ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՈՏՐԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ՆՎԻՐԱԾ ԿԻԹԱՌԸ
Այս օրերին գրեթե բոլորն ամփոփում են անցնող տարին ու նոր ակնկալիքներով պատրաստվում գալիք տարուն: Երգահան, դիզայներ, հաղորդավար ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անցնող տարին ամփոփեց "Իրավունքի" հետ եւ նույնիսկ հիշեց Ձմեռ պապիկից ստացած անմոռանալի նվերների ու տպավորությունների մասին: -Առհասարակ, ինձ համար այս տարին բավականին բարդ, խնդիրներով լի էր, բայց, կարծում եմ, տարին կեզրափակեմ այդ բոլոր խնդիրները եւ խոչընդոտները պատվով հաղթահարած: Ուրախ եմ, որ կարողացել եմ իրականություն դարձնել ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բոլոր նպատակներս:
- Կարեն, մուրազի` Ձիու տարին շատերի համար խորհրդանշական էր, գտան իրենց մուրազին, իսկ Դո՞ւք: - Ես լուրջ եմ վերաբերվում անձնական հարցերին, երբեք չեմ շտապում եւ այդ հարցում այս տարի էլ եմ դանդաղկոտ եղել: Հուսամ` եկող տարի ավելի ճկուն կգտնվեմ` ոչ միայն անձնական հարցերում, այլ նաեւ` գործնական: - Այս տարի ինչպե՞ս եւ որտե՞ղ կդիմավորեք Ամանորը: - Կդիմավորեմ արտերկրում, ընտանիքիս հետ: Կարեւորը` Նոր տարվա հրաշքներով լի գիշերը կանցկացնեմ իմ ամենահարազատ մարդկանց հետ: - Հրաշքներով լի գիշերը, ի՞նչ եք ակնկալում Ձմեռ պապից, առավել եւս` Ձյունանուշից: - Ակնկալում եմ Ձյունանուշի այցելությունը` առանց Ձմեռ պապի, բայց հուսանք, որ Ձյունանուշը բարի կգտնվի եւ դատարկաձեռն չի այցելի ինձ: - Ունեցե՞լ եք Ձմեռ պապիկից ստացած տպավորիչ նվեր, որը մինչեւ հիմա հիշում եք: - Այո, ստացել եմ խաղալիք կիթառ, որն էլ ստանալուց մի քանի րոպե անց երկու մասի բաժանեցի, որպեսզի բավարարեի իմ հետաքրքրությունը եւ հասկանայի, թե այդ որտեղի՞ց է ձայնը դուրս գալիս: Ի դեպ, ասեմ, որ ես մինչեւ այսօր էլ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը: - Բոլորս էլ տոնական օրերին ունենում ենք մեր սիրելի կամ նախընտրելի ճաշատեսակը, իսկ Դո՞ւք: - Ամեն տարի տոնական օրերին նախընտրում եմ սովորականից ավելի քիչ սնվել, որովհետեւ միշտ ունեմ գիրանալու մտավախություն: