ՓԱԽՈՒՍՏ 15.1.15 ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՓԱԽՈՒՍՏ 15.1.15 ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում 5-րդ շարասյուները ինտենսիվորեն պատրաստվում են հունվարի 15-ին սկսել մոսկովյան Մայդանը: Սոցիալական ցանցերում, բլոգներում, այլ համացանցային հարթակներում տեղի է ունենում մասնակիցների հավաքագրում, բացահայտ կոչեր են հնչում` գալ մետաղաձողերով եւ "Մոլոտովի կոկտեյլներով": Ռուսաստանի համապատասխան ծառայությունները պարբերաբար ջնջում են այդ էջերը, սակայն բավականին արագ ստեղծվում են նորերը:
Բնականաբար, նախապատրաստությունն ընթանում է ոչ միայն Մոսկվայում: Զուգահեռ հավաքագրում է հայտարարված նաեւ Երեւանում, ուր, հուրախություն Զարուհի Փոստանջյանի հեղափոխական հոգու, մեր տեղեկություններով` համակարգումը հանձնարարված է հենց իրեն: Սակայն... Հայոց մայրաքաղաքում ամեն ինչ թարս է: Կամավորագրվելուց "թռնում են" բոլորը, ովքեր կարողանում են: "Ֆեյսբուքում" սկսվել է "հակերային հարձակումների" ալիք, ու բազում արեւմտամոլ ակտիվիստներ հերթով փակում են սեփական էջերը, իսկ հետո "խաբար հասցնում", որ դարձել են անհայտ հակերների զոհ: Այդպիսի "փախուստային" գործընթացի մեջ է նույնիսկ հեղափոխության եւ արեւմտյան արժեքների այնպիսի վառ կանթեղը, ինչպիսին է թուրքական դրոշով գավաթից հաճույքով սուրճ վայելող Գայանե Առուստամյանը, որը ընդամենը 2 շաբաթ առաջ սպառնում էր ծիածանագույն դրոշով գալ իշխանական շենքերի մոտ:
Թե ինչն է պատճառը, որ այդպիսի վախ է ընկել մեր հեղափոխականների "ջանները", բավականին պարզ է` բոլորը հասկանում են, որ 15.1.15 հեղափոխության շանսերը ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում հավասար են զրոյի:
Գումարած դրան` մեր 5-րդ շարասյուների ահը խտացավ այն բանից հետո, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը զգուշացրեց, որ այսուհետ կիրառվելու է օրենքի այն դրույթը, որը պատասխանատվություն է սահմանում` սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար:
Այնպես որ, մեզանում մկան ծակի գինը էապես աճել է, ու 1000 թումանը հաստատ դրան չի հերիքելու: Ի դեպ, որոշակիորեն պարզ է դառնում, թե ինչու ԲՀԿ առաջնորդը քաղաքական ուժերի եւ հասարակական շարժումների համաժողով է հայտարարել հունվարի 20-ին, այլ ոչ թե ավելի վաղ, կամ ուշ: Հունվարի 20-ին արդեն պարզ կլինի, ու հիմնականում Մոսկվայում տեղի ունեցող զարգացումներից, թե ինչ ընթացք է ստանում 15.1.15 հեղափոխությունը, եւ ըստ այդմ, հնարավոր կլինի կողմնորոշվել` համաժողովը որդեգրի արմատական հեղափոխակա՞ն, թե՞ միանգամայն չափավոր կառուցողական կեցվածք: Բայց բոլոր դեպքերում պարզ է, որ մերոնցից Պողոս-Պետրոս, այսինքն` հեղափոխական չի ստացվի:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

