ՄԵԿ Է` ՀՀ ԿԲ-ԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է
Արխիվ 12-16ՀԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է
Շաբաթվա սկզբից փորձում էինք ՀՀ Կենտրոնական բանկից ¥ԿԲ¤ ստանալ երկու պարզագույն հարցի պատասխան` ինչո՞ւ դոլարի փոխարժեքը հաշված օրերի ընթացքում նման բարձունքների հասավ եւ, որ ավելի "տարօրինակ" էր, ինչու այն մեկ օրում գահավիժեց: Եվ ահա երեկ ստացանք հույժ "իմաստուն" այս տեսակետը.-Ինչո՞վ էր պայմանավորված դոլարի կտրուկ բարձրացումը, եւ ի՞նչ գործիքներ կիրառվեցին այն կայունացնելու համար:
- ԱՄՆ դոլարի կտրուկ բարձրացումը պայմանավորված էր համաշխարհային, տարածաշրջանային եւ ներքին զարգացումներով (տես ԿԲ հայտարարությունները` https://www.cba.am/AM/pmessagesannouncements/CBA%20announcement%2024.11.2014.pdf, https://www.cba.am/AM/pmessagesannouncements/CBA%20announcement%2002.12.2014.pdf, https://www.cba.am/AM/pmessagesannouncements/CBA%20announcement%2008.12.2014.pdf, https://www.cba.am/AM/pmessagesannouncements/JS%2017.12.2014.pdf): Կենտրոնական բանկը կիրառեց այն բոլոր գործիքները, որոնք բխում էին ստեղծված իրավիճակից. դրանք էին` իրացվելիության եւ տոկոսադրույքների կառավարում, տնտեսական նորմատիվների փոփոխություն, հասարակության հետ հաղորդակցում, խստացված արժութային եւ բանկային վերահսկողություն:
- Եթե հնարավոր էր` ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ԱՄՆ դոլարը 600 դրամից հասցնել 450-ի, ինչո՞ւ մինչ այդ քայլեր չէին ձեռնարկվում այդ ուղղությամբ:
- ԿԲ-ի գործողությունները մեկ օրում չեն կատարվել. դրանք ավելի վաղ էին սկսվել` ԿԲ-ն հայտարարել էր դոլարի սակարկությունների մասին, որի հիմնական նպատակն այն էր, որ գնալով նվազող ծավալով դոլարի աճուրդների միջոցով շուկայում բացահայտվեր վերջինիս իրական գինը: Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ ԿԲ-ն բարձրացրել էր լոմբարդային տոկոսադրույքը` նպատակ ունենալով փոքրացնել դրամի իրացվելությունը ու մեղմել ճնշումները: Այնուհետեւ բարձրացվել էր պարտադիր պահուստավորման նորմատիվը: Բացի այդ, շուկայի մասնակիցների հետ տարբեր խորհրդակցություններ են իրականացվել ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ: Որոշակի պահից սկսած շուկայում իրականացված գործողությունների արդյունքում ձեւավորվել է արտարժույթի լրացուցիչ առաջարկ եւ դրամի լրացուցիչ պահանջարկ, որն էլ բերել է դրամի փոխարժեքի արժեւորմանը:
Պատկերացրեք, այս պատասխանի համար ԿԲ-ում ¥համենայնդեպս` ինչպես որ մեզ էին ամեն օր ասում¤ մի քանի օր մտածում էին: Բայց մեկ է, այդպես էլ չկա մեր հարցի պատասխանը: Թե ինչո՞ւ, կարելի է հասկանալ: Սակայն մեկ հետաքրքիր նյուանս, այնուամենայնիվ, այս պատասխանում կա: Ստացվում է, որ ԿԲ-ն իր դոլարի նվազեցման ուղղությամբ հիմնական քայլերը սկսել է "որոշակի պահից": Բայց ինչո՞ւ այդ "որոշակի պահը" մեկ-երկու օր ավելի շուտ չեկավ, ինչը հնարավորություն կտար, որ դոլարի փոխարժեքը նախ չանցներ 650 դրամից էլ այն կողմ, խանութներում` գները կմնային համեմատաբար համեստ մակարդակի եւ, վերջապես, այդ երկու օրում ՀՀ քաղաքացիները չէին հասնի նյարդային լարվածության գագաթնակետին: Կա մեկ հարց եւս. եթե դրա նախօրեին, այսինքն` դոկտեմբերի 17-ի ԱԺ նիստում ԿԲ նախագահը ստիպված չլիներ պատասխանել մի շարք կնճռոտ հարցերի, ապա` չունենար որոշ "տնաճ" խոսակցություններ, այդ "որոշակի պահը" կգա՞ր դեկտեմբերի 18-ին: Անկեղծ ասած` կասկածում ենք: Չնայած` կարծում ենք նաեւ, որ այս փոխարժեքային պատմություններին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք, հաշվի առնելով մի շարք իրականում լուրջ մասնագետների գնահատականները, որ այս պահին էլ դոլարը նկատելիորեն ավելի թանկ է, քան պետք է իրականում լիներ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

