ՊԵՏ. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Արխիվ 12-16ՊԵՏ. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ
ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
2014 թվականի դեկտեմբերի 18-ին Հյուսիսային համալսարանի Որակի ապահովման էլեկտրոնային դահլիճում կայացավ Պետ. հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նիստը` ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆԻ ղեկավարությամբ:Նիստին մասնակցում էին պետ. հավատարմագրված մեկուկես տասնյակ բուհերի ռեկտորներ, որոնցից մի քանիսը նիստին ներկայացել էին ՀԿ-ին անդամակցելու նպատակով: Հրավիրված էին նաեւ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանն ու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը, որոնք էլ պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին` կապված հանրապետությունում սկիզբ առած մասնագիտական ուսումնական հաստատությունների նոր` երկաստիճան հավատարմագրման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների առանձնահատկությունների մասին:
Նիստում հրատարակվեց ՀՀ կառավարության` "Հայաստանի Հանրապետության կառավարության 2011-ի հունիսի 30-ի 978 որոշման մեջ լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին" 2014 թվականի դեկտեմբերի 11-ի 1397-ի որոշումը: Հիշյալ որոշման մեջ ամրագրված էր, որ ՀՀ-ում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունները ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու համար մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 30-ը ընդունված կարգով պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն: Մասնակիցներն իրենց ելույթներում այն տեսակետն արտահայտեցին, որ 2001-ից մինչեւ 2007-ը կայացած պետ. հավատարմագրման գործընթացի արդյունքում իրենց ստացած անժամկետ պետ. հավատարմագրերը պետք է պահպանեն իրավական ուժը մինչեւ նոր` երկաստիճան հավատարմագրման գործընթացի ավարտը: Ոմանք քննադատորեն մոտեցան բարձրագույն կրթության համակարգում տարիներ շարունակ արմատավորված այն քաղաքականությանը, որ տարիներ շարունակ անտեսվում կամ շրջանցվում են "Կրթության մասին" եւ "Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքներով հավատարմագրման գաղափարը արժեւորող եւ հավատարմագրված ուս. հաստատությունների համար նախապատվելի սահմանող հոդվածները:
Այսպես օրինակ` "Կրթության մասին" ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված է, որ բուհի կարգավիճակը որոշող կարեւոր բաղադրիչներից է բուհի` պետականորեն հավատարմագրված լինելու փաստը: Սակայն առ այսօր այդ կարեւոր բնութագրիչը անտեսվում է թե միասնական ընդունելության եւ թե բուհերին պետ. պատվեր կամ բանակի տարկետման իրավունք տրամադրելու ժամանակ: "Անընդունելի է, որ նույնիսկ կառավարության կողմից բուհերին հատկացված տարեկան 60 միլիոն դրամ օգնության ֆոնդի բաշխման ժամանակ 4 տարի շարունակ ուշադրությունից դուրս են մնում պետ. հավատարմագրված բուհերի գերազանց առաջադիմությամբ սովորող ազատամարտիկների եւ նույնիսկ զոհված ազատամարտիկների բազմաթիվ երեխաներ",- իր եզրափակիչ խոսքում նշեց նախագահող Բ. Մակիչյանը: Նա միաժամանակ բարձր գնահատեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի` վերջին տարիներին իրականացրած նորարարական ծրագրերը` ուշադրության արժանացնելով հատկապես 2013-ի ապրիլ եւ հունիս ամիսներին գործադիր տնօրինության կողմից Հյուսիսային համալսարանում կազմակերպված հանրապետության բոլոր բուհերի որակի ապահովման կառույցներում ընդգրկված շուրջ 500 դասախոսների եւ վարչական աշխատողների 15-օրյա վերապատրաստումները, ինչպես նաեւ 2014 դեկտեմբերի 1-ից մինչեւ 5-ը Երեւանի 4 բուհերում (Տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարան, Հյուսիսային համալսարան, Ամերիկյան համալսարան) կազմակերպված որակի ապահովման շաբաթին, որին մասնակցեցին արտասահմանյան բուհերի փորձագետներ, ՀՀ բուհերի որակի ապահովման շահագրգիռ մասնագետներ: Նրանցից շուրջ 100 հոգի դեկտեմբերի 3-ին Հյուսիսային համալսարանում պարգեւատրվեցին որակի ապահովման ազգային կենտրոնի սերտիֆիկատներով եւ Հյուսիսային համալսարանի կողմից որպես նվեր ստացան երկլեզու "Որակի ապահովման ձեռնարկ" գիրքը:
Հյուսիսային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

