ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆՆ Է, ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆՆ Է,
ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Անտեսելով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները` դրամ-դոլար-ռուբլի փոխարժեքի անկումը եւ անհավանական թանկացումները, մեր քաղաքացիները կամաց-կամաց անցնում են տոնական տրամադրության: Բացատրությունը շատ պարզ է. Ամանորը մեր ամենասիրելի, եթե ոչª միակ իրականում համաժողովրդական տոնն է, ուստի ոչ մի բացասական երեւույթ ու թանկացում չի կարող ազդել դրա վրա:Սիրելինª սիրելի, բայց առանց մեծ գումարների ավանդական տոնական սեղան չի ստացվի: Իսկ թե ինչքան գումար է հարկավոր յուրահատուկ սեղան պատրաստելու համարª "Պաշտպանված եւ իրազեկ սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը դժվարանում է պատասխանել` մարդ կա, սովորական տոլմայով կբավարարվի, իսկ հատուկենտներն էլ, հասկանալի է, առանց կոկորդիլոսի ոչ մի կերպ յոլա չեն գնա:
Բայց ինչպես ասում են` կարեւորը ոչ թե սեղանին դրվածն է, այլª տրամադրությունը: Էլ չասած, որ էս չեղած օրերին "մխիթարանք" է դարձել, թե ինչքան շատ ու տարատեսակ ուտեստներ լինեն սեղանին, այնքան կմեծանա թունավորումների վտանգը: Եվ ահա Ամանորին թունավորումներից եւ տհաճ երեւույթներից խուսափելու համար բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը տնային տնտեսուհիներին տալիս է արդեն ավանդական դարձած խորհուրդները. պասուց տոլման փաթաթել ոչ թե ոլոռով ու ձավարով, այլ ոլոռի փոխարեն օգտագործել բրինձ: Իսկ մսակերներին հորդորում է` մսեղենի գոնե մի մասը փոխարինել բանջարեղենով, որն ավելի դյուրամարս է ու ոչ պակաս օգտակար:
Գումար խնայելու եւ հետաքրքիր ու տոնական սեղան ունենալու համար ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանն էլ խորհուրդ է տալիս խոզի բուդն ու կոկորդիլոսները փոխարինել պտղաբեր ճյուղով` զարդարված մրգերով, քաղցրավենիքներով եւ չիր ու չամիչով. "Բոլորը կարծում են, թե այս դեպքում սեղանը աղքատիկ տեսք կունենա, սակայն ճիշտ զարդարելու դեպքում ավելի հետաքրքիր է, քան մսեղենով ու կոնյակներով զարդարված սեղանը: Առավել եւս, որ ավանդույթի համաձայն Ամանորը մեզ մոտ պահքի շրջան է, որի ընթացքում մարդիկ պետք է նաեւ լինեն բարի ու համբերատար, ներեն` մարդկանց մեղքերը եւ բարություն անեն:
Որպես ազգագրագետ` խորհուրդ կտամ, որ մարդիկ երբեք ուշադրություն չդարձնեն, թե այդ տարվա խորհրդանիշը ինչ կենդանի է, այլ պարեն, ուրախանան եւ բարձր տրամադրությամբ դիմավորեն Ամանորը",- եզրափակեց Հ. Բաղրամյանը:
Դե ուրեմն մնում է մտածել միայն տոնական նվերների մասին: Էլի փողի հարց է, ու նվերների համար շատերին թերեւս մնում է մեկ-երկու աղցան քիչ պատրաստել եւ խնայածով միմյանց համար թեկուզեւ փոքրիկ նվերներ պատրաստել: Առավել եւս, որ վերջին թանկացումներն անդրադարձած կլինեն նաեւ Ձմեռ պապի բյուջեի վրա, եւ բոլորն էլ կհասկանան նրան, եթե չստանան սպասված նվերները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

