ՀԱՎԱՏԱՆՔ ՈՉ ԹԵ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ԱՅԼ ՏՄՊՊՀ-Ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՞Ն
Արխիվ 12-16ՀԱՎԱՏԱՆՔ ՈՉ ԹԵ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ,
ԱՅԼ ՏՄՊՊՀ-Ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՞Ն
Թեպետ սարսափելին արդեն անցյալում է, ու ֆինանսատնտեսական ճգնաժամը մարդիկ արհամարհելով` փորձում են պատրաստվել Ամանորին, սակայն բարձրացված գները բոլորովին էլ չբերվեցին նախկին տեսքի, այլ, ուղղակի, որոշ ապրանքների գնաճը իբրեւ թե աննկատ դարձրեցին: Ի վերջո, թե այս ուղղությամբ ի՞նչ է պարզել ՏՄՊՊ հանձնաժողովն, ու ինչպիսի՞ համապատասխան քայլեր են արվում, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո փորձեցինք պարզել ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ: Բայց, ավաղ, կարծես թե, այդ ուսումնասիրությունները երբեք էլ չեն ավարտվի.
-Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում մի քանի ոլորտներում: Դրանք այն ոլորտներն են, որտեղ խոշոր ընկերություններն են գործունեություն իրականացնում: Դա վերաբերում է շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքի, ձվի արտադրությանը, բենզինին եւ էլի մի քանի ոլորտներին: Գնագոյացման հաշվարկներ կատարելու նպատակով` մեր հանձնաժողովը տնտեսվարողներից մանրամասն տեղեկատվություն է պահանջել, եւ այս պահի ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Այնուհանդերձ, նախնական ուսումնասիրության արդյունքներով հետեւյալը կարող եմ ներկայացնել. դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն է թողել գների մակարդակի վրա: Եվ փոխարժեքի կայունացումից հետո, գները մեծ չափով իջել են, եւ որպեսզի դուք ինքներդ էլ համոզվեք, մեր մամլո քարտուղարը կարող է ձեզ ներկայացնել մեր մոնիթորինգի արդյունքները: Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ մեր հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Երեւան քաղաքի խոշոր սուպերմարկետներում: Իսկ մնացած ապրանքային շուկաների մասով` լինի ընկույզը, մսամթերքը, խնձորը եւ այլն, այսինքն` այն բոլոր ապրանքային շուկաները, որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ են գործունեություն իրականացնում, մեր հանձնաժողովը գների վերահսկման գործառույթ չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

