ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՑԱՎԸ ՏԱՐԱՎ, ԻՍԿ ՖԻԼՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՔՈՒՆԸ
Արխիվ 12-16ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՑԱՎԸ ՏԱՐԱՎ,
ԻՍԿ ՖԻԼՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՔՈՒՆԸ
Օրերս կայացավ «Նոր տանը մենակ» կատակերգական ֆիլմի պրեմիերան, սակայն ամեն ինչ ավելի ուրախ էր նախքան ֆիլմը սկսելը: Բեմում հայտնված տղամարդը սկզբում թվաց, թե ռեփ է կարդում, քանի որ նա ո՛չ ֆիլմի ռեժիսորն էր, ո՛չ էլ պրոդյուսերը, բայց հայտնվել էր բեմում ու ոգեւորված խոսում էր. «Ուրախ եմ, որ բոլորդ եկել եք, հուսով եմ` կհավանեք ֆիլմը, շատ հետաքրքիր ֆիլմ ա: Կուզենայի նախ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են դրել` պաստանովշիկից բռնցրած... մեր ապերատրը` Գարիկ ջան, ցավդ տանեմ...»: Ընթացքում պարզեցինք, որ նա ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է` դերասան Միստեր Քրոն, ով շարունակեց ցավերը տանող մի ողջ գործընթաց.
«Քանի որ միկրաֆոնը ձեռս ա, հանգիստ արխային խոսում եմ: Դեմի ռյադը նստած ա Լյովան Հարությունյան, ժողովուրդ ջան, խնդրում եմ ծափահարել, Գրիգորը իրա կնոջ հետ, Նարեկը, Հովոն: Հով ջան, մեռնեմ կյանքիդ, Օֆելյա ջան, վայ ցավդ տանեմ, կներես: Ում անունը, որ չեմ տալիս ներող կլնեք, բոլորիդ շատ շնորհավորում եմ` նախ առաջին հերթին` ովքեր խաղացել են կամ ջանք են դրել էս ֆիլմի մեջ»: Բայց «բումը» դեռ առջեւում էր. «Եղբայրս, ծափահարենք եղբորս, որը այստեղ չի: Եվ սենց կարճ-կոնկրետ, ճիշտն ասած, միկրաֆոնը միացած էր տենց միանգամուց եկա ու սկսեցի խոսալը, ուր որայա ֆիլմը գնում ա...»: Հանդիսատեսը «սրտի տրոփով» սպասում էր, որ վերջինս նաեւ կանդրադառնա մնացյալ «ռյադերին» ու կտանի նաեւ դահլիճում ներկա Խչոների, Վաչոների, Սաքոների ցավը...Եվ նա դեռ կշարունակեր սղոցել ապշած հանդիսատեսի նյարդերը, եթե վերեւից չաղաղակեին, որ վերջ տա «բովանդակ» ելույթին: Ինչեւէ, ֆիլմը, ըստ էության, հոլիվուդյան «Տանը մենակ» սիրված ֆիլմի հայաֆիկացված տարբերակն էր, որը կարելի էր դիտել մինչեւ վերջ, եթե տպավորություն չլիներ, թե ֆիլմի սցենարիստը ֆիլմի նկարահանման հենց կեսից հիվանդացել ու ոչինչ չի գրել: Այս ընթացքում շատերը լքեցին դահլիճը, բայց ոմանք համառորեն մնացին` սպասելով հրաշքի: Բայց հրաշք այդպես էլ տեղի չունեցավ, եւ ֆիլմի ավարտից հետո տխուր էին անգամ առաջին շարքում նստած այն մարդիկ, ում ցավը տարել էր նույն ինքը` Միստեր Քրոն:
Ի դեպ, այս ֆիլմում ոչ միայն հերոսների ցավն էին տարել, այլեւ ֆիլմի հերոսների ու աշխատանքային խմբի ազգանունների «յան»-երը, որոնք ֆիլմի սկզբում գրվեցին, ոչ թե որպես ազգանունի մաս, այլ որպես ավելորդ կցորդ:
Մի խոսքով, ձեր ցավը տարավ, կներեք`
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

