ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԴԱԲՐՈՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱԿ-Ի ՈԻ ԲՀԿ-Ի ԴԱԲՐՈՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում, որ միասնական օրակարգը պետք է ձեւավորի ժողովուրդը, եթե հոկտեմբերի 24-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժման ղեկավարությունը շարժմանը հավատացողներից հայցեց տակտիկական հարցերն ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը: «Դրանք տարբեր բաներ են: Օրակարգն ավելի շուտ վերաբերում է ստրատեգիային: Իսկ տակտիկան ընդամենը օպերատիվ քայլերն են»,- պարզաբանում է քաղաքական գործիչը:
Կուսակցության փոխնախագահը վստահ է` ժողովուրդն այս պահին կարծես թե ձեւավորել է իր պահանջը` իշխանափոխություն:
- Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ միասնական օրակարգը չի ձեւավորում, առավելեւս, եթե ժողովուրդը ձեւակերպել է իր պահանջը:
- Օրակարգը ձեւավորվելն ու դա իրականացնելու քայլերն իրար հետ պետք է տեղի ունենան: Քանի որ դեռեւս վերջնական որոշված չեն մնացած քայլերը, կարծես թե պատճառը դա է: Հուսամ` 2015 թ-ի սկզբին անմիջապես հարցը կլուծենք եւ ձեզ հուսախաբ չենք անի:
- Իսկ եթե այդ քայլերը չլինեն, միասնական օրակարգն էլ չձեւավորվի՞…
- Շատ վատ կլինի…
- «Ժառանգությունն» այդ դեպքում դուրս կգա՞, կամ իրեն կհանե՞ն «Եռյակից»:
- Նմանատիպ հարց դրված չէ: Եթե միասնական օրակարգը չձեւավորվի, ժողովրդի պահանջն ի կատար չածվի, ես ձեր հարցերին կպատասխանեմ: Բայց ես լիահույս եմ, որ որ միասնական օրակարգը կձեւավորվի, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կլինեն:
- Միգուցե օրակարգի ձեւավորման համար «Ժառանգությունը» սպասում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, այսպես ասած, «դաբրոյին»:
- «Դաբրոյի» խնդիր չկա: Սա միասնական պայքար պետք է լինի: Ընդ որում, ոչ միայն երեք ուժերի, այլեւ ավելի լայն կոնսոլիդիացիա է անհրաժեշտ`երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:
- Կարծիք կա, որ «Ժառանգությանը» հնարավոր է ՕԵԿ-ով փոխարինեն, որի հետ վերջին շրջանում տարբեր խնդիրների շուրջ «եռյակի» մյուս ուժերը` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը, համագործակցում են:
- «Ժառանգություն»-ում որեւէ նման հարց դրված չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

