Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԱՅԾԻ ՏԱՐՈՒՑ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԱՅԾԻ ՏԱՐՈՒՑ
2014 թվականը Հայաստանի համար թե՛ ձեռքբերումների եւ թե՛ կորուստների տարի էր: Կորուստներին եւ հատկապես վերջին թանկացումներին զուգահեռª եղան նաեւ մի շարք հաջողություններ, որոնք, ըստ փորձագետների, գալիք տարում ավելի տեսանելի կլինեն: Դրա երաշխավորներից մեկն էլ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունն է: Տաբեր ոլորտների ներկայացուցիչներից "Իրավունքը" փորձեց պարզել, թե 2015 թվականին Հայաստանում ինչ փոփոխություններ կարող են տեղի կունենալ:Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ փաստեց.
- Հայաստանի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ եւ մարտահրավերներ: Մյուս կողմից էլ` կան սպասելիքներ, որոնք վերաբերում են տարբեր ուղղությունների եւ գործողությունների: Այն խնդիրները, որոնք դրված են մեր երկրի առջեւ` լուծելու համար, բնականաբար, պետք է իրականացնենք մի շարք գործողություններ:
Առիթից օգտվելով` շնորհավորում եմ հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ ի սրտե ցանկանում հաջողություններ, առողջություն, ստեղծագործական մեծ վերելքներ եւ բարեկեցություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշեց.
- 2015 թվականին դրական առումով տնտեսական փոփոխություններ Հայաստանում անպայման կլինեն, մանավանդ, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւս կատարվում են ակտիվ աշխատանքներ` սփյուռքի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից: Այդ աշխատանքները հաջորդ տարի, կապված Ցեղասպանության 100-ամյակի հետ, էլ ավելի կակտիվանան: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, ապա առաջիկայում չեմ կարծում, որ կլինեն կտրուկ փոփոխություններ: Սակայն մի բան հստակ է. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կդառնա Արցախի անվտանգության հավելյալ եւ կարեւոր երաշխիքներից մեկը:
Աստղաբան ԷԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ կանխատեսեց.
- 2015 թվականը ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ երկրագնդին է խոստանում հաջողություններ` բիզնեսի ոլորտում: Կլինեն նաեւ միջազգային փոխանակումներ, ինժեներական միտքը եւ հոգեւորի զարգացումը կբացեն մեծ ճանապարհ դեպի ծաղկում: 2015 թվականին կլինեն մեծ առիթներ մարդկանց համբավի, առաջընթացի եւ զարգացման համար: Սակայն պայմանները հեշտ չեն լինելու, կպահանջվի ճշմարիտ արդարություն, հարկ է պահպանել եւ զարգացնել գործնական բոլոր ունակությունները:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե 2015 թվականից ինչ հիմնական ակնկալիք ունեն մեր քաղաքացիները:
1. ԵՏՄ-ին անդամակցելով` 2015 թվականին Հայաստանի տնտեսությունն առաջընթաց կապրի- 48%:
2. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` մի շարք երկրներ կճանաչեն այն- 26%:
3. Տեսնելով ներկայիս վիճակը, որեւէ լավ բան չենք սպասում- 14%:
4. Անձնական երջանկություն- 12%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

