2015. ԻՆՉՊԵՍ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Արխիվ 12-162015. ԻՆՉՊԵՍ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Հունվարին ՀՀ ամբողջ ներքաղաքական դաշտը աշխատելու է նոր իրողության պայմաններում, նոր քաղաքակրթական միջավայրում: Դա վերաբերում է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Ընդունվելիք քաղաքական որոշումները մի կողմից այլեւս չեն լինի արեւմտյան ու, մասնավորապես, ամերիկյան պահանջների ու չափանիշների ճնշման ներքո, մյուս կողմից` այս կամ այն ձեւով պետք է համահունչ լինեն ԵՏՄ ընդհանուր տրամաբանությանը:
Ի դեպ, 2014-ի կառավարության վերջին նիստում ընդունվեց մի ուշագրավ որոշում` որ արգելվելու է որոշ ապրանքների (օրինակ` գրենլանդական փոկերի կաշվի), ինչպես նաեւ տպագիր, ձայնային եւ այլ կրիչների վրա ԵՏՄ տարածքում օրենքից դուրս հայտարարված տեղեկատվության ներմուծումը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Որոշ շրջանակներ միանգամից սկսեցին անհանգստանալ` թե օրենքից դուրս գտնվող տեղեկատվությունը տարբեր կրիչների վրա դա ո՞րն է: Պարզ է, որ առաջին հերթին դա վերաբերելու է պոռնոգրական նյութերին, որոնք օրենքից դուրս են ոչ միայն ԵՏՄ-ում, այլեւ ամբողջ աշխարհում: Ենթադրելի է, որ մաքսակետերում առգրավվելու է նաեւ ծայրահեղական ուղղվածության քարոզչական արտադրանքը: Ու թերեւս, վերջապես օրինական հնարավորություն կգոյանա, որպեսզի սահմանում առգրավվի եւ ոչնչացվի Եհովայի վկաների եւ այլ քայքայիչ աղանդների գունագեղ քարոզչական գրականությունը: Բնականաբար, պետության կողմից այս կամ այն ոլորտը արտաքին վտանգավոր ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ օրենքների ընդունմանը զուգահեռ` կընդարձակվի եւ արգելված նյութերի ցանկը: Ու, անշուշտ, եթե ինչ-որ բան արգելվում է ներմուծել նյութական կրիչներով, ապա գոնե դրա մի մասը տրամաբանական կլինի նաեւ արգելափակել ՀՀ ինտերնետ տարածքում:
Եվ քանի որ ինչպես մենք, այնպես էլ ամբողջ ԵՏՄ-ն գտնվում են տեղեկատվական-հոգեբանական պատերազմի ռեալ պայմաններում, այդ ոլորտում փոփոխություններ կլինեն: Այսպես հաստատ առավել կխստացվի պետական ծառայողների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների` էլեկտրոնային ու, մասնավորապես, համացանցային հաղորդակցության միջոցներից օգտվելու կարգը: Ինչ վերաբերում է տեղեկատվական կայքերին եւ սոցիալական ցանցերին, ապա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունը հուշում է, որ անցկացվելու է մոնիթորինգ: Եվ պարզ է, որ մոնիթորինգը թույլ կտա գտնել ոչ միայն ակնհայտ ապօրինի կոչերով հանդես եկողներին, այլեւ հայտնաբերել նրանց, ովքեր արտաքին ուժերի հանձնարարությամբ են գործում կամ, կոպիտ ասած, գործակալներ են:
ԻՆՉ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
"Եռյակի" վերածված "քառյակը" 2014-ի ընթացքում ցույց տվեց իր անարդյունավետությունը: Դա գալիս է ոչ միայն նրանից, որ այդտեղ հավաքվել են գաղափարապես անհամատեղելի ուժեր, այլեւ այն հանգամանքից, որ հանրությանը որեւէ ռեալ այլընտրանք չեն ներկայացրել, եւ ամեն ինչ հանգում է "սրանց գցենք, մենք նստենք" պարզունակ բանաձեւի: Ու ինչքան էլ դա գեղեցիկ ճառերով փաթեթավորվի, հանրությունը լավ էլ զգացել է եւ զգում է դրա բուն էությունը, ինչը, մեղմ ասած, ցանկություն չի արթնացնում սատարել այդպիսի ընդդիմությանը: Եթե կենցաղային համեմատություն անենք, ապա ստացվում է, որ ընդդիմադիրների պատկերացմամբ` մեր պետությունը չի տարբերվում երթուղային "Գազելից"` ոմանք պետք է իջնեն, մյուսները նստեն: Բայց իրականում այդ պարզունակ եւ ծայրահեղ էգոցենտրիկ մոտեցումը հանրային պահանջարկը բավարարել չի կարող:
Դրան գումարվում է նաեւ այն, որ խորհրդարանական ընդդիմությունը "ճողված" վիճակում է: Մի կողմից` իշխանափոխության կարգախոսներն են, մյուս կողմից` պահանջներ, որոնց մի մասը իշխանության միջին կամ ստորին օղակների մակարդակի լուծվելիք բան է: Իզուր չէր, որ "քառյակի" 12 կետերը արեւմտամետները որակել էին "ժեկի պետի մակարդակի պահանջներ": Համ էլ, ընդդիմադիր ձեւաչափի խոշորագույն միավորի` ԲՀԿ-ի պահվածքն է պայմանավորում "ճողվածքային" շատ երեւույթներ:
ԲՀԿ-ն այդպես էլ շարունակում է իրեն համարել "այլընտրանքային"` ընդդիմադիր միավորման մեջ լինելով հանդերձ: Սեփական քաղաքական կարգավիճակի անորոշությունը թույլ չի տալիս արդյունավետ գործել: Ճիշտ է, "այլընտրանք" լինելը մի տեսակ քաղաքական "շուստրիություն" է, որը թույլ է տալիս ըստ նպատակահարմարության թեքվել կամ դեպի ընդդիմություն, կամ դեպի իշխանություն, բայց դա արդեն քաղաքական վարքագիծ չէ, այլ մաքուր անսկզբունքայնություն եւ կարիերիզմ: Ու բնական է, որ այդպիսի միջավայրում ԲՀԿ-ն անընդհատ կցորդային վիճակների է մատնում գործընկերներին: Առաջինը հեռացան դաշնակները: Հիմա, երբ ԲՀԿ առաջնորդը հունվարի 20-ին նշանակել է մեծ խորհրդաժողով եւ կանչել բոլորին, ՀԱԿ-ն արդեն կասկածներ է հայտնում որ ընդհանրապես այդ խորհրդաժողովին կմասնակցի: Դե, Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն տարիներով է, որ ի ցույց է հանում քաղաքական ինքնասիրության իսպառ բացակայությունը, այնպես որ, բացառված չէ, որ նվաստացուցիչ ձեւով ներկայանա խորհրդաժողովին: ԲՀԿ-ի կցորդի կարգավիճակի ճանապարհն է բռնել եւ ՕԵԿ-ը, որի առաջնորդին Ռոբերտ Քոչարյանը անվանել էր դավաճան, Լեւոն Տեր-Պետրոսյանը` ԱԽՔ, իսկ ՀՀԿ-ն էլ առայժմ քչից-շատից մեղմ տերմիններով մատնանշում է անհետեւողականությունը:
Կկողմնորոշվի՞ արդյոք ԲՀԿ-ն, հստակ կորոշի՞ իր անելիքները, թե այդպես էլ կմնա որոշակի խմբակային շահերի ու մասամբ էլ Ռոբերտ Քոչարյանի նպատակների սպասարկողի վիճակում: Դա կերեւա այդ խորհրդաժողովից հետո: Եղած կուսակցություններից քչից-շատից հստակություն դրսեւորում է ՀՅԴ-ն, որին արդեն հասցրել են պիտակել "Բաղրամյան 26-ի հաճախորդ": Բայց մի բան պարզ է, որ ընդդիմությունը` որպես ինստիտուտ, պետք է փոփոխվի: Բուն ընդդիմադիր դաշտից դրա մասին հստակ արտահայտվող էլ կա` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով այդ մտքերը հայտնել է փարիզյան "Նոր Յառաջ" թերթին տված ընդարձակ հարցազրույցում: Սակայն Նիկոլի առաջարկած լուծումներն էլ փակուղային են, քանզի նրա առաջարկած նոր ընդդիմությունը արմատական իշխանափոխության կողմնակից է եւ արմատական արեւմտամետ: Այդպիսի ուղին արդեն եվրասիական իրականության պայմաններում անխուսափելիորեն կտանի դեպի անլեգալ դաշտ, եւ, ի դեպ, այդ դաշտի ուղղությամբ է շարժվում նաեւ "Նախախորհրդարանը", որ հռչակել է "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը: Իսկ լուսանցքից եւ անլեգալ, հակաօրինական գործունեության դաշտից խուսափելու համար ռեալ անհրաժեշտություն է ստեղծել նոր ընդդիմություն` կառուցողականության, իրատեսության եւ հայրենասիրության հենքի վրա, ու դա կարող է ստացվել միայն չվարկաբեկված, հանրության զահլան չտարած գործիչների առաջնորդությամբ:
Կտեսնե՞նք մենք 2015-ին այդպիսի ընդդիմության ծնունդը, թե՞ արդեն իսկ տրորված ճանապարհով ականատես կլինենք հերթական "գարնանային սրացումներին": Դա այս պահին միանշանակ ասել դժվար է, ու դա նաեւ էապես կախված է աշխարհաքաղաքական-քաղաքակրթական դիմակայության մակարդակից` կսրվի՞ այդ դիմակայությունը, թե՞ կմտնի համեմատական փոխզիջումային փուլ: Եվ քանի որ 2015-ը Այծի տարի է, ապա անխուսափելիորեն կլինեն գործիչներ եւ ուժեր, որ հանդես կգան քավության նոխազի աննախանձելի վիճակում: Ընդ որում, քավության նոխազներ պետք են գալու ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

