ՄԻԱՅՆ ԿԼՈՊԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԱՅԼ ԱԿՈՒՄԲ
Արխիվ 12-16ՄԻԱՅՆ ԿԼՈՊԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԱՅԼ ԱԿՈՒՄԲ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակների մասին խոսակցությունները չեն դադարում: Թեեւ Daily Star-ը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը նվազեցրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում "Լիվերպուլ" կամ "Արսենալ" նրա տեղափոխվելու հավանականությունը, այնուամենայնիվ, Բրիտանական express.co.uk-ը պնդում է, որ դորտմունդյան ակումբը կվաճառի 25-ամյա ֆուտբոլիստին, եթե կարողանա ձեռք բերել իտալական "Միլանի" հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին: Սակայն 22-ամյա խաղացողը դեռ համաձայնություն չի տվել Յուրգեն Կլոպի թիմ տեղափոխվելուն:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` դորտմունդյան ակումբը պատրաստ է 18 միլիոն ֆունտ ստերլինգով բաժանվել Մխիթարյանից, սակայն Բրենդան Ռոջերսի եւ Արսեն Վենգերի ակումբները հնարավոր է հրաժարվեն կիսապաշտպանին ձեռք բերելուց:
Եվ չնայած այս աժիոտաժին, որ ստեղծվել է հայ ֆուտբոլիստի շուրջ, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է վստահել եւ աջակցել հայ ֆուտբոլիստին: Վերջինիս պաշտոնանկության դեպքում, ավելի հավանական կլինի Մխիթարյանի տեղափոխությունն այլ ակումբ, սակայն գերմանացի մասնագետը թեւաթափ չի լինում եւ հայտարարել է, որ չի պատրաստվում լքել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը. "Ոչ մի դեպքում չեմ գործի` առաջնորդվելով հիասթափության զգացումով: Բնական է, ինձ հարցեր եմ տվել` կատարած աշխատանքի վերաբերյալ: Հասկանալի է, որ սխալներ նույնպես գործել եմ: Սակայն պետք է ասեմ, որ վատ ենք նախապատրաստվել մրցաշրջանին, քանի որ աշխարհի առաջնությունն ամեն ինչ փչացրեց: Դրան հարկավոր է ավելացնել նաեւ վնասվածք ունեցող խաղացողներին: Ռոյսից, Շահինից եւ Գյունդողանից չես կարող լավ խաղ սպասել` ծանր վնասվածքներից ապաքինվելուց անմիջապես հետո: Սակայն վստահ եմ, որ երկրորդ շրջանում մեզ չափազանց բարդ է լինելու հաղթել: Կդառնանք կատաղի որսորդներ":
Մինչ Մխիթարյանը վերականգնվում է վնասվածքից, բրիտանական The Guardian-ը, շարունակում է լավատեսորեն վերաբերվել հայ ֆուտբոլիստի ոչ այնքան տպավորիչ խաղերի շարքին: The Guardian-ը Մխիթարյանին ընդգրկել է աշխարհի 100 լավագույն գործող ֆուտբոլիստների ցուցակումª 85-րդ տեղում: "Այս մրցաշրջանը նախորդի պես հաջող չէ, սակայն, երբ Մխիթարյանը լավ մարզավիճակում է, նրան հետեւելը չափազանց հետաքրքիր է: Նա մասնագիտացել է` ազատ գոտիներ հայտնաբերելու մեջ, ինչպես նաեւ գնդակը լավ է հասցնում մրցակցի տուգանային հրապարակ: Մխիթարյանը դիպուկ է եւ ունի հարվածների ու փոխանցումների յուրօրինակ ոճ: Այնուամենայնիվ, կիսապաշտպանին այդքան արժեքավոր դարձրեց նրա գոլ խփելու կարողությունը, որը վերջին շրջանում անհետացել է: Վերջին շրջանում Յուրգեն Կլոպը Մխիթարյանին խաղացնում է ավելի խորքից, սակայն "Բորուսիայի" վերջին 17 խաղերում նրա գոլերը եւ գոլային փոխանցումները բացակայում են",- գրում է The Guardian-ը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

