները: Բայց որ ալյուրը թանկանում է, դա լավ չի էլի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

