ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅԵՐԸ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅԵՐԸ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի եւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ, նախարարությունների, մարզպետարանների, ՏԻՄ ղեկավար կազմի, «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ,
հասարակական, հայրենակցական կազմակերպությունների ղեկավարներ:
Ամփոփելով 2014թ. ծրագրերի իրականացման արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ դրանց իրականացման բարեհաջող ընթացքին եւ գոհացուցիչ արդյունքներին մեծապես նպաստել է պատկան գերատեսչությունների ու մարզպետարանների պատրաստակամ եւ բարեխիղճ աշխատանքը: «Այս տարի «Արի տուն» ծրագրի առանձնահատկություններից մեկն այն էր, որ մասնակիցներ ունեցանք
Դիարբեքիր-Տիգրանակերտի իսլամացած հայերից, որոնք վճռականություն էին ցուցաբերել վերադառնալու իրենց ազգային ակունքներին», - նշեց նախարարը, ապա հավելեց. «Ծրագրի շրջանակներում մենք 80 երիտասարդի հյուրընկալեցինք Արցախ աշխարհից, 20-ին՝ 2014թ. երիտասարդության մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքից»:
Այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆԸ, զեկուցելով ծրագրերի արդյունքների մասին, նշեց, որ դրանք իրականացվել են ամբողջական ծավալներով՝ առանձին դեպքերում գերազանցելով նախանշված ցուցանիշները. « «Իմ Հայաստան» փառատոնին 1000-ի փոխարեն մասնակցել է 1500 մարդ՝ աշխարհի 20 երկրից, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների թիվը 2014թ.-ին հասավ շուրջ 300-ի, իսկ «Արի տուն» ծրագրին 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալեցինք 1071 սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

