"Ռեդիսոն Բլու" 4 աստղանի հյուրանոցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի կենտրոնում: Համաշխարհային ճանաչում վայելող Մեծ թատրոն կամ հանրահայտ Կրեմլ հյուրանոցից կարելի է հասնել 5 րոպեում: Հյուրանոցը հայտնի է նաեւ իր իտալական խոհանոցով եւ...
Օրերս այդ հյուրանոցը ձեռք բերեց "իտալական" նոր համբավ. այնտեղ ձերբակալվել էին քրեական 3 թագակիրներ. Դավիթ Օզմանովը, Շալվա Օզմանովը եւ Մալխազ Կոտուան, համապատասխանաբարª Դաթո Կրասնոդարսկի, Կուսո եւ Մախո Օչամչիրսկի մականուններ կրող "օրենքով" գողերը: Սանկտ Պետերբուրգից նրանք ժամանել էին Մոսկվաª կայանալիք գողական "համաժողովին" մասնակցելու նպատակով: Իրավապահ մարմինների "անհամեստ" հետաքրքրությունը, սակայն, գողերից մեկին զրկեց "ձայնի իրավունքից". Մախո Կոտուայի մոտ հայտնաբերվել էր հերոին: Առգրավված թմրանյութի քանակը Մախո Օչամչիրսկուն ՌԴ քրեական օրենքով "երաշխավորում" է առնվազն 3 տարի ազատազրկում: Առավելագույն պատիժը ստանալու դեպքում, Մախո Կոտուան անմիջականորեն չի մասնակցի գողական հավաքներին 10 տարի: Ինչ վերաբերում է նրա 2 ընկերներին, ապա նրանք "մաքուր" էին, սակայն չխուսափեցին "խրատական", այն էª պրոֆիլակտիկ զրույցից:
ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ. ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ Մոսկվան մնում է սիրո եւ համերաշխության մայրաքաղաք: Այս անգամ մեգապոլիսում հանդիպել էին ոխերիմ թշնամիներ` քրեական աշխարհում ազդեցիկ "օրենքով գողեր" Սերգեյ Աքսյոնովն ու Շաքրո մականվամբ հայտնի Զախարիա Կալաշովը: Լավ տեղեկացված աղբյուրներից, այն էª իրավապահներից, հանրությանը հայտնի էր դարձել, որ նրանց թշնամության պատճառը սիբիրյան ալյումինային ակտիվներն էին. չէին կարողացել հալալ կիսել: Նույն աղբյուրները տեղեկացրել են նաեւ, որ հաշտության "քավորներ" էին հանդիսացել ոչ պակաս հեղինակություն վայելող Լուչոկը, Միխասն ու Պոտապըª "պոդոլսկայա", "սոլնցեեւսկայա" եւ "լիպեցկայա" հանցախմբերի առաջնորդները: 90-ականներից ծագած թշնամության ընթացքում Զախարիայի հանդեպ կատարվել էին մի քանի մահափորձեր, իսկ Շաքրոն փախել էր արտասահման: Սակայն արյուն, այնուամենայնիվ, թափվել էր. Աքսյոնովը կորցրել էր կյանքի ուղեկցին: Ա. ԱԲԳԱՐՅԱՆ