ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. "ՀԱԿ-Ի ՈԻ ԲՀԿ-Ի ԴԱԲՐՈՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ"
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. "ՀԱԿ-Ի ՈԻ ԲՀԿ-Ի ԴԱԲՐՈՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ"
"Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում, որ միասնական օրակարգը պետք է ձեւավորի ժողովուրդը, եթե հոկտեմբերի 24-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժման ղեկավարությունից, շարժմանը հավատացողներից հայցեց տակտիկական հարցերն ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը: "Դրանք տարբեր բաներ են: Օրակարգն ավելի շուտ վերաբերում է ստրատեգիային: Իսկ տակտիկան ընդամենը օպերատիվ քայլերն են",- պարզաբանում է քաղաքական գործիչը: Կուսակցության փոխնախագահը վստահ է` ժողովուրդն այս պահին կարծես թե ձեւավորել է իր պահանջը` իշխանափոխություն:
-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ միասնական օրակարգը չի ձեւավորվում, առավելեւս, եթե ժողովուրդը ձեւակերպել է իր պահանջը:
- Օրակարգը ձեւավորվելն ու դա իրականացնելու քայլերն իրար հետ պետք է տեղի ունենան: Քանի որ դեռեւս վերջնական որոշված չեն մնացած քայլերը, կարծես թե պատճառը դա է: Հուսամ` 2015 թ.-ի սկզբին անմիջապես հարցը կլուծենք եւ ձեզ հուսախաբ չենք անի:
- Իսկ եթե այդ քայլերը չլինեն, միասնական օրակարգն էլ չձեւավորվի՞…
- Շատ վատ կլինի…
- "Ժառանգությունն" այդ դեպքում դուրս կգա՞, կամ իրեն կհանե՞ն "եռյակից":
- Նմանատիպ հարց դրված չէ: Եթե միասնական օրակարգը չձեւավորվի, ժողովրդի պահանջն ի կատար չածվի, ես ձեր հարցերին կպատասխանեմ: Բայց ես լիահույս եմ, որ միասնական օրակարգը կձեւավորվի, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կլինեն:
- Միգուցե, օրակարգի ձեւավորման համար "Ժառանգությունը" սպասում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, այսպես ասած, "դաբրոյին":
- "Դաբրոյի" խնդիր չկա: Սա միասնական պայքար պետք է լինի: Ընդ որում, ոչ միայն երեք ուժերի, այլեւ ավելի լայն կոնսոլիդիացիա է անհրաժեշտ` երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:
- Կարծիք կա, որ "Ժառանգությանը" հնարավոր է ՕԵԿ-ով փոխարինեն, որի հետ վերջին շրջանում տարբեր խնդիրների շուրջ "եռյակի" մյուս ուժերը` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, համագործակցում են:
- "Ժառանգությունում" որեւէ նման հարց դրված չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

