ԱՆՁՆԱԿԱՆ "ՑԱՎԱԶՐԿՈՂ" ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Արխիվ 12-16ԱՆՁՆԱԿԱՆ "ՑԱՎԱԶՐԿՈՂ"
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
40-ամյա Վաչե Ավագյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունվարի 17-ի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով դատապարտվել էր ազատազրկման 9 ամիս ժամկետով: Հավանաբար, դա էր պատճառը, որ 2014-ին դատարանը չհավատաց նրա "բարեգործական" դրդումներին...ԲՈՒԺՈՒՄ` ԱՌԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ
Առաջադրված մեղադրանքում Վաչե Ավագյանն իրեն մեղավոր չէր ճանաչել: Մեղադրանքն այս անգամ փոքր-ինչ այլ էր, սակայն ավելի ծանր. ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը): Իր ցուցմունքին, հավանաբար, չէր հավատում հենց ինքը, էլ ինչ ասածª դատարանն ու քննիչը...
Ըստ Վաչեիª ինքն էր միջամտել, որպեսզի իր եղբայրը` Վահե Ավագյանը եւ ընկերը` Տիգրան Ոսկանյանը, թմրամիջոցներից կախվածության դեմ ստացիոնար բուժում ստանալու նպատակով պառկեն հիվանդանոցում: Ինչպես էր ընթացել բուժումըª դժվար է ասել. թմրակախվածությունից ազատվելը, ինչպես հայտնի է, առաջին հերթին կախված է հենց հիվանդից: Վաչեի եղբոր մոտ նման ցանկություն չէր եղել: Դրանում դատարանին "համոզել" էր ինքըª Վաչեն. "2014 թվականի հունիսի 3-ին դիսպանսերից զանգահարել էին ինձ եւ հայտնել, որ եղբորս վիճակը ծանր է, եւ նրան անհրաժեշտ է Երեւան տեղափոխել: Հաջորդ օրը ես գնացել էի դիսպանսեր: Ինձ ստուգել էին, եւ սանիտարի ուղեկցությամբ բարձրացել էի երկրորդ հարկ: Նստել էի եղբորս անկողնու մոտ եւ երբ բարձրացրել էի վերմակը` նրա վերքերը նայելու համար, ներարկիչ էի գտել: Ներարկիչը ես հանձնել էի սանիտարին: Եղբորս մոտ 5-ից 10 րոպե մնալուց հետո դուրս էի եկել հիվանդասենյակից եւ գնացել տուն: Տիգրանին ու եղբորս ես թմրամիջոց չեմ իրացրել...":
ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Ըստ քննչական մարմիններիª Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում թմրամիջոցներից կախվածության դեմ բուժվող Տիգրան Ոսկանյանը իսկապես տեղեկացրել էր Վաչե Ավագյանին, որ եղբայրը լավ վիճակում չէ: Պատճառըª "լոմկան" էր: Մեղադրական եզրակացության մեջ այս հանգամանքը արձանագրված է հետեւյալ կերպ. "Նախապես տեղեկանալով նույն բաժանմունքում բուժվող եղբոր` Վահե Պավլուշայի Ավագյանի` թմրամիջոցների բացակայությամբ պայմանավորված կախվածության հետեւանքով առաջացած ցավերի մեջ գտնվելու մասին, դրանք մեղմելու համար` թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, տեսակցության պատրվակով 2014 թվականի հունիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, գնացել է նշված դիսպանսերի 2-րդ հարկում տեղակայված տղամարդկանց բաժանմունք, որտեղ եղբորը եւ Տիգրան Ոսկանյանին տվել է` ապօրինի իրացրել նախապես իր հետ վերցրած, "դեզոմորֆին" եւ "կոդեին" տեսակի թմրամիջոցներ պարունակող 5 մլ տարողությամբ երկու ներարկիչ, որոնք էլ վերջիններիս օգտագործման ժամանակ հայտնաբերվել են դիսպանսերի աշխատակիցների կողմից":
Օրենքի հետ վեճի չես բռնվի, սակայն "հասարակ" մահկանացուի համար անհասկանալի կարող է թվալ "իրացնել" որակումն այն դեպքում, երբ ինքը` ոստիկանը, համարել էր, որ Վաչեն համոզված էր, որ ցավազրկում է հարազատ եղբորը...
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԵԻՆ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Վաչե Ավագյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվել էին 5 մլ տարողությամբ մեկ պլաստմասե ներարկիչ ասեղով, նույն տարողությամբ, առանց ասեղի մեկ ներարկիչ, որոնց մեջ եղել էին կաթիլներ, մեկ ապակյա տարա, որի հատակին առկա են դեղնավուն փոշի եւ բամբակյա խծուծ: Իսկ դատաքիմիկ-փորձագետը եզրակացրել էր. "Փորձաքննությանը ներկայացված ներարկիչներում առկա հետքերում հայտնաբերվեցին "դեզոմորֆին" եւ "կոդեին" տեսակի թմրամիջոցների հետքեր":
Համաձայնենք, որ նշված ապացույցները առավելագույնս կարող են հաստատել, որ Վաչե Ավագյանի բնակարանում առկա էին թմրադեղի հետքերով ներարկիչներ, բայց ոչ այն, թե դրանք հանդիսացել էին թմրանյութ իրացման համար օգտագործված միջոց: Ինչեւէ, դատավճռից չի երեւում, որ այդ ապացույցները առնչվում էին քրեական հենց այս գործին: Իմ համոզմամբ, այդ ապացույցները եւ Վաչեի անցյալը անվիճելի հաստատում էին մեկ այլ փաստ. Վաչե Ավագյանն ունի իրեն թմրամիջոցներ իրացնող աղբյուր, որը չէր հայտնաբերվել:
ԴԱՏԱՎՃԻՌ ԵՎ ԲՈՂՈՔ
Վաչե Պավլուշայի Ավագյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ` նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը համարել էր, որ ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է հանդիսացել հանցանքը կատարելու ռեցիդիվը:
Չենք վիճում, սակայն ինչո՞ւ դատարանը չէր գտել Վաչեի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքը: Այն, ըստ իս, փնտրելու անհրաժեշտություն էլ չկար. մեղադրական եզրակացության մեջ կամա, թե ակամա նշված էրª եղբորը ցավերից փրկելու նպատակը:
Մյուս կողմից` չի կարելի չանդրադառնալ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքին, որով Վաչե Ավագյանի համար պահանջվել էր 5 տարվա ազատազրկում: Բողոքը մերժվել էր, սակայն հետաքրքրությունս դրանում չէ...
Ինչպես վերեւում գրվել էª թմրակախվածությունից ազատվելը առաջին հերթին կախված է հենց հիվանդից: Սակայն ոչ միայն հիվանդից. տվյալ դեպքում, ելնելով իրավապահների վարկածից, Վաչեն ինքն էր խանգարել բուժմանը:
Թե՞, այնուամենայնիվ, Վաչեն ընդամենը ցավազրկել էր եղբորը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

