«ԵՐԲ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՐՑ Է ՈՒՂՂՈՒՄ, ԲԱՐԻ ԵՂԵՔ ԱՍԵԼ, ՈՐ ԴՐԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԵՔ, ԲԱՅՑ ՄԻ՛ ՎԻՃԵՔ»
Արխիվ 12-16ԱԺ նախագահը հորդորում է.
«ԵՐԲ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՐՑ Է ՈՒՂՂՈՒՄ, ԲԱՐԻ ԵՂԵՔ ԱՍԵԼ, ՈՐ
ԴՐԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԵՔ, ԲԱՅՑ ՄԻ՛ ՎԻՃԵՔ»
«Իրավունքը» տարեվերջյան բացառիկ հարցազրույց ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: Արտաքին ու ներքին քաղաքական, նախատոնական ու ընտանեկան հարցերի շուրջ անկեղծ ու բովանդակ զրույցի ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ խորհրդարանականներ ու լրագրողներ փոխհարաբերություններին. «Երբեմն տարբեր առումներով հարվածներ ենք ստանում մամուլից, կայքերից: Վերջերս էլ մեծ աղմուկ էր բարձրացրել այն, թե ժողովուրդը սոված` սալահատակում են Ազգային ժողովի բակը` չմտածելով, որ Հայաստանը ներկայանում է մարդկանցով, իր մթնոլորտով, իսկ Ազգային ժողովն այն տեղն է, որտեղ ամբողջ Եվրոպայի ներկայացուցիչները այսպես, թե այնպես, առնչվում են եւ ինչպես մենք դրսում, այնպես էլ նրանք այստեղ կարծիք են կազմում պետության մասին: Ապա հիշեցրեց. «Ազգային ժողովի կոտրտված սալահատակներն արդեն 40-45 տարեկան էին: Իհարկե, այստեղ էլ ուղղվածությունների խնդիր է` մամուլը գնահատում կամ որոշակի դիրքորոշումներ է արտահայտում այս կամ այն ուժի կողմից ընդդեմ հակառակ ուժի: Դրանք բնական եմ համարում եւ հենց մեր դերն ու դերակատարումն այն է, որ պիտի անընդհատ խոցելի լինենք` ոչ թե միայն ճշմարտությունների հետեւանքով, այլ նաեւ ենթադրությունների: Դա ավելի զգայուն է պահում Ազգային ժողովը, առավելապես իշխանություններին: Պարզապես, կարծում եմ` 2015 թվականին պիտի կարողանանք անձի նկատմամբ վերաբերմունքի եւ տեսակետների արտահայտման զուսպ մեխանիզմներ որոնել, առավել եւս երեւույթների քննադատումը չի կարելի անձնավորել անձերի կամ մեկ անձի շուրջ: Սա հոգեբանորեն ազդում է ե՛ւ հասարակության վրա, ե՛ւ ընդհանուր գործընթացների»: Քանի որ անդրադարձ կատարվեց լրագրողներին, իհարկե, պարոն Սահակյանից հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում խորհրդարանում հավատարմագիր չկրելու լրագրողների ըմբոստությանը ու ԱԺ աշխատակազմի համառությանը. «Կարծում եմ, որ հնարավորինս կկարողանանք նաեւ ավելի ազատկանացնել խորհրդարանի գործունեությունը կապված թե՛ աշխատակազմի, թե՛ պատգամավորների եւ թե՛ լրագրողների հարցում: Միշտ լրագրողները տրտնջում են, որովհետեւ աշխարհում ընդունված կարգ է եւ դա էլ իներցիայով մտել է մեր միջավայր, որ եթե լրագրողների նկատմամբ նույնիսկ որոշակի կանխամտածված ճնշումների մեխանիզմը թուլանում է, ստացվում է, որ հայկական մամուլը, կարծես, իր տեղում չէ: Եվ անընդհատ մտածում են, որ կան խոշտանգողներ, մամուլի վրա հարձակում են գործում, Ազգային ժողովում, եթե մամուլի աշխատողը պիտի կրի տեղեկատվական իր անուն-ազգանունը, սա լրագրողի դեմ է, մի խոսքով` ինչեր ասես…Այդ կապակցությամբ, երբ լրագրողներն ինձ հարց ուղղեցին, ես ասացի` դուք ասում եք պարոն Սահակյան, բայց ես էլ ուզում եմ ձեզ դիմեմ, ինչպե՞ս դիմեմ: Դուք ինձ անընդհատ տեսնում եք, ճանաչում եք, բայց ես էլ ուզում եմ նույն ձեւով Ձեզ դիմել, դրանից հետո, կարծես թե, ստեղծված կարծրությունը գնալով նվազեց: Ես պիտի հասնեմ նրան, որ երբեք ու երբեք ո՛չ լրագրողները, ո՛չ պատգամավորները տեղի չտան կոշտ ու կոպիտ փոխհարաբերությունների»: Իսկ թե ի՞նչ է անհրաժեշտ` խուսափելու համար այդ կոշտ ու կոպիտ փոխհարաբերություններից, հատկապես երբ լրատվամիջոցները փնտրում են ինտրիգային նյութեր, պարոն Սահակյանն առաջարկում է. «Ես հորդորել ու հորդորում եմ պատգամավորներին` ասելով, որ երբեք ու երբեք հնարավոր չէ մեկ անձը ամբողջական ինֆորմացիայի տիրապետի: Երբ լրագրողը հարց է ուղղում, բարի եղեք ասել, որ դրանից տեղեկացված չեք, բայց մի՛ վիճեք: Բայց միեւնույն ժամանակ, մանավանդ կայքային լրագրողները, հատուկ քողարկված սվիններ ունեն, որպեսզի ինչ-որ մի արտահայտություն կորզեն ու համապատասխան կայքը շատ հաճախորդներ ունենա: Սա էլ կարծում եմ` մեր բանական խեղճությունից է գալիս եւ տարիներ հետո դա էլ կկարգավորվի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- ԱԺ նախագահի բացառիկ տարեվերջյան հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

