"ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՏՀԱՍՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՀԱԿ-Ի ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱՐՎԵԼԸ"
Արխիվ 12-16"ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՏՀԱՍՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՀԱԿ-Ի ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱՐՎԵԼԸ"
"Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության ղեկավար ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց, թե եռյակին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, "Ժառանգությանը", հաջողվե՞ց թեժ աշուն ապահովել: "Իշխանության սցենարով` այո, "եռյակը" կարողացավ թեժ աշուն ապահովել, բայց երկրի, պետականության համար դրական` ոչինչ",- կարծում է կուսակցության ղեկավարը: Պետրոս Մակեյանը վստահ է`"եռյակն" այս տարի գոլորշի բաց թողնելու սկզբունքով է աշխատել:
-Իսկ արդյո՞ք գոլորշի բաց թողնելու սկզբունքով "եռյակը" կգործի նաեւ 2015-ին:
- Քանի դեռ "եռյակին" կարողանալու է օգտագործել իշխանությունը, այո: Բայց եթե իրենք քաղաքական միավոր են, որեւէ խնդիր չունեն` իշխանությունը վերցնելու:
- Ըստ Ձեզ` "եռյակը" քաղաքական մեկ միասնական միավո՞ր է:
- Դա այլ խնդիր է: Սուտ կլինի, եթե ասենք, որ նրանց լիդերներն ու ակտիվ մասսան ընկալում է, իրենք ո՞ւր են մտել, ի՞նչ խնդիր են լուծում: Իրենք մեծ հաշվով, չեն էլ ցանկանում իշխանություն վերցնել ու կրել պատասխանատվություն: Ես հասկանում եմ, որ 2008-ից սկսած` իրենք չեն ցանկանում իշխանություն վերցնել: Մենք էլ կուրորեն հետեւում էինք ու մտածում, որ արվում են քաղաքական քայլեր, ու վստահում էինք: "Եռյակն" իրեն ավելի լավ է զգում այս կարգավիճակում: "Եռյակի" սկսած շարժումը կավարտվի այն ժամանակ, երբ վարչախումբը ցանկանա:
- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ մեսիջ ուղարկեց Ռուսաստանին` համարելով Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությունն անշրջելի:
- ՀԱԿ-ը Ռուսաստանին մեսիջներ նոր չի ուղարկում, բայց ՌԴ-ն չի վստահում ՀԱԿ-ին, ուղղակի օգտագործում է նրան, ինչպես` ԲՀԿ-ի լիդերներին: Փաստերը դա են ցույց տալիս:
- Վերջին շրջանում, կարծես թե, փորձ է արվում` ՀՅԴ-ին ՕԵԿ-ով փոխարինելու, որի վառ ապացույցը համատեղ մի շարք նախաձեռնություններով հանդես գալն է: Արդյո՞ք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընդունի ՕԵԿ-ին եւ նրա առաջնորդին:
- Այն, ինչ դրսեւորվում է ՀԱԿ-ի մոտ 2011թ.-ից, հիմք է տալիս ասելու, որ ՕԵԿ-ի հետ ՀԱԿ-ը համագործակցում է խորհրդարանում:
- Լեւոն Տեր-Պետրոսյանն Արթուր Բաղդասարյանին դավաճան էր համարում, երբ նա սեղմեց իշխանության պարզած ձեռքը, կների՞ հիմա ՀԱԿ առաջնորդն ՕԵԿ ղեկավարին:
- Հիմա էլ նա մեզ է դավաճան համարում, որ 2011-ին քննադատել ենք իր ոչ հեռանկարային, բուրժուադեմոկրատական հեղափոխության սցենարը: Մի որոշ ժամանակ անց, գուցե մեզ գործընկեր ճանաչի:
- Իսկ Դուք կհամաձայնե՞ք:
- Ես երկրորդ անգամ մտել եմ այդ հոսանքի մեջ: Երրորդ անգամ տհասություն կլինի ՀԱԿ-ի հետ գործընկեր համարվելը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

