"ԽՓԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐ Է ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՀԱՐԵՎԱՆԻ ՏՂԱՅԻ ՎՐԱ Է ԿՐԱԿԵԼ"
Օրերս Կոտայքի մարզի Հացավան գյուղում ուշ երեկոյան կրակոցներ են հնչել: Գյուղապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ: Այնուհետեւ կռվի մասնակիցներից մեկը վրդովված հեռացել է եւ քիչ անց վերադարձել հրացանով` կրակոցներ արձակելով իր հակառակորդների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ:
Դեպքից հետո ոստիկանության բաժին է բերման ենթարկվել կրակոցներ արձակողը եւ խոստովանել կատարվածի մասին: Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է: Վերոնշյալ դեպքի մասին առավել մանրամասներ մեզ ներկայացրեց Հացավան գյուղի գյուղապետ Շավարշ Սարգսյանը. - Դեպքը գիշերը ուշ ժամին է եղել: Մթին մեկը մյուսին չի էլ ճանաչել, այնինչ կողք կողքի հարեւաններ են, նույնիսկª բարեկամական կապեր ունեն: Խփելուց հետո նոր է հասկացել, որ հարեւանի տղայի` Մաքսիմի վրա է կրակել: Մաքսիմը վերեւից հեռախոսով բարձր խոսելով, հայհոյելով բարձրանալիս է եղել, էն մյուսն էլ` Արմանը, ներքեւից: Արմանին թվացել է, թե հայհոյանքներն իրեն են ուղղված, սկսել են վիճաբանել: Մի հայհոյանքի պատճառով է էս ամբողջ պատմությունը եղել: Երկուսն էլ արտագնա աշխատանքի են գնում ՌԴ, կրակողը ամուսնացած է, իսկ տուժողը` ոչ: Երկուսն էլ տեղը տեղին հարբած են եղել դեպքի պահին: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ