ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ, ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ` ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ, ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ` ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ այն արտիստներից է, ով սիրում է Ամանորը դիմավորել ընտանիքի հետ, ու ամեն ինչ անել, որ երկու դուստրերն ուրախ, երջանիկ միջավայրում անցկացնեն Նոր տարին: Այս եւ ամանորյա այլ թեմաների մասին «Իրավունքը» զրուցեց երգչի հետ:
- Ի՞նչ տվեց 2014-ը` Ձիու տարին, եւ ի՞նչ ակնկալիք ունեք արդեն եկող` Խոյի տարվանից:
- Բավականին հաջող տարի էր` տարբեր երկրներում մենահամերգներ ու հանդիպումներ` հայկական գաղթօջախներում ապրող հայերի հետ: 2015թ.-ին նույնպես նախատեսված են համերգներ, որոնց ժամանակ կրկին առիթ կունենամ շփվելու մեր հայրենակիցների հետ:
- Սովորաբար ինչպե՞ս եւ որտե՞ղ եք դիմավորում եւ անցկացնում Ամանորը, եւ այս տարի ինչպե՞ս եք որոշել այն նշել:
- Ամանորը համախմբում է ընտանիքի բոլոր անդամներին: Սկզբում դիմավորում ենք տանը, հետո աշխատանքի բերումով` որեւէ ժամանցի վայրում: Այս տարի էլ` դեկտեմբերի 31-ին Երեւանում եմ լինելու, հունվարի 1-ին` արտերկրում:
- Այս տարի ի՞նչ եք սպասում Ձմեռ պապիկից կամ ավելի ճիշտ` Ձյունանուշից:
- Յուրաքանչյուր մարդ ապրում է իր առօրյայով, իսկ սպասելիքներն իրականանում են, եթե աշխատում ես դրանք ինքնուրույն իրականացնել:
- Երբեւէ Ձմեռ պապիկի դեր ստանձնե՞լ եք Ձեր բալիկների համար, եւ որեւէ զավեշտալի դեպք կպատմե՞ք Նոր տարվա եւ նրանց հերոսների` Ձյունանուշի ու Ձմեռ պապի հետ կապված:
- Որեւէ զվարճալի դեպք հիմա չեմ կարող հիշել, բայց ծնողներս միշտ արել են ամեն ինչ, որ ես ու եղբայրս Ամանորին հիշարժան տոն ունենանք: Հիմա ես հնարավոր ամեն բան անում եմ, որ դուստրերս ուրախ, երջանիկ միջավայրում անցկացնեն Նոր տարին:
- Ունե՞ք Ձմեռ պապիկից ստացած նվեր, որը մինչեւ այսօր հիշում եք, Ձեզ համար կարեւոր է ու թանկ հիշողություններ է թողել:
- Մանկությանս հետ կապված` հաճելի հիշողություններ շատ ունեմ, նաեւ նվերներ, որոնք ժամանակին տեղ էին զբաղեցնում իրերիս մեջ:
- Ձեր բարեմաղթանքը եւ շնորհավորանքը մեր ընթերցողներին:
- Մաղթում եմ, որ 2015թ. լինի խաղաղության տարի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

