ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. ««ԵՌՅԱԿԸ» 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈԼՈՐՇԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԱՇԽԱՏԵԼ»
Արխիվ 12-16ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. ««ԵՌՅԱԿԸ» 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈԼՈՐՇԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԱՇԽԱՏԵԼ»
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե եռյակը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգություն», հաջողվե՞ց թեժ աշուն ապահովել: «Իշխանության սցենարով` այո, «եռյակը» կարողացավ թեժ աշուն ապահովել, բայց երկրի, պետականության համար դրական` ոչինչ»,- կարծում է կուսակցության ղեկավարը:
Պետրոս Մակեյանը վստահ է`«եռյակն» այս տարի գոլորշի բաց թողնելու սկզբունքով է աշխատել:
- Իսկ արդյոք գոլորշի բաց թողնելու սկզբունքով «Եռյակը» կգործի նաեւ 2015-ին:
- Քանի դեռ «եռյակին» կարողանալու է օգտագործել իշխանությունը, այո: Բայց եթե իրենք քաղաքական միավոր են, որեւէ խնդիր չունեն վերցնել իշխանությունը:
- Ըստ Ձեզ` «Եռյակը քաղաքական մեկ միասնական միավո՞ր է:
- Դա այլ խնդիր է: Սուտ կլինի, եթե ասենք, որ նրանց լիդերներն ու ակտիվ մասսան ընկալում, է, իրենք ուր են մտել, ինչի խնդիր են լուծում: Իրենք մեծ հաշվով չեն էլ ցանկանում իշխանություն վերցնել ու կրել պատասխանատվություն: Ես հասկանում եմ, որ 2008-ից սկսած` իրենք իշխանություն չեն ցանկանում վերցնել: Մենք էլ կուրորեն հետեւում էինք ու մտածում, որ արվում են քաղաքական քայլեր, ու վստահում էինք: «Եռյակն» իրեն ավելի լավ է զգում այս կարգավիճակում: «Եռյակի» սկսած շարժումը կավարտվի այն ժամանակ, երբ վարչախումբը ցանկանա:
- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ մեսիջ ուղարկեց Ռուսաստանին համարելով Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությունն անշրջելի:
- ՀԱԿ-ը Ռուսաստանին մեսիջներ նոր չի ուղարկում, բայց ՌԴ-ը չի վստահում ՀԱԿ-ին, ուղղակի օգտագործում է նրան, ինչպես ԲՀԿ-ի լիդերներին: Փաստերը դա են ցույց տալիս:
- Վերջին շրջանում կարծես թե փորձ է արվում ՀՅԴ-ին ՕԵԿ-ով փոխարինելու, որի վառ ապացույցը մի շարք համատեղ նախաձեռնություններով հանդես գալն է: Արդյոք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընդունի ՕԵԿ-ին եւ նրա առաջնորդին:
- Այն, ինչ դրսեւորվում է ՀԱԿ-ի մոտ 2011թ.-ից, հիմք է տալիս ասելու, որ ՕԵԿ-ի հետ ՀԱԿ-ը համագործակցում է խորհրդարանում:
- Լեւոն Տեր-Պետրոսյանն Արթուր Բաղդասարյանին դավաճան էր համարում, երբ նա սեղմեց իշխանության պարզած ձեռքը, կների՞ հիմա ՀԱԿ առաջնորդն ՕԵԿ ղեկավարին:
- Հիմա էլ նա մեզ է դավաճան համարում, որ 2011-ին քննադատել ենք իր ոչ հեռանկարային, բուրժուադեմոկրատական հեղափոխության սցենարը: Մի որոշ ժամանակ անց գուցե մեզ գործընկեր ճանաչի:
- Իսկ Դուք կհամաձայնե՞ք:
- Ես երկրորդ անգամ մտել եմ այդ հոսանքի մեջ: Երրորդ անգամ տհասություն կլինի ՀԱԿ-ի հետ գործընկեր համարվելը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

