ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ`ՏՆԱՆԿ ՎԻՃԱԿՈՒՄ.« ՆՈՐ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ`ՏՆԱՆԿ ՎԻՃԱԿՈՒՄ.« ՆՈՐ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ»
Դեկտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը մերժել է Դարբազյանների ընտանիքի բողոքը: Հիշեցնենք` խոսքը վերաբերում է ազատամարտիկ Վարդան Դարբազյանի բնակարանի խնդրին, որի մասին «Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել է: Խնդիրը վերաբերում է Մադոյան փողոցի 24 տանը, որը կռվախնձոր էր դարձել Դարբազյանների ու նրանց դրկից Սարգսյանների միջեւ:
Ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր: Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են:
«Իրավունքի» հետ զրույցում Դարբազյանների ընտանիքի փաստաբան Վարդա Զուռնաչյանն ասաց, որ դեռ չգիտեն` որոնք են լինելու իրենց քայլերը, բայց սպասելի էր, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ կթողնի առաջին ատյանի վճիռը: «Ես դեկտեմբերի 19-ի որոշումը չեմ ստացել ու դեռ չգիտեմ` ինչ ենք անելու: Տեսնենք` վարչական դատարանում գործն ինչ ընթացք կստանա, ըստ այդմ` կորոշենք: Երեւի նոր հայց ներկայացնենք դատարան վճռաբեկ դատարան դիմելուց հետո»,- ասաց պրն Զուռնաչյանը:
Կապ հաստատեցինք նաեւ ազատամարտիկի կնոջ`Վարդուհի Գեւորգյանի հետ, ով արտասվելով ասաց, որ օրենք չի գործում Հայաստանում. «Ո՛չ գրանցում ունենք, ո՛չ ծածկ ունենք գլխներիս, ո՞վ մեզ աշխատանք կտա: Երկու թոռներս` մեր երկրի ապագա զինվորները, զրկված են մանկապարտեզ գնալուց: Մենք օդից կախված մարդիկ ենք: Նոր տարի է գալիս, ոչինչ չունենք: Ինչի մասին է խոսքը»:
Ազատամարտիկի կնոջ խոսքով`իրեն աշխատանքից հանել են գրանցում չունենալու պատճառով, իսկ որդին էլ չի կարողանում աշխատանք գտնել`ընտանիքին կերակրելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

