ԱԼԿՈՀՈԼՆ ՈՒ ՍԽԱԼ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ՎԱՏ Է ՍՐՏԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԱԼԿՈՀՈԼՆ ՈՒ ՍԽԱԼ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ՎԱՏ Է ՍՐՏԻ ՀԱՄԱՐ
- Ի՞նչպես զերծ մնալ սննդային թունավորումներից: Խոսքը Ամանորի կամ տոնականսեղանների մասին է, երբ անհնար է դառնում հրաժարվել այս կամ այն ուտեստից: Հնարավո՞ր է տան պայմաններում կատարել ստամոքսի լվացում:
Հարցին պատասխանել է "Շտապօգնություն" ՓԲԸ "Կենտրոն" ենթակայանի բժիշկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.
-Համաձայն ընդունված ավանդույթի` հայերը սիրում են Ամանորին զանազան կերակուրներ պատրաստել, այն էլ մեծ քանակությամբ: Բոլոր կերակուրները, որպես կանոն, լինում են դժվարամարս եւ պատրաստվում օրեր առաջ: Խոսքը, ինչպես տաք, այնպես էլ սառը ուտեստների, հատկապես աղցանների մասին է: Մի քանի օր առաջ պատրաստած ուտեստներին թարմ տեսք հաղորդելու եւ պատրաստածը սպառելու համար տանտիրուհիները, այսպես ասած, զանազան հնարքների են դիմում, փոփոխում ուտեստի արտաքին ձեւը. սառեցնում կամ տաքացնում այն, ինչից, բնականաբար, չի փոխվում բովանդակությունը: Երբեմն կարող է չփոխվել նաեւ համն ու հոտը: Իսկ նման սննդամթերքի ընդունումը, բնականաբար, անթույլատրելի է: Ավելին, կարող է բերել սննդային թունավորումների, առաջացնել փսխումներ եւ այլ տհաճ իրավիճակներ:
Ալիմենտար (սննդային) թունավորումների ժամանակ մարդիկ փորձում են ինքնուրույն կարգավորել առողջական վիճակը: Բժշկի ծայրահեղ դեպքում են դիմում` մանավանդ տոնական օրերին: Թեպետ բոլոր հիվանդանոցներում հավուր պատշաճի կատարվում է շուրջօրյա հերթապահություն. կան հերթապահ բժիշկներ:
Հարգարժան նամակագիր, տան պայմաններում ստամոքսի լվացում կարելի է կատարել` 2 լիտր գոլ ջրի մեջ լուծելով 1 ճաշի գդալ կերակրի սոդա եւ տալ հիվանդին` խմելու, փորձելով առաջացնել փսխումներ: Կարող եք օգտագործել նաեւ հանքային ջուր, բայց գոլ վիճակում, առանց գազի: Եթե հիվանդի գանգատները շարունակվում են, ապա տեղափոխեք հիվանդանոց` ստամոքսի լվացում կատարելու, համապատասխան կաթիլային ներարկումներ ստանալու համար: Իսկ դա հնարավոր է կատարել միմիայն հիվանդանոցային պայմաններում:
Ուստի սննդային թունավորումներից զերծ մնալու համար անկախ տոներից եւ հավաքույթներից` պետք է սնվել չափավոր, օգտագործել այնքան սնունդ, որքան որ անհրաժեշտ է օրգանիզմին, այլ ոչ չափից ավելի ծանրաբեռնել ստամոքսաղիքային տրակտը` հատկապես գիշերային ժամերին: Ժամը 19:00-ից ցանկալի է սահմանափակել սնունդը: Ի դեպ, չափավորեք այդ օրերին ալկոհոլի քանակը: Խորհուրդ է տրվում օգտագործել միատեսակ ալկոհոլային խմիչք: Անթույլատրելի է համադրել գինին, օղին եւ կոնյակը… Ի դեպ, ալկոհոլային խմիչքներից հատկապես պետք է զերծ մնան սիրտանոթային համակարգի խանգարումներ ունեցող հիվանդները: Նրանք ռիսկային խմբում են: Ալկոհոլային խմիչքն ու սխալ սննդակարգը բացասական են ազդում, ինչպես սրտի աշխատանքի, այնպես էլ անոթային համակարգի վրա: Այն կարող է բերել արյան զարկերակային ճնշման տատանումների, հիպերտենզիաների, հիպերտոնիկ կրիզների, ինչու չէ, նաեւ կարող է առաջացնել նախաինֆարկտային վիճակներ:
Առո՛ղջ եղեք:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

