ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Դոլար-դրամ փոխարժեքի շուրջ մի քանի օր տեւած քաոսային իրավիճակը առաջ է քաշում մի հիմնախնդիր` թե ինչքան փխրուն կարող է լինել մեր երկրի բնականոն կյանքը: Փաստորեն, եւս մի քիչ, ու տնտեսական կյանքն ամբողջովին կազմալուծվելու էր, ինչի արդյունքը լինելու էր հսկայածավալ տարերային բունտը: Բայց պահանջվեց ընդամենը երկրի նախագահի խիստ պահանջը` ֆինանսական բլոկի պատասխանատուներին, որպեսզի, բառիս բուն իմաստով, մեկ օրում ֆինանսները կայունանան:
Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ նույն Կենտրոնական բանկը, նույն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չէին գործում իրենց լիազորությունների եւ իրենց պարտականությունների շրջանակում, այլ սպասում էին բռունցքը սեղանին խփելուն:
ՍԱԲՈՏԱ՞Ժ,
ԹԵ՞ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնատար անձանց վերաբերյալ գոյություն ունի իրավական կատեգորիա, որն ամրագրված է նաեւ քրեական օրենսդրությունում` հանցավոր անփութություն: Եվ այն ենթադրում է բավականին ծանր պատիժներ, եթե դրա հետեւանքները լինում են ծանր: Մինչդեռ, մեր երկրում մազ էր մնացել մինչեւ ոչ միայն ծանր, այլեւ ծանրագույն հետեւանքներ: Ու մինչ երկրի ղեկավարի խիստ հանձնարարականը, այդ պատասխանատուները բնակչությանը կերակրում էին հեքիաթներով, թե այն, ինչ տեղի է ունենում, գալիս է Ռուսաստանից:
Անշուշտ, Ռուսաստանում տեղի ունեցողը իր ազդեցությունը թողնում էր, բայց ֆինանսական քաոսի պատճառ դա լինել չէր կարող: Իսկ եթե հիշենք, որ երկրի ֆինանսները կարգավորող օղակները ավանդաբար հագեցած են եղել ամերիկյան կադրերով, ու հիմա էլ այդպես է, ապա արդյո՞ք հիմքից զուրկ են ենթադրությունները, որ ֆինանսական քաոսը ստեղծվել էր միտումնավոր, որ դա ոչ թե հանցավոր անփութության, այլ հանցավոր դիտավորության հետեւանք էր:
Արդյո՞ք ազգային անվտանգության մարմինները եւ ոստիկանության` կազմակերպված հանցավորությամբ զբաղվող ստորաբաժանումն ուսումնասիրել են ֆինանսական քաոսի հանգամանքները, պարզելու համար հանցավոր դիտավորության առկայությունը կամ բացակայությունը: Մենք այդ հարցի պատասխանը չգիտենք:
Սակայն պարզ է, թե ինչպիսի սահմռկելի շարունակություն կարող էր լինել: Տնտեսական կյանքի կազմալուծումը, վստահաբար, զանգվածներին դուրս կբերեր փողոց: Դրան էլ ավելի կնպաստեր գործադուլների հետեւանքով տրանսպորտի աշխատանքի կազմալուծումը: Եվ եթե սկզբում վարորդները բողոքում էին` գազալցակայաններում թանկացումների դեմ, ապա լցակայանների հարցի կարգավորումից հետո պահանջը փոխվեց դեպի ուղեվարձի թանկացում: Այդ ի՞նչ անտեսանելի ձեռք էր ուղղորդում իբր տարերային բողոքները:
Բայց, բարեբախտաբար, արգելակները ժամանակին քաշելու շնորհիվ տնտեսությունն ու դրա հետ միասին հանրային կյանքը մտան բնականոն հունի մեջ: Եղան միայն մնացորդային երեւույթներ` մի քանի տասնյակ հոգով բողոքի ցույցը կառավարության մոտ, տրանսպորտային մասնակի եւ դեպի մարում գնացող գործադուլներ, գումարած նաեւ առեւտրի կետերի մի մասում աննորմալ գների պահպանում: Վատագույնից` քաոսից, խուսափեցինք: Բայց հարցը մնաց` ո՞վ էր փորձում կազմակերպել քաոս` որպես պատիժ ԵՏՄ մտնելու համար, եւ ովքե՞ր էին երկրի ներսի կատարողները:
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿՐՔԵՐ`
ԱԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Ինչպես հայտնի է, ե՛ւ տարբեր ամբիոններից, ե՛ւ հանրահավաքային հարթակներից, ե՛ւ "Ֆեյսբուքում" անպակաս էին բռնի իշխանափոխության, երբեմն նաեւ` անգամ բարձրաստիճան ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչերը: Տարիներ շարունակ դրան ոչ մի ուշադրություն ոչ ոք չէր դարձնում, թերեւս առաջնորդվելով "հաչան շունը կծան չի լինում" կարգախոսով:
Այնուամենայնիվ, ԱԱԾ մասնագիտական տոնի առթիվ ելույթ ունենալով` այդ գերատեսչության տնօրեն Գորիկ Հակոբյանը մասնավորապես ասել է. "Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասին կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր: Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները` հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք": ԱԱԾ տնօրենը նաեւ անդրադարձավ Սփյուռքին ՀՀ ներքաղաքական հարցերի մեջ ներքաշելու փորձերին, մատնանշելով, որ դա ազգային միասնությունը պառակտող երեւույթ է, ու հորդորեց ձեռնպահ մնալ դրանից:
Ու սկսվեց մի աներեւակայելի աղմուկ, թե բռնատիրության սառը շունչն է փչում, վերադառնում են սովետական ԿԳԲ-ի ժամանակները, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ չի եղել ոչ մի արտառոց բան: Սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերը միշտ էլ համարվել են քրեորեն պատժելի արարք, պարզապես, տարիներ շարունակ այդ օրենքը չի կիրառվել: Հիմա ԱԱԾ-ի տնօրենը ընդամենն ասել է, որ այդ օրենքը կիրառվելու է: Դե, լավ է ուշ, քան երբեք: Թեեւ տարիների ընթացքում այդպիսի կոչերը լուրջ հետեւանքներ չեն ունեցել, այնուամենայնիվ, չէր կարելի թույլ տալ, որ տեղեկատվական դաշտը մշտապես դրանցով հագեցած լիներ, քանզի ժամանակի ընթացքում դա ձեւավորում էր մտայնություն, որ եթե ուժդ պատի, ապա թույլատրելի է ցանկացած հակաօրինական կամ հակասահմանադրական գործողություն իրականացնել: Իսկ այժմ ընդամենը եկել է այդ մտայնությունը դադարեցնելու ժամանակը: Եվ ծլեց նաեւ քաղաքական հայտարարություն, որի հեղինակը, դե իհարկե, ՀԱԿ-ն է. "Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը: Եթե Հայաստանի սահամանադրական կարգին սպառնում է ինչ- որ բան, ապա դա գործող ռեժիմն է եւ նրա կազմակերպած շարունակական բռնարարքները` քաղաքացիների ու քաղաքական ուժերի դեմ: Ուստի, Կոնգրեսը այն դիտարկում է հերթական մի օղակ` հասարակությանն ահաբեկելուն ուղղված եւ ռեժիմի ձեռնարկած վերջին շրջանի բռնարարքների շղթայում (որի վերջին դրվագը ակտիվիստ երիտասարդի վրա հարձակումն էր)` ուղղված համաժողովրդական շարժման թափը կոտրելուն, ինչը դատապարտված է ձախողման":
Պարզ է, որ նրանք, ովքեր սովոր են հնչեցնել ցանկացած կոչեր, շոկի մեջ են ընկնում, երբ ուժային որեւէ կառույցի ղեկավարը նշում է, որ օրենքը կիրառվելու է, եւ հանցագործություն հանդիսացող կոչերը պատժվելու են: Սկզբում սեփական լեզվին հետեւել կսովորեն քաղաքական գործիչներն ու ակտիվիստները, ում եւ իր խոսքն ուղղել էր ԱԱԾ տնօրենը, իսկ հետո արդեն "Ֆեյսբուքի" հայկական սեկտորը կմաքրվի այդպիսի կոչերից, որոնք այսօր անպայման այդ սոցիալական ցանցի ցանկացած օգտատիրոջ աչքին ընկնում են, անգամ, եթե այդ մարդը բացարձակապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ:
Այժմյան այդ վայնասունն էլ` "ճնշելու", "վախեցնելու" եւ այլնի վերաբերյալ, ժամանակի ընթացքում նույնպես կմարի: Խոսքի ու կարծիքի ազատության տեսակետից Հայաստանը կշարունակի մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ երկիրը (դա է փաստը, այլ ոչ թե արեւմտյան տարատեսակ հնարովի "ռեյտինգները"), սակայն այդ խոսքը կմաքրվի բռնության, ապօրինության կոչերից եւ հայհոյանքից: Թե չէ այն, ինչ կա այսօր, բացի ոչ այնքան անվտանգ լինելուց, նաեւ տհաճ է` հայհոյանք ենք լսում պատգամավորներից, հայհոյանքն ենք լսում ակտիվիստներից, հայհոյանքն ենք լսում սոցցանցերի օգտատերերից` լինեն նրանք իշխանամետ, թե ընդդիմադիր, ոչ պակաս գարշելի բառապաշարով են խոսում նաեւ սերիալների հերոսները: Ի վերջո, երեւի թե իրավացի են այն հետազոտողները, ովքեր պնդում են, որ հայհոյանքից նույնիսկ ջուրն է փչանում: Ու առավել եւս, աշխարհիս ամենաշքեղ եւ կատարյալ լեզուն ունեցող հայերիս պարզապես սազական չէ ունենալ կեղտոտ, գարշահոտ լեզվական միջավայր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

