ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Անցած շաբաթվա սկզբների դոլարային խայտառակությունից հետո, երբ բանկերը ստիպված էին 650 դրամից էլ այն կողմ անցած փոխարժեքը հաշված ժամերի ընթացքում նվազեցնել մոտ 200 դրամով, այն տպավորությունն էր, որ դոլարային այս մեծ ավանտյուրայի վերջը եկել է: Այդ տպավորությունը մինչեւ անցած շաբաթվա վերջ պահպանվեց: Բայց ահա նախօրեից, երբ բանկերը նորից մտան խաղի մեջ, չնայած արդեն ավելի խորամանկ տարբերակով կարծես պարզ դարձավ, որ վաղ է վերջակետ դնել այս պատմության մեջ:ԴՈԼԱՐՆ ԷԼԻ ԱՃՈՒՄ Է
Ամեն դեպքում փաստն այն է, որ վերջին օրերին հենց ՀՀ Կենտրոնական բանկն ¥ԿԲ¤ է սկսել նորից քիչ-քիչ վեր հանել դոլարը: Եվ նորից տարօրինակություններն այնքան շատ են, որ դրանց որեւէ լուրջ տնտեսական բացատրություն այդպես էլ չենք կարողանում հայտնաբերել:
Սակայն բերենք մի քանի կոնկրետ փաստերª փորձելով դրանցից գլուխ հանել: Այսպես, այն օրըª դեկտեմբերի 18-ին, երբ դոլարը կատաղի թռիչքից հետո անցավ հարկադրական վայրէջքի, ԿԲ-ն տեղեկացրեց. "ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այսօրª դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առեւտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել":
Սա հուշում է, որ բանկերը հավելյալ դոլարի կարիք չունեին, այսինքնª սեփական պաշարներով էլ կարող էին նվազեցնել փոխարժեքը, ինչը եւ տեղի ունեցավ: Ասենքª դա է հաստատում մեկ օր անց ԿԲ-ի տարածած նույնաբովանդակ հայտարարությունը. "ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այսօրª ս.թ. դեկտեմբերի 19-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առեւտրային բանկերի կողմից պահանջարկ չի ներկայացվել": Նույն պահին դոլարը դեռ շարունակում էր նվազել, իսկ հավելյալ արտարժույթ ձեռք չբերելու հանգամանքից կարելի է հասկանալ, որ բանկերը դեռ իրենց միանգամայն վստահ էին զգում: Ի դեպ, չմոռանանք ընդգծել, որ այս դեպքում բացատրությունը, թե դոլարի փոխարժեքը նվազում էր, եւ բանկերը հենց դրանից վախենալով է, որ դոլար չէին գնում, արհեստական է հնչում: Այն պարզ պատճառով, որ խոսքն աճուրդի մասին է, այսինքնª բանկերին ոչ թե առաջարկվող փոխարժեքը չի բավարարել, այլ նրանք անգամ աճուրդին չեն մասնակցել, որի ժամանակ միգուցեեւ դոլարն այնպիսի գնով ձեռք բերեին:
Մի խոսքովª գալով միակ տրամաբանական հետեւությանը, որ բանկերը ԿԲ-ից դոլար չէին գնում, քանի որ այն իրենց պետք չէր, գանք ԿԲ-ի անցած շաբաթվա վերջին աճուրդին: Այս անգամ պատկերն այս էր. "ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այսօրª ս.թ. դեկտեմբերի 20-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներկայացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի պահանջարկ: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի վաճառքª 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 445.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց":
Այստեղից կարելի է եզրակացնել, որ թեեւ բանկերը դոլարի կարիք զգացել են, բայց էլի իրար գլուխ չէին ջարդում դրա համար: Այսինքն, որ շուկայում եւս դոլարի առաջարկը գերազանցում էր պահանջարկին: Ընդ որումª նույն տպավորությունն է առաջանում ԿԲ-ի վերջին երկու օրերի աճուրդներից: "ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց", եւ երեկ. "ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 23-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.97 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 459.58 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց":
ՆՈՐԻՑ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Եվ հենց այս վերջին հաղորդագրություններից է, որ տարօրինակությունները միանգամից սկսում են մեկը մյուսի ետեւից աչք ծակել: Բայց նախ մեկ "աննշան" դետալ. եթե մինչ այս ԿԲ-ն ներկայացնում էր, թե ինչքան դոլար է հանել վաճառքի, վերջին երկու օրինակներում խոսում է միայն վաճառքի ծավալների մասինª երկուական միլիոն դոլար: Կարող ենք ենթադրել, որ այս երկու օրերին ԿԲ-ն էլի նախկինի պես օրական 4 միլիոն դոլար է հանել վաճառքի, որից վաճառվել է 2 միլիոնը: Դա արդեն կհամապատասխաներ բանկերի բավարար դոլար ունենալու անցած շաբաթվա տրամաբանությանը, այսինքն, որ դոլարի նկատմամբ պահանջարկն անցած կիրակիի ընթացքում չէր կարող էականորեն փոխվել, եւ երկուշաբթի-երեքշաբթի էլ, ունենալով միայն պաշարները մի փոքր համալրելու կարիք, բանկերը ԿԲ-ի առաջարկած դոլարի միայն կեսն են գնել: Դա էլ հուշում է, որ երկուշաբթի-երեքշաբթի եւս ընդհանուր շուկայում դոլարի առաջարկը գերազանցել է պահանջարկին, առավել եւս, որ այդ "ընդհանուր կաթսային" է սկսել կամաց-կամաց միանալ նաեւ ամանորյա գնումների համար քաղաքացիների կողմից շուկա հանվող դոլարը:
Եվ ահա այստեղ է, որ բախվում ենք հիմնական "տարօրինակությանը". եթե դոլարի առաջարկը գերազանցեր պահանջարկին, ապա դա պետք է տաներ դրա փոխարժեքի անկման: Բայց ինչպես ցույց են տալիս ԿԲ-ի աճուրդային տվյալները, այս երկու օրերին դոլարը, հակառակ ամեն մի տրամաբանության, մի գլուխ նորից աճում է, այն էլª էական տեմպերով:
Թե ինչու է դոլարի թանկացման խայտառակությունը վերսկսվել, մնում է միայն կռահել, քանի որ ԿԲ-ից բացատրություն ստանալու ոչ մի հույս չկա: Օրինակª դեռ երկուշաբթի օրը սույն կառույցից պարզաբանումներ էինք խնդրել, թե այդ ինչ հրաշքով դոլարի փոխարժեքը մեկ-երկու օրում հասավ 650 դրամի սահմանագիծը եւ մեկ օրում էլª մոտ 200 դրամի չափով գահավիժեց, բայց չնայած խոստումներին, այդպես էլ որեւէ բացատրություն չտվեցին: Դրանից հետո արդեն այս "չնչին"ª 10-15 դրամանոց դոլարային թանկացման պատճառների մասին հաստատ մի երկու ամիս կմտածեն, այնպես որª ԿԲ-ի վրա հույս չդնենք: Դե ուրեմն, մնում է ինքներս բացատրություն գտնենք: Սակայն այս օրերին անգամ նախորդ պատճառաբանությունը չկա` թե ռուբլին էժանանում է ¥դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքն այս օրերին ընդհակառակը աճում է), եւ իբր դրամն էլ հետեւում է նրան, եւ մնում է միայն այս հերթական աճը կապել ներքին իրողությունների, ավելի կոնկրետª ներքին ախորժակների հետª ամենեւին էլ չբացառելով արտաքին հանձնարարականների տարբերակը:
Համենայնդեպսª որն էլ լինի բացատրությունը, երկու գործոն էս գլխից ենք բացառում. հայաստանյան տնտեսական ներքին վիճակը, քանի որ մասնագետների կարծիքով էլ, խելամիտ են համարվում դոլարի մոտ 430-440 դրամ փոխարժեք, այն էլ հաշվի առնելով դեռեւս չհանդարտված աժիոտաժը: Եվ երկրորդը. ԿԲ-ն միշտ էլ կարողացել է եւ կարող է փոխարժեքը պահել անգամ խելամիտ մակարդակից բավականին ցածր, իսկ 440 դրամի վրա պահելը պետք է խաղուպար լիներ: Եվ չնայած այս բոլոր փաստարկներին, եթե փոխարժեքը շարունակում է աճել, դա արդեն խոսում է արհեստական գործոնների օգտին, որոնք ՀՀ ԿԲ-ն կա՛մ չի տեսնում, կա՛մ տեսնում է, բայց չի կարող կանխել, կա՛մ էլª չի ուզում կանխել:
Ամեն դեպքում համոզված ենք, որ եթե ցանկանում ենք նման բանկային սյուրպրիզներից զերծ մնալ, ապա միակ ուղին ՀՀ ԿԲ-ին ներկայիս ունեցած գրեթե անվերահսկելի գերիշխանությունից զրկելն էª նրան տալով ընդամենը պետբանկի համեստ, բայց շատ ավելի էֆեկտիվ կարգավիճակ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

