Վերջերս երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցավ SonAni ձեռագործ աքսեսուարների ցուցահանդես-վաճառքը, որն այս անգամ իր մեջ կրում էր Տարեմուտի թեման` Նոր տարվա տոնածառի խաղալիքներ, դեկորատիվ տոնածառեր, կախազարդեր, շրջանակներ: Կարելի է ասել` սրահում տիրում էին տոնական հրեշտակները:
Այն, մասնագիտությամբ միջազգայնագետ, դիզայներ ՍՈՆԱ ՏՈՆՈՅԱՆԻ 3-րդ ցուցահանդեսն էր, սակայն, ինչպես "Իրավունքի" հետ զրույցում ասաց դիզայները, առաջին եւ երկրորդ ցուցահանդեսները տեղի են ունեցել նեղ` ընկերական շրջապատում, իսկ այս անգամ որոշել է Տարեմուտից առաջ ձեռագործ տոնական նվերների տեսքով ներկայանալ: "Ուզում եմ` իմ հրեշտակները մտնեն բոլորի տուն ու երջանկություն բերեն ամենքին",- "Իրավունքին" ասաց դիզայներն ու մանրամասնեց. "Իսկ այս ցուցահանդեսը նվիրված է իմ հրեշտակին ու արված է հենց նրա համար, որ նա հպարտանա ինձնով: Որոշեցի Նոր տարվա շեմին անել, որովհետեւ միշտ հրեշտակներն ինձ մոտ ասոցացվել են Նոր տարվա հետ, բայց կան շրջանակներ, որոնք այնպես եմ արել, որ Նոր տարվա թեման պարտադրող չլինի, հնարավոր լինի ուղղակի շրջանակների վերածվել": "Իրավունքի" այն հետաքրքրությանը, թե այդ ինչպե՞ս միջազգայնագետը որոշեց զբաղվել դիզայներությամբ, Սոնան տվեց հետեւյալ պատասխանը. "Հայաստանում ունենք նման խնդիր, որ ի սկզբանե չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում: Քանի որ ընտանիքիս բոլոր անդամները համալսարանականներ էին, ես էլ որոշեցի գնալ այդ ուղով, բայց չեմ փոշմանել, ամեն դեպքում կյանքի դպրոց էր, որ արժեր անցնել: Հետո հասկացա, որ սա այն է, ինչ ուզում եմ զբաղվել, եւ հուսով եմ` արդեն հոբբիից այն կվերափոխվի իմ հիմնական աշխատանքի":