«ՇԱՏ ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄԵԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԱՃԵՐ»
Արխիվ 12-16«ՇԱՏ ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՅՔԱՐԸ ՄԵԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԱՃԵՐ»
ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ ամփոփեց 2014 թվականի կատարած աշխատանքները եւ լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն բոլոր միջոցառումների վրա, որոնք տեղի կունենան 2015-ին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հաշվետվությունից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ տիկին նախարարի հետ զրուցել նաեւ գալիք Ամանորի մասին: Ի դեպ, Հ. Հակոբյանը Ամանորը, ինչպես միշտ, կդիմավորի իր մեծ գերդաստանի հետ` մայրիկի գլխավորությամբ: Ավելին` խոստանում է այս տարի նույնպես պատրաստել Քյավառի ավանդական քյուֆտան: Սակայն ուշագրավ է այն, որ տիկին նախարարը անկեղծ պատասխանում է, որ անգամ մեկ բաժակ չի խմում ու դրանով իսկ խայտառակում է քյավառցիների անունը, այդ պատճառով էլ, «Իրավունքի» ընթերցողներին ու համայն հայությանն ուղղված ոչ թե կենաց, այլ բարեմաղթանք ասաց.
-Կարծում եմ` ամենասպասված, ամենացանկալի, ամենակարեւոր մաղթանքն այն է, որ 2015-ին մեր ժողովուրդը խաղաղ ապրի` լինի Հայաստանում, Արցախում, թե` Սփյուռքում: Իսկ որպեսզի խաղաղ ապրի, նշանակում է, որ պետք է երկիր մոլորակը խաղաղ լինի: Չէ՞ որ աշխարհի բոլոր ծայրերում հայեր են ապրում, եթե որեւէ տեղ մի բան այն չէ, նշանակում է հայն անպայման կարող է տուժել: Ուզում եմ, որ իմ հայրենակիցները, որ ծայրում էլ որ լինեն` Հայաստանում, թե` դրսում, կարողանան իրենց ձգտումները, ցանկությունները իրականություն դարձնեն: 2015-ը խորհրդանշական է այն առումով, որ ամբողջ ազգի ուշադրության կենտրոնում Ցեղասպանությանը նվիրված ձեռնարկներն են, միջոցառումներն են, քաղաքական պայքարն է: Եվ ես շատ կուզենայի, որ այս քաղաքական պայքարը շատ մեծ տարածքներ նվաճեր: Շատ կուզենայի, որ շատուշատ երկրներ հասկանային, որ արդարության վերականգնումը, պատմական արդարությունը, ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի ցանկությունների կատարմանը, այլ, որպեսզի աշխարհի որեւէ տեղ, որեւէ երկրում այլեւս չկրկնվի ցեղասպանություն կոչվող հրեշագործությունը: Կուզենայի, որ 2015-ին մեր երեխաներն իրոք երջանիկ մանկություն ունենան, կուզենայի, որ մեր երիտասարդները` պատանիներն ու աղջիկները, շատ կիրթ ու գրագետ դառնան, շատ բան սովորեն: Կուզենայի, որ իմ քույրերն ու եղբայրները աշխատանքում երբեք դժվարություններ չունենան, աշխատանքն իրենց սրտով լինի եւ նվիրված աշխատեն, վաստակեն: Իսկ իմ տատիկներին ու պապիկներին կուզենայի մաղթել, որ հանգիստ, խաղաղ իրենց տարեց կյանքն անցկացնեն` իրենց թոռնիկների, ծոռնիկների, հարազատների ջերմ հոգատարության շրջանակներում, որովհետեւ մենք հաճախ մոռանում ենք` կգա մի օր, որ նրանք այլեւս չեն լինի...Դրա համար պետք է միշտ նրանց փայփայել, սիրել, տեր կանգնել, խնամել, որովհետեւ նրանք մեր ՄԵԾԵՐՆ են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

