"ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՄԵԶ ՕԳՈՒՏ ՉԻ ՏԱԼՈՒ"
Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունները "գրողի ծոցն" ուղարկելու մասին: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից անմիջապես հետո հնչեցին կարծիքներ այն մասին, որ անհրաժեշտ է նոր փաստաթուղթ ու նոր ձեւաչափ` հարաբերությունները կարգավորելու մասին:
"Իրավունքը" "Նորավանք" գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանից պարզեց` ինչպիսի՞ն պետք է լինի այն նոր ձեւաչափը, որով անհրաժեշտ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Ըստ քաղաքագետի` պետք է հիշել, որ ամեն ինչ իր գինն ունի. "Պարբերաբար խոսվում է հայ-թուրքական սահմանը բացելու ու դրա տնտեսական օգուտների մասին: Սակայն Հայաստանը Թուրքիայից ավելի շատ ներմուծում է, քան` արտահանում: Հետեւաբար, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական ոչ մի օգուտ չի տալու մեզ": Գագիկ Հարությունյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախաձեռնողականություն հայկական կողմը չպետք է հանդես բերի, սպասողական այս վիճակը միանգամյան համարժեք է առկա իրողություններին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալի թոռան` Հասան Ջեմալի հայաստանյան այցին ու նրա գրքում տեղ գտած հակահայկական մտքերին` քաղաքագետի համոզմամբ` այդ գիրքը չպետք է թարգմանվեր հայերեն: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ