Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՌՈՒԲԼԻ-ԴՈԼԱՐ "ՄԵՆԱՄԱՐՏԸ"
Արխիվ 12-16Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՌՈՒԲԼԻ-ԴՈԼԱՐ "ՄԵՆԱՄԱՐՏԸ"
Հայաստանը, արդեն փաստացի հանդիսանալով ընդամենը 10 օրից գործնականում կյանք մտնող Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանալի է, որ շատ ավելի մոտ կկանգնի ոչ միայն դոլարի եւ ռուբլու ընթացող մեծ պայքարին, այլեւ այն բոլոր գործոններին, որոնց արդյունքում էլ այսչափ սրվեցին Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները: Ուստիեւ արդեն ուղղակիորեն մեզ համար է կարեւոր դառնում, թե դեպի ուր կգնա այդ պայքարը, ինչ չափով Հայաստանը կներառվի դրանում եւ այլն:ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ
ԽԱՂԵՐԸ ԿԻԵՎՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին մեծ ասուլիսի ժամանակ միանգամայն վստահ էր խոսում Եվրասիական միության ապագայի նկատմամբ: Սակայն այս օրերին այդ կառույցի մռայլ ապագայի հետ կապված արեւմտյան գնահատականները ոչ միայն չեն նվազում, այլեւ որոշ դրվագների ազդեցությամբ սրվում են: Այդ դրվագների թվում են այն կնճիռները, որոնք վերջին ժամանակներս նկատվում են Բելառուսի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Ավելինª տնեսական բնույթի որոշ բախումներից հետո նախագահ Լուկաշենկոն վերջին օրերին նաեւ քաղաքական ժեստեր է ցուցաբերում, որոնք արտաքուստ հակառուսական տպավորություն են թողնում: Օրինակª օրերս Կիեւ կատարած այցելության ժամանակ Լուկաշենկոն Ուկրաինայի "շոկոլադե" նախագահին խոստացավª բոլոր խնդրանքները մեկ օրում կատարել: Դա, կարծես թե, ոգեւորել է Վաշինգտոնին, որտեղից Պետդեպարտամենտը ոչ անհայտ Վիկtորիա Նուլանդի շուրթերով հայտարարեց, թե ԱՄՆ-ը բաց է Բելառուսի հետ երկխոսության:
Իհարկեª չնայած այդ "հակառուսականությանն" ու "ամերիկամետությանը", լուրջ փորձառություն ունեցող բելառուսական Բատկան հազիվ թե չգիտակցի, թե վերջին տարիներին, որպես կանոն, թե ինչ փաստի առաջ են հայտնվում Պետդեպարտամենտի նման խոստումներին վստահող լիդերները: Դրա հետ մեկտեղ Բելառուսը, որ վերջին ամիսներին օգտվելով Ռուսաստանի այս բարդ իրավիճակից, կարողացավ տարեկան միլիարդավոր դոլարներ խոստացող նոր էներգետիկ զեղչեր ստանալ Մոսկվայից, հազիվ թե հանուն մեռնող ուկրաինական տնտեսության հետ ընկերանալու եւ անդրօվկիանոսյան անորոշ խոստումների համար իրականում վտանգի տակ առնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Առավել եւս, որ անմիջական հարեւանությամբ ունի ուկրաինական մայդանի օրինակը, դրա օրերին Արեւմուտքից Կիեւին տրված, բայց շատ շուտ էլ մոռացության մատնված մեկը մյուսից գեղեցիկ խոստումները...
Բայց ահա Լուկաշենկոյից հետո Կիեւում էր նաեւ Նուրսուլթան Նազարբաեւը: Ընդ որում, Ղազախստանին եւս վերջին ժամանակներս ամերիկացիներն սկսել են տարաբնույթ խոստումներ տալ, ասենքª Նազարբաեւն էլ իր հերթին էր Կիեւ մեկնել բավականին ցուցադրական ջերմությամբ:
Սակայն այս առաջին հայացքից հակառուսական բնույթի գործընթացում մեկ "անհասկանալի" նյուանս կա: Եթե Լուկաշենկոն ու Նազարբաեւն իրականում են մտածում այս խառն օրերին ռուսներից դիստանցիա պահել եւ Վաշինգտոնի հետ որոշակի սիրախաղերի մեջ մտնել, ապա ինչ կապ ունի այս ամենի հետ Կիեւը. չէ՞ որ Լուկաշենկոն առանց Պորոշենկոյին տարաբնույթ խոստումներ տալու էլ կարող էր շատ ավելի քիչ ցուցադրական սիրային մեսիջներ հղել Վաշինգտոնի հասցեով: Կամª Նազարբաեւի նման քաղաքական գայլի ինչի՞ն էր պետք հենց Լուկաշենկոյից հետո վազել Կիեւ, երբ առանց այդ էլ նրա ամեն մի խոսքը Վաշինգտոնում ունի մի քանի անգամ մեծ կշիռ, քան Պորոշենկոյինը:
ՆՈՐ ՇՐՋԱԴԱ՞ՐՁ ԵՎՐՈՊԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ
"ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ"
Ամեն դեպքումª Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների եւ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումների նախաշեմին Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի Կիեւ կատարած այցը հազիվ թե պատահական լիներ: Առավել եւս, որ այս օրերին մի շարք այլ հանգամանքներ եւս նկատվեցին: Վերադառնալով ռուբլի-դոլար հակամարտությանըª նկատենք երկու գործոն: Նախª այս օրերին ռուբլին կարծես թե հաղթահարեց իր ճգնաժամային պիկն ու կամաց-կամաց վերականգնում է դիրքերը: Ընդ որում, դրան նպաստող գործոնների թվում է նաեւ այս օրերին նկատվող նավթի համաշխարհային գների աճը: Այս դրվագն իր հերթին հազիվ թե պատահական լինի, հաշվի առնելով, օրինակ, քիչ տեսանելի նման մեկ նյուանս. արեւմտյան նավթային գիգանտներից մեկըª Chevron-ը, օրերս հայտարարեց Ուկրաինայում սլանցային նավթագազային բոլոր ծրագրերից դուրս գալու մասին: Ավելինª Chevron-ը սկսել է հրաժարվել նաեւ հենց ԱՄՆ-ում սլանցային նավթի որոշ նախագծերից: Իսկ բացատրությունն առավել քան պարզ է. նավթի ներկայիս համաշխարհային գները, ինչպես եւ սպասվում էր, սկսել է լրջորեն հարվածել ամերիկյան սլանցային նավթարդյունաբերությանը: Դրա հետ մեկտեղª վառելիքի ներամերիկյան գները նվազել են այն աստիճան, որ դա էլ իր հերթին է եկամտաբերության առումով նավթարդյունաբերության համար լուրջ խնդիր դարձել: Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային գների հետագա անկումը կարող է ողջ սլանցային արդյունահանումը ոչնչացնել: Իսկ դա խոստանում է նավթի համաշխարհային գների այնպիսի թռիչքներ, որ հաստատ նոր համաշխարհային ճգնաժամից չես խուսափի: Եվ այս առումով գների ներկայիս աճն արդեն իր տրամաբանությունն է ստանում: Առավել եւս, որ այս բոլոր հարձակումներից հետո ռուբլին թեեւ թուլացավ, սակայն կարողացավ դիմակայել: Ընդ որումª ամենագլխավոր խնդիրը Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց լուծել: Նկատի ունենք, որ ռուբլու դեմ այս արշավանքի հիմնական պատճառներից մեկը, անշուշտ, սեփական արտարժույթով առեւտուր անելու ռուս-չինական հայտնի պայմանագիրն էր: Ու ինչքան էլ որ ռուբլին թուլացավ, միեւնույն է, օրերս պաշտոնական Պեկինը հայտարարեց, որ մտքով անգամ չի անցնում այդ պայմանագրից կամ դրանում ներառված ռուբլի-յուան փոխարժեքային հաշվարկներից հրաժարվել: Եթե դրան գումարենք նաեւ արտաքին գործերի նախարարի միջոցով Պեկինի արած հայտարարությունը, թե Չինաստանը պատրաստ է ներկայիս բարդ տնտեսական իրավիճակում ցանկացած օգնություն ցուցաբերել Ռուսաստանին, ինչպես նաեւ այն փաստը, որ դրա բոլոր հնարավորությունները Չինաստանն ունի, ապա ակնհայտ է, որ Վաշինգտոնին այդպես էլ չի հաջողվում ջարդել իրեն այդքան անհանգստացնող ռուս-չինական դաշինքը, որը օրինակ է դառնում դոլարային առեւտրից ողջ աշխարհում հրաժարվելու գաղափարի համար: Իսկ այդ դեպքում նավթ-ռուբլի այս խաղը արդեն դառնում է ոչ միայն անիմաստ, այլեւ միանգամայն վտանգավոր հենց ԱՄՆ-ի համար:
Եվրոպան էլ իր հերթին է կարծես թե եկել այն մտքին, որ ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմները մոտեցել են այն վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ անցնելն արդեն կարող է անդառնալի էֆեկտներ առաջ բերել: Ամեն դեպքում, թեեւ Վաշինգտոնը դեռ շարունակում է խոսել նորանոր պատժամիջոցներից, սակայն մասնավորապես Գերմանիան փոխկանցլեր եւ էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի միջոցով հայտարարում է. "Պատժամիջոցների խստացում պահանջելը սխալ է... Նման խոսակցությունները պետք է դադարեցվեն": Ընդ որում, օրերս կանցլեր Մերկելն ու ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ ավելի առաջ էին գնացելª հայտարարելով ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսություն սկսելու եւ գործնական հարաբերություններ ձեւավորելու անհրաժեշտության մասին: Ըստ կանցլերի. "Մենք դեմ չենք մեծ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ աշխատելուն", եւ նկատենք, որ այդ ցանկին արդեն Հայաստանի անունն էլ է միանում: Այսինքն խոսքը փաստացի Վ. Պուտինի առաջարկած` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, Չինաստանի սահմաններ հասնող տնտեսական գոտու մասին է: Իսկ դրան հասնելու համար, տիկին Մերկելի գնահատմամբ, պետք է մի "փոքրիկ" խնդիր հարթելª առաջընթաց արձանագրել Ուկրաինայի հետ կապված հայտնի Մինսկի պայմանագրում: Ուրեմն սրա համար չէ՞, որ Լուկաշենկոն ու Նազարբաեւը Պորոշենկոյին նման ջերմ խոստումներ էին տալիս. կարծես թե շատ նման է: Իսկ ինչպե՞ս դրան կարձագանքի Պորոշենկոն, ում ոչ միայն Եվրոպան օրերս պարզորոշ տեղեկացրեց, որ փող չի տալու, այլ նաեւ ամերիկյան Chevron-ը հիասթափեցրեցª դադարեցնելով սլանցային նավթագազային ծրագրերն այն դեպքում, երբ Կիեւն ստիպված է անգամ դպրոցներում եւ հիվանդանոցներում էներգախնայողության խիստ ռեժիմների անցնել: Մինչդեռ այս տարվա առաջին կեսին հասցրել էին ռուսական գազի զգալի պաշարներ կուտակել, իսկ մյուս տարի ստիպված են լինելու վճարել ամեն մի խորանարդ մետրի համար:
Իհարկեª այսքանով հանդերձ դեռ որոշ հարցականներ մնում են: Սակայն դեկտեմբերի 23-ին Մոսկվանում թերեւս մի շարք փակագծեր կբացվեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

