ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արխիվ 12-16ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
"Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ի պատասխան այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ խորհրդարանում "եռյակը"` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը" բոյկոտում էին արտահերթ նիստը, իսկ "Ժառանգության" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մասնակցում էր նիստին, ասաց, որ տիկին Փոստանջյանն օգտվում է արտոնյալ ազատությունների շրջանակից: "Իրավունքն" էլ հետաքրքրվեց` այդ արտոնյալ կարգավիճակը Զարուհի Փոստանջյանին "Ժառանգություն" կուսակցության ղեկավա՞րն է ընձեռել: "Ոչ, ինքն իրեն է տվել այդ արտոնությունը: Նա բնավորությամբ այդպիսին է: Դատապարտելի ոչինչ չեմ տեսնում",- ասաց կուսակցության փոխնախագահը:
Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի կեցվածքն ու քայլերը` կարծիք կա, թե նա ֆորմալ առումով է միայն "Ժառանգություն" խմբակցության պատգամավորը: Արմեն Մարտիրոսյանն այս դիտարկմանը պատասխանելով` ասաց, որ դժվարանում է ասել, թե նման գնահատականներ տալու ինչպիսի մեծածավալ հիմքեր կան, բայց Զարուհի Փոստանջյանն անկախ մտածողություն ունի:
Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդեգրած մարտավարական քայլերի նմանությանն ու, կարծես թե, միմյանց հետ թեւ ու թիկունք լինելուն, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ Զարուհի Փոստանջյանը, վերջին հաշվով, "Ժառանգություն" կուսակցության քաղաքական գիծն է տանում ԱԺ-ում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

