ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. ««ԴՀՈԼ» ԲԱՌԻՑ ՊԵՏՔ ՉԷ ԿԱԽՎԵԼ»
Արխիվ 12-16ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. ««ԴՀՈԼ» ԲԱՌԻՑ ՊԵՏՔ ՉԷ ԿԱԽՎԵԼ»
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից «Իրավունքը» հետաքրքրվեց, եթե հանկարծ ԲՀԿ-ը գա իշխանության, ինչ կարող են ակնկալել քաղաքական այդ ուժից բոլոր այն քաղաքացիները, որոնք կարտահայտեն ԲՀԿ-ի դիրքորոշումից հակադիր, երբեմն նաեւ սուր գնահատականներ պարունակող կարծիքներ, եթե ԲՀԿ պատգամավորը, դեռ իշխանության չեկած, անձնական վիրավորանք է հասցնում իր գործընկերոջը` ընդամենը տեսակետ հայտնելու համար:
Հիշեցնենք` ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին «Դհոլ» էր անվանել «երկրում մեկ անձով փոփոխություններ անելը բոլշեւիկյան կլասիկայի դրսեւորում» արտահայտության համար:
Ի պատասխան` Վահան Բաբայանն ասաց, որ ԲՀԿ-ը երբեք չի քննադատել կամ խուսափել այն մարդկանցից, ովքեր «իրենց քննադատում են այն տեղերում, որտեղ այդ քննադատությունը կարող է հնչել»: «Չեմ ուզում այլ գնահատականներ տալ, բայց սա քաղաքականություն է, մի ոլորտ, որտեղ հազարավոր մարդիկ քննադատում են, վերլուծություններ են անում: Ու դա իրենց իրավունքն է: Իսկ երբ մարդիկ դհոլանում են, եւ իրենց որպես դհոլ են պահում, ԲՀԿ-ը որեւէ մեկից կաշկանդված չէ գնահատականներ տալ: Տվյալ դեպքում դաշնակցական Արծվիկ Մինասյանի մասին ամեն ինչ ասել եմ: Մնացած ցածրորակ մեկնաբանությունները, որոնք հնչել են իմ հասցեին, լուրջ չեմ վերաբերվում»,- ասաց Բաբայանը:
Ըստ ԲՀԿ պատգամավորի`ցածրորակ գնահատականներ են տալիս այն մարդկանց մասին, որոնք օրուգիշեր աշխատում են երկրում փոփոխություններ անելու համար, իսկ ցածրորակ գնահատականներ տվողները պաշտոնի ու ինչ-որ բաների համար ցեխ են շպրտել ԲՀԿ-ի, ու ԲՀԿ առաջնորդի հասցեին: «Ես որպես պատգամավոր ազատ եմ կարծիք ու գնահատականներ հնչեցնել այն մարդկանց, ովքեր արժանի են այդ գնահատականներին»,- ասաց երիտասարդ քաղաքական գործիչը:
Իսկ արդյոք վայել է պատգամավորին իր գործընկերոջ հասցեին հնչեցնել անձական վիրավորանք միայն դիրքորոշում հայտնելու համար: «Ես պատգամավոր եմ, իրավուևնք ունեմ հայտնելու իմ տեսակետն այն երեւույթների ու առարկաների, իրերի մասին, որոնք դհոլական ելույթներ են ունենում»,- պատասխանեց պրն Բաբայանը:
Ո՞ր օրվանից է ԲՀԿ պատգամավորի համար քաղաքական դիրքորոշում հայտնելը համարվում դհոլություն: Հարցը ԲՀԿ պատգամավորը, չգիտես ինչու, համարեց անիմաստ.«Երբ մարդիկ անհարիր ցեխ են շպրտում մեր կուսակցության վրա, մեր թիմի հանդեպ նման աբիժնիկությամբ են լցված, մենք այլ լեքսիկոն չենք կիրառում, քանի որ ժողովուրդն արդեն հոգնել է իրականացվող խաղերից ու կլոունադաներից: Երբ անհիմն հայտարարություններ են անում` մոռանալով իրենց անցյալը, իրենց էությունը , մի պաշտոնի համար փորձում են հաճոյանալ իշխանություններին, արդի քաղաքական լեկսիկոնում այն համարվում է դհոլություն»:
Հստակեցրինք` «բոլշեւիկյան կլասիկայի դրսեւորում» արտահայտությունը Վահան Բաբայանն անձնական վիրավորա՞նք է համարում: Ի պատասխան պատգամավորն ասաց. «Ես կարող եմ քաղաքագիտական եւ պատմական-վերլուծական բազմաթիվ մտքեր հայտնել, որոնք կարող են ավելի կոշտ ու կոպիտ վիրավորանք դիտվի տվյալ մարդու համար: Զերծ մնալով պատմական էքսկուրս կատարել`սկսած 1918-1920 թթ-ին դաշնակության հետ կապված ու վերջացրած վերջին տարիների դեգերումներով` ուղղակի չեմ ուզում ավելի սրել իրավիճակը, քանի որ տվյալ մարդն արժանի չէ իմ կողմից նման մեկնաբանությունների: Ես չեմ փոշմանում իմ ասածների համար: Ես կրկնում եմ` դհոլներին պետք է անվանել իրենց անուններով: Աժ-ում, եթե նման մարդիկ պետք է դնեն խելացի մարդկանց տեղ ու ցեխ շպրտեն այն մարդկանց վրա, որոնք համախմբում են 100.000-ավորների, դա իրենց խնդրրն է»:
Քաղաքացիներն ի՞նչ օրինակ պետք է վերցնեն անձնական վիրավորանք հասցնող պատգամավորներից: Հարցը մեր զրուցակիցը տեղին չհամարեց`ասելով, որ շատ հետաքրքիր օրինակներ կան ԱԺ-ում, որոնց մասին մեր թերթը կարող է գրել: ««Դհոլ» բառից պետք չէ կախվել, բառախաղով պետք չէ տառապել: Որեւէ այլ տիպի արտահայտություն իմ կողմից չի հնչել`բացի «դհոլ» բառից: Դհոլներին այսուհետ կոչելու ենք դհոլներ: Դհոլությունն արդի քաղաքական հայտարարություն է, որով տառապում են շատ քաղաքական գործիչներ»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

