ԱՄՆ-ԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՁԱԽՈՂԵԼ ԵՏՄ-Ի ՍՏԵՂԾՈՒՄԸ
Արխիվ 12-16ԱՄՆ-ԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՁԱԽՈՂԵԼ ԵՏՄ-Ի ՍՏԵՂԾՈՒՄԸ
Նախօրեին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ կառավարությունները ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանը կստանա 270 մլն դոլար արտոնյալ վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ: Այդ 300 միլիոնը մեզ տրամադրվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2027 թվականը երկարացնելու համար:
ԱՌԱՆՑ ԵՏՄ-Իª
ԿԶՐԿՎԵԻՆՔ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ
Սակայն այստեղ կարեւորը միայն գումարը չէ: Ատոմակայանի շահագործման ժամկետ ասվածը շատ լուրջ հասկացություն է: Այսինքնª այն պահին, երբ կլրանա այդ ժամկետը, իսկ հայկական ատոմակայանի համար դա 2016 թվականն է, տվյալ կայանն ուզի-չուզի` պետք է դադարեցնի իր գործունեությունը, ինչին միջազգային համապատասխան կառույցները խստորեն հետեւում են: Եվ որպեսզի ստանաս հետագա շահագործման թույլտվություն, անհրաժեշտ է կայանը հատուկ տեխնոլոգիաներով ոտից գլուխ վերակառուցել: Այսինքնª բացի անհրաժեշտ գումարից, պետք է ունենաս նաեւ այդ տեխնոլոգիան, ինչը հաստատ Հայաստանի ատամի բանը չէ:
Այն, որ այս ամենը Հայաստանը ստանում է որպես Եվրասիական միության անդամ պետություն, դժվար չէ կռահել: Եվ այստեղ, թերեւս, մի վերջին անգամ հայացք գցելով Եվրաասոցացիա կոչված տխրահռչակ փաստաթղթի պատմությանը, ընդգծենք, որ դրանում ատոմակայանին վերաբերող եւ ոչ մի բառ չկար: Փոխարենըª եվրոպաներից տարբեր ծրագրեր էին առաջարկում կայանի շահագործման ժամկետը լրանալուց հետո այն կոնսերվացնելու համար, ընդ որումª Թուրքիան եւ Ադրբեջանն էլ ակտիվ լոբբիստական գործունեություն էին ծավալել այդ ուղղությամբ: Դժվար չէ կռահել, որ եվրաասոցացման դեպքում Ռուսաստանից նույնպես ո՛չ գումար կստանայինք եւ ո՛չ տեխնոլոգիաները, ո՛չ էլ, որ միգուցե շատ կարեւոր է, քան փողն ու տեխնոլոգիաները, այն քաղաքական աջակցությունը, որն առավել քան անհրաժեշտ է գործող կայանի շահագործման ժամկետը 10 տարով հետաձգելու փաստը միջազգային ատյաններում ընդունելի դարձնելու համար:
Իսկ այդ դեպքում արդեն մեկ տարուց Հայաստանը հրաժեշտ կտար ե՛ւ գործող ատոմակայանին, ե՛ւ նորը կառուցելու հույսերին, այսինքնª ատոմային պետության իր ներկայիս կարգավիճակինª հույսը դնելով միայն գերթանկ ջերմաէներգետիկայի ու հիդրոէներգետիկ չնչին պաշարների վրա: Իսկ թե նման թանկ էլեկտրաէներգիան ինչ կործանարար ազդեցություն կունենար մեր երկրի առանց այն էլ խղճուկ տնտեսության վրա, ինչ զարկ կտար արտագաղթին, դժվար չէ պատկերացնելըª հիշելով 1990-ականների սկզբների "մութ ու խավար" տարիները:
Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, ապա այս հարցում, բնականաբար, երեկ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից, առավել եւսª Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանից մեր երկրի առնչությամբ ինչ-որ արտառոց սպասելիքներ չկային. ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր:
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ "ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ"ª
ԵՏՄ-Ի ՍՏԵՂԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Սակայն երեկվա մոսկովյան նիստերի հետ կապված ինտրիգներ, այնուամենայնիվ, կային: Մասնավորապեսª Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կմեկնի՞ Մոսկվա, կամ ինչ կերպ այդ հանդիպումներին կներկայանա Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, եւ, առհասարակ, հենց այս հավաքում էլ չի՞ տրվի դեռ չստեղծված ԵՏՄ-ի փլուզման մեկնարկը, ինչպես որ կանխագուշակում, ավելի ճիշտª երազում էին արեւմտյան տարբեր աղբյուրներ: Բայց չնայած այդ գուշակություններին, կանխատեսելի էր, որ այստեղ եւս անակնկալներ հազիվ թե լինեն: Բանն այն է, որ ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը ՌԴ նախագահը ներկայացավ բավականին ամրապնդված դիրքերով: Նախª այս օրերին ռուբլու փոխարժեքը շարունակաբար աճում է: Դրա հետ մեկտեղ այս օրերին ՌԴ-ն տվեց մի շարք էներգետիկ ծրագրերի մեկնարկը, որոնցից մի քանիսը նույնիսկ համաշխարհային մասշտաբով են համարվում գերխոշոր: Իսկ այդ ամենի ցուցադրությունը, թերեւս, հենց մոսկովյան հանդիպումներից հաշված ժամեր առաջ ռուսական Պլեսեցկ տիեզերակայանից "Անգարա-Ա5" դասի նոր ծանր հրթիռ-կրիչի արձակումն էր, որն արդարացիորեն համարվում է համաշխարհային հրթիռաշինության գագաթնակետը: Սրանից զատ էլª նախօրեին շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, որ վերջին ամիսներին ՌԴ-ից Չինաստանին վաճառվող նավթի ծավալներն ունեն թռիչքային աճª 65 տոկոսանոց: Այս գործոնները, իհարկե, առավել քան բավարար են, որպեսզի Բելառուսին եւ Ղազախստանին զսպեինª ԵՏՄ-ի գործունեության նախաշեմին ավելորդ խաղերի մեջ մտնել, եթե, իհարկե, նման ցանկություն առհասարակ կար: Ամեն դեպքումª ԱՄՆ-ը, որ տարիներ առաջ էր հայտարարում, թե թույլ չի տալու ԵՏՄ-ի ստեղծումը, ակնհայտ է, որ պարտվեց, եւ հիմա պայքարն ընթանալու է այլ իրողությունների հաշվարկով:
Այս առումով նկատենք, որ թվարկված փաստերից չինական նավթի գործոնն ամենեւին էլ միայն ՌԴ-ին աջակցելու կամ ԵՏՄ-ի հարցում չէ, որ հեռուն տանող իմաստ ունի: Նավթային առեւտրի աճն ընդամենը մեկ դրվագ է` գնալով զարգացող ռուս-չինական երկկողմ խորքային հարաբերություններում, որոնց, այսպես ասենք, ռազմավարական գագաթնակետը, անշուշտ, առեւտրում դոլարից աստիճանաբար հրաժարվելու եւ սեփական արժույթներին անցնելու հիմնադրույթն է: Ընդ որումª ոչ միայն փոխադարձ առեւտրում. Չինաստանն այս պահին նման առեւտրային համաձայնություններ ունի մոտ 20 երկրների հետ: Ռուսաստանն էլ իր հերթին է շարունակաբար ընդլայնում այն պետությունների ցանկը, որոնց հետ առեւտուր պատրաստվում է անել առանց դոլարիª սեփական տարադրամներով: Խոսքը նախ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) մասին է, որն արդեն իսկ աշխարհի կեսն է: Սրանից զատª այս օրերին ՌԴ-ն նման պայմանավորվածություններ է ձեռք բերում Իրանի, Թուրքիայի, եվրոպական եւ ասիական տարածաշրջանների մի շարք այլ երկրների հետ: "Անդոլար" առեւտուրը, թերեւս, արդեն գալիք տարվանից աստիճանաբար կսկսի իրողություն դառնալ նաեւ ԵՏՄ-ում ¥ինչին, Հայաստանն էս գլխից պետք է սկսի պատրաստվել¤ª աստիճանաբար մուտք գործելով նաեւ ԵՏՄ-ի հետ առեւտրային տարաբնույթ պայմանագրերի ցանկություն հայտնած մի քանի տասնյակ երկրների հետ հարաբերությունների հարթություն:
Եվ վերջապես, այս օրերին ԵՏՄ-ի հետ գլոբալ առեւտրային հարաբերությունների օգտին արտահայտվել է նաեւ Գերմանիան: Սա էլ, թերեւս, Վաշինգտոնի համար հիմնական վտանգներից է, եւ իհարկեª կարելի է չկասկածել, որ ամերիկյան պատասխանը դեռ առջեւում է: Համենայնդեպսª Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն այս օրերին մի կողմից Վ. Պուտինի նոր նախաձեռնության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ-ի եւ եվրոպական առանցքային լիդերների հետª Դոնբասի թեմայով Մինսկում բանակցային հերթական փուլի անցկացման հետ կապված: Բայց մյուս կողմից էլª նույն Պորոշենկոյի նախաձեռնությամբ Կիեւը հրաժարվում է ոչ դաշինքային պետության կարգավիճակից, ինչը մեծ քայլ է ՆԱՏՕ-ի ուղղությամբ, եւ հասկանալի է, որ դա միմիայն ծանրացնելու է Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան հակամարտությունը: Եվ հաշվի առնելով, որ սա տեղի է ունենում այն պահին, երբ Գերմանիայից հերթական հայտարարությունը հնչեց, թե ՌԴ-ի դեմ այս պահին նոր պատժամիջոցների առիթ չկա, դժվար չէ կռահել, որ Ուկրաինայում հերթական սրացումը Վաշինգտոնը կազմակերպում է հենց նման առիթ ստեղծելու համար: Չէ՞ որ հակառակ պարագայում, եթե, ասենք, Եվրոպան եւս որոշի ռուսական նավթի ու գազի դիմաց դոլարի փոխարեն վճարել եվրոյով կամ ռուբլով ¥ինչը, ի դեպ, երկու կողմի համար էլ ձեռնտու է¤, կամ Չինաստանից ապրանքները սկսեն Եվրոպա հասնել ռուսական տարածքներովª երկաթուղով, այն էլ մոտ 3 շաբաթում` այս պահին գործարկվող թանկարժեք Սուեզի ջրանցքի ուղղության փոխարեն, ապա էլ ի՞նչ կմնա դոլարի համաշխարհային հեգեմոնիայից:
Սա նշանակում է, որ գալիք տարի այս բոլոր ուղղություններով դեռ բուռն զարգացումների ականատեսը կլինենք: Չնայածª Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցություններից հետո այս բոլոր հարցերից զատ շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում հարավկովկասյան, ավելի կոնկրետª վրացական ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը: Խոսքը մասնավորապես Վ. Պուտինի կողմից օրերս արված այն հայտարարության մասին է, որ պատրաստ է հանդիպել Վրաստանի ներկայիս առաջնորդների հետ, որին էլ ի պատասխան` նախ հնչեց վրացական պաշտոնական իշխանությունների դրական արձագանքը, ապաª փաստացի ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այն տեսակետը, թե. "Մենք պետք է կարողանանք գոյատեւել Ռուսաստանի հետ...": Կվերածվե՞ն այս նյուանսները աբխազական երկաթուղու վերագործարկման. թերեւս հենց սա է, որ գալիք տարի պետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

