ՀՅԴ-ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԿՌՎՈ՞ՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՀՅԴ-ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
ՏԱՐԵՄՈՒՏԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԿՌՎՈ՞ՒՄ ԵՆ
Հետո էլ ասում են, թե տարին ինչպես սկսես, այնպես էլ կավարտվի: Սակայն իրականությունը, եթե չասենք դառն է, ապա գոնե բոլորովին այլ է: Մինչ 2014-ի հենց սկզբից, լավ լեզու էին գտել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եւ նրանց էին միացել նաեւ "Ժառանգությունն" ու ՀԱԿ-ը, սակայն եղանակը որքան ցրտեց, այնքան այս քառամիասնությունը տապալվեց: Ավելին` եթե նախկինում "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում ԲՀԿ ու ՀՀԿ երիտասարդներն էին միմյանց դեմ խոսքային փոխհրաձգություն իրականացնում, ապա տարեմուտին աչքի են ընկնում ՀՅԴ-ԲՀԿ երիտթեւերի ներկայացուցիչները` իրենց նեգատիվ դրսեւորումներով:
ԱԺ ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ ի լուր ֆեսյբուքահայության` այսպես է որակել ԱԺ ՀՅԴ խմբակցության նույնպես երիտասարդ պատգամավոր Արծվիկ Մինասյանին. "Խավարի մեջ խարխափող դաշնակցական ընկեր Արծվիկը", ապա մի լավ "նախշելով" գործընկերոջը` հավելել. "Անհարմար է, ընկեր Արծվիկ, պետք է ինչ-որ կերպ զսպել պաշտոն ստանալու ախորժակը, քանի որ այս ճանապարհով ստացած պաշտոնը տանում է ոչ մի տեղ ու միայն վարկաբեկում է ոչ միայն ստացողին, այլ մի ամբողջ կուսակցության, որի հանդեպ մեծագույն հարգանք ունենալով` կարելի է ցավ ապրել` այս առեւտրի ականատեսը լինելուց, ինչի արդյունքում թերեւս հաջորդ խորհրդարանում նրանք իրենց տեղը կկորցնեն":
Իհարկե, նույնպիսի, բայց ՀՅԴ-ական տոնով էլ Վ. Բաբայանի քաղաքական թիմի մասին խոսել էր Ա. Մինասյանը, սակայն զարմանալի է, որ Ամանորի նախաշեմին, փոխանակ` անգամ քաղաքական գործիչները բարիանան, անում են ճիշտ հակառակը ու վերջին մաղձն են սփռում օնլայն եւ օֆլայն հանրության վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

