2014 ԹՎԱԿԱՆՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ ՄԻԱՅՆ 1991Թ. ՀԵՏ
Արխիվ 12-162014 ԹՎԱԿԱՆՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ ՄԻԱՅՆ 1991Թ. ՀԵՏ
Թերեւս չափազանցություն չի լինել ասել, որ անցնող տարին ամենաբարդն էր հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում: Իհարկեª անցած 23 տարիներին քիչ բան չէ, որ տեսել ենք. պատերազմ, սով, ցուրտ ու խավար, տնտեսական, սոցիալական, բարոյական եւ բազում այլ արժեքների ոչնչացում, արտագաղթ... Բայց գլոբալ քաղաքական նշանակությամբ 2014-ը, թերեւս, նույն հարթության վրա պետք է դնել միայն 1991թ.-ի հետ. երկրորդըª ԽՍՀՄ-ի փլուզումն էր, եւ անցած տարի էլ ստեղծվեց հետխորհրդային տարածաշրջանի ամենահեռանկարային ինտեգրացիոն միավորըª Եվրասիական տնտեսական միությունը:
ԹԵԼԱԴՐՈՂԸ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ
"ՊԱՏԵՐԱԶՄՆ" Է
Եվ, իհարկե, այս տարի նկատված բոլոր գերսուր անկյունները պայմանավորված, կապված էին հենց այդª Եվրասիական միության ստեղծման գործընթացի, ավելի կոնկրետª այդ գործընթացով ծայրահեղորեն սրված ԱՄՆ-Ռուսաստան առճակատման հետ: Այսպիսովª ինչպես 2014թ.-ին, այնպես էլª 2015թ.-ին առանց չափազանցությանª աշխարհի կյանքը կենտրոնացած է լինելու հենց ռուս-ամերիկյան հակամարտության շուրջ: Ընդ որում, եթե աշխարհի մի շարք հատվածներում այն համեմատաբար թույլ էր արտահայտված, ապա կան նաեւ ուղղություններ, որտեղ ազդեցությունն անհամեմատ ավելի զգալի էր: Վերջապես, կան նաեւ կոնկրետ կիզակետեր, հենց որտեղ էլ հիմնականում տեսանելի է ընթանում է այդ բախումը, եւ դրանց թվում, անշուշտ, հիմնականը այս տարի Ուկրաինան էր, ինչպես որ նախանցած տարի` Սիրիան: Չնայածª այս տարի ողջ Մերձավոր Արեւելքը եւս այդ հակամարտության ազդեցության առանցքային գոտիներից մեկն էր, դրա ակտիվությունը տեսանելի է Թուրքիայում, Իրանում, հակամարտության մեջ այս տարի ակտիվորեն ներքաշվեց Եվրոպան ու հատկապեսª արեւելաեվրոպական երկրները:
Դրա էական էֆեկտները կարելի էր տեսնել Ռուսաստանի եւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի հարաբերություններում: Եվ, իհարկե, ռուս-ամերիկյան այդ հակամարտության հիմնական կիզակետերից մեկը հարավկովկասյան տարածարշջանն էր, ինչն առանձնապես տեսանելի էր Հայաստանումª կապված մեր երկրի Եվրասիա կամ դեպի ԵՄ քաղաքական շարժի հայտնի գործընթացների եւ, իհարկե, ամռանը երկրորդ Ուկրաինա դառնալու շեմին հասած ղարաբաղյան հակամարտության հետ:
Այս բոլոր զարգացումները բառացիորեն օրերս էր, որ հասան իրենց գագաթնակետին, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արդեն նաեւ պաշտոնապես վերջնականապես ֆիքսվեց, որ Հայաստանի համար դեպի Եվրասիական միություն կամ եվրաասոցացիա "կամ-կամ" ընտրությունը վերջացած փուլ էª եվրասիական "կամ"-ի օգտին: Դրանով էլª տարին կարելի է համարել ամփոփված, եւ արդեն առաջին պլանում է, թե այդ ամբողջականացված իրավիճակով 2015թ. մտնելովª ինչի ակնկալիքներ պետք է ունենալ:
Գալիք տարվա հետ կապված Հայաստանի ունեցած սպասելիքների առնչությամբ առաջինը, որ կցանկանայինք նշել, որ չնայած ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը, դեռ կան շրջանառվող խոսակցություններ, որ Եվրամիության հետ դեռ ամեն ինչ վերջացած չէ, այսինքնª Հայաստանին առաջարկվում է Եվրոպայի հետ մշակել նոր տիպի համագործակցության համաձայնագիր: Որպես այլընտրանքª այդ մասին, իհարկե, կարելի է մտածել: Սակայն այստեղ երկու գործոն պետք է հաշվի առնել: Առաջինը. Ռուսաստանը Արեւմուտքի հետ գտնվում է այն լուրջ "պատերազմի" մեջ, որ իր հետ նույն միության մեջ գտնվող Հայաստանի եւ Եվրոպայի այդ սեթեւեթանքները կարող է ընկալել ընդհանուր ռազմավարությունից շեղում: Ուստիեւ պատահական չէ, որ ԵՄ-ի հետ այդ նոր պայմանագրի թեմայի առնչությամբ ռուսական կողմից արդեն տեսանելի, մեղմ ասած, դժկամություն է նկատվում: Դա միգուցե լուծելի խնդիր է, եթե իհարկե Հայաստանը կարողանա եվրասիական գործընկերներին հիմնավորել, որ այս նոր եվրոպական քայլերը ոչ թե Եվրասիային դեմ են, այլ, միգուցե նույնիսկ կարողանա վերածվել Միության կազմում մեր երկրի գտնվելու տրամաբանությունը փոխլրացնող գործոնի: Օրինակ, որ փորձ արվի Հայաստան-Վրաստան հանգույցը վերածել ԵՏՄ-ԵՄ շփման հարթակի: Գործնականումª սա հնարավոր տարբերակ է:
Սակայն պետք է հաշվի առնել նաեւ երկրորդ գործոնը: Նկատի ունենք, որ առանց ուղղակի պայմանավորվածությունների էլ Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կարող է ԵՄ-ի հետ ունենալ ոչ միայն քաղաքական պայմանավորվածությունների, այլª միգուցե նաեւ ազատ առեւտրի ռեժիմ: Խոսքը հետեւյալի մասին է:
2015-ԻՑª ՆԱԽՆԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
"Հարավային հոսք" գազամուղի նախագծից ՌԴ-ն վերջերս հրաժարվելով եւ այն Թուրքիայով դեպի Հարավային Եվրոպա հասցնելու գաղափարն առաջ քաշելովª Վ. Պուտինը բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծեց Եվրոպա-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունում: Նկատենք, որ այս գաղափարն այն աստիճան է հետաքրքրել թուրքերին, որ վարչապետ Դավութօղլուն արդեն բացահայտ խոսում է, թե. "Թուրքիան պետք է դառնա այն վայրը, որով կանցնեն էներգառեսուրսների բոլոր տարանցիկ ուղիները": Մանրամասնենք. Թուրքիան ցանկանում է ոչ թե պարզապես դառնալ այդ ակնկալվող էներգետիկ հոսքերի տարանցողը, այլ այդ բոլոր ռեսուրսների գնորդն ու իր պայմաններով Եվրոպային վաճառողը: Ու եթե Ռուսաստանը մինչեւ վերջ գնա, ապա Դավութօղլուի շուրթերով ներկայացված թուրքական այդ մեծ երազանքը կարող է ընդամենը մեկ-երկու տարուց իրականություն դառնալ:
Բայց միայն այն միտքը, որ կարող է նման էներգետիկ կախման մեջ հայտնվել Թուրքիայից, Եվրոպայի համար իսկական մղձավանջ է: Ընդ որումª անցած շաբաթներին եվրոպական առաջատար Գերմանիան հստակ գիտակցեց, որ Անկարան ոչ մի պարագայում այդ էներգետիկ մահակի երազանքից չի հրաժարվի: Մնում է մեկ ելքª Ռուսաստանին համոզելª ետ կանգնել թուրքերին տարեկան 60-70 միլիարդ խմ գազ տալու գաղափարից: Եվ այս իրավիճակում արդեն ամենեւին էլ պատահական չէր, որ Եվրոպան ամեն կերպ հրաժարվում է միանալ հակառուսական նոր պատժամիջոցներին: Կանցլեր Մերկելն անգամ սկսեց խոսել ԵՏՄ-ի հետ ամենասերտ հարաբերությունների անհրաժեշտություններից, ինչին, իհարկե, նպաստեց այն փաստը, որ պատժամիջոցների արդյունքում էականորեն կրճատվել է ՌԴ-Գերմանիա առեւտուրը, եւ փոխարենը, ՌԴ-ԱՄՆ առեւտրում արձանագրվել է իսկական թռիչք, ինչը, իհարկե, Բեռլինին ավելորդ անգամ հիմնավորում է, թե իրականում ուր են հարվածում այդ պատժամիջոցները: Սակայն ԵՏՄ-ի հետ գլոբալ համագործակցության համար Բեռլինն ակնհայտորեն "դեմքը փրկելու", այսինքնª ուկրաինական խնդրին գոնե ինչ-որ կոսմետիկ լուծում տալու խնդիր ունի:
Որ այս իրավիճակը պետք է տաներ ուկրաինական թեմայի շուրջ Մինսկի բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման, սպասելի էր, եւ այս օրերին հենց դա էլ ընթանում է: Իհարկեª սպասելի էր, որ ԱՄՆ-ը միանգամից կփորձի ազդել այդ գործընթացի վրա: Սպասելի էր, որ դրան զուգահեռ Կիեւը կհայտնվի հավելյալ ճնշումների տակ: Օրինակª այս օրերին "պատահաբար" սկսեցին մեկը մյուսի ետեւից ի հայտ գալ կոնկրետ վկաներ, ովքեր պատմում են, թե Դոնբասում ամռանը մալազիական Բոյինգի կործանման օրը ինչպես է Դնեպրոպետրովսկից օդ բարձրացել "օդ-օդ" դասի հրթիռներ կրող ուկրաինական ՍՈՒ-25 ինքնաթիռը, ինչպես է վերադարձել առանց հրթիռների, ով էր օդաչուն եւ այլն: Թե այդ փաստերը Բոյինգի կործանման այդ համաշխարհային սկանդալի հիմքում դնելն ինչ հարված կդառնա Կիեւի համար, դժվար չէ կռահել: Դրա հետ մեկտեղª օրերս ռուսները եւս մեկ անգամ հիշեցրին, որ Ուկրաինան, ինչպես որ պայմանավորվել էին, այդպես էլ չի վճարել գազի դիմաց, որի պատճառով հունվարի 1-ից կարող է նորից գազամատակարարումը դադարեցվել:
Այսպիսովª թերեւս գալիք տարվա հենց առաջին օրերից կենսական կդառնա այն հարցադրումը, թե Կիեւն ո՞ւմ, ԱՄՆ-ի՞, թե Եվրոպայի խաղը կխաղա կամ այդ եվրոպական խաղ ասվածի տակ իրականում պե՞տք է հասկանալ գերմանա-ռուսական միասնական գործընթաց: Բայց նաեւ ակնհայտ է, որ գալիք տարի ռուս-ամերիկյան "պատերազմների" հետ կապված շատ հարցադրումներ, անշուշտ, կապված են հենց այս պատասխանների հետ: Առավելեւս, որ կան նաեւ սցենարներ, որ ՌԴ-Եվրոպա հարաբերությունները կարող են նաեւ զարգանալ ոչ թե համագործակցության, այլª ծայրահեղ սրացման եւ, միգուցե, պատերազմի տեսքով հանգուցալուծման ճանապարհով: Եվ այդ բոլոր տարբերակներում էլ, չմոռանանք, որ Հայաստանը ներգրավվելու է ԵՏՄ-ի անդամի կարգավիճակից ելնելով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

