ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՅՈԹԸ ՍԱՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ. Քաղաքապետ
Արխիվ 12-16ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՅՈԹԸ ՍԱՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ. Քաղաքապետ
Արդեն ետեւում են հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Չարենցավան քաղաքում այն առանձնացավ հանդարտությամբ եւ միեւնույն ժամանակ ընտրողների ակտիվ մասնակցությամբ, որոնք իրենց վստահության քվեն 98%-ով վստահեցին գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին: Շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ` փորձեցինք նրանից պարզել տեղի ունեցած ընտրության ընթացքի եւ նրա նկատմամբ ընտրողների այդպիսի մեծ վստահության պատճառները:
- Հաշվի առնելով, որ ընտրապայքար չկար որպես այդպիսին, քանի որ միակ թեկնածուն ես էի, շատ բարձր եմ գնահատում բնակչության ակտիվությունը, ինչի համար էլ շնորհակալությունս եմ հայտնում մեր համաքաղաքացիներին ակտիվության եւ մեծ վստահության համար: Քանի որ ի սկզբանե բնակչության մեջ տարածված էր այն կարծիքը, որ միակ թեկնածուն ես եմ եւ եթե նույնիսկ չմասնակցեն ընտրությանը, չքվեարկեն եւ իրենց քաղաքացիական պարտքը չկատարեն, միեւնույն է` քաղաքապետն ընտրված է որպես միակ թեկնածու, այդ պատճառով որոշակի քարոզչական աշխատանքներ կատարվեցին իմ քարոզչական շտաբի աշխատակիցների կողմից` զուտ, նախեւառաջ, իրազեկելու բնակչությանը, որ տեղի են ունենում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները, եւ ես ու իմ թիմակիցները մի խնդրանքով դիմեցինք համաքաղաքացիներին, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ իրենց քվեարկությամբ վավերացնեն իրենց դիրքորոշումը իմ թեկնածության վերաբերյալ: Ասեմ ձեզ, որ ես նաեւ ունեցել եմ հանդիպումներ բնակչության հետ, որի ընթացքում հակիրճ խոսել եմ իմ անցած տարիների աշխատանքների վերաբերյալ, ավելի մանրամասն ներկայացրել եմ բուկլետի տեսքով արված աշխատանքների մասին եւ ավելի մանրամասնել եմ ապագա չորս տարիների ընթացքում նախատեսված իրականացվելիք ծրագրերը: Ընտրությանը մասնակցելու խնդրանքը նաեւ նրա համար էր, որպեսզի ես ինքս հասկանամ` արդյոք բնակիչները կողմ են իմ նախագծերին, թե` դեմ:
- Պաշտոնավարել եք երկու ժամանակահատված: Ինչ վիճակում եք քաղաքն ընդունել եւ ինչ աշխատանքներ եք կատարել: Կխնդրեի առանձնացնել առավել գլոբալ աշխատանքները:
- Եթե մտովի ետ վերադառնանք 8 տարի առաջ` 2007թ. ձմեո, ապա ասեմ, որ կային շատ կուտակված խնդիրներ, հոգեւոր մշակութայինից սկսած` կենցաղայինով ավարտված: Քաղաքի կիսակառույց մշակույթի տունը մասնակի վերանորոգելուց հետո այնտեղ տեղափոխեցինք արվեստի դպրոցը, որը գտնվում էր հին մանկապարտեզի շենքում ու այսօր մեր արվեստի դպրոցը, որը ունի վեց հարյուրից ավելի սովորող, լավագույններից մեկն է հանրապետությունում: Սրա հետ մեկտեղ, բարվոք չէր նաեւ քաղաքի սանիտարական վիճակը: Որոշ թաղամասերի բակերում եւ նախկինում գոյություն ունեցող կանաչապատ գոտիներում կուտակվել էր շուրջ 10-20 տարվա աղբ, որի հեռացումը առաջնահերթ խնդիր էր, եւ եթե թվային տվյալներով ասեմ, մոտավորապես 70-100 բեռնատար ավտոմեքենա աղբ հեռացվել է հենց առաջին պաշտոնավարման տարում: Կար բնակֆոնդի հետ կապված խնդիրներ` սկսած տանիքներից` թե թեք, թե հարթ, մուտքերում ահավոր վիճակ էր, եւ նույնիսկ ջրագծերը, կոյուղագծերը այնպիսի վիճակում էին, որ հրատապ լուծումներ էին պահանջում: Իսկ հետագայում արդեն այդ խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունեցանք անդրադարձ կատարել ընթացիկ աշխատանքներին, այսինքն չսպասելով, որ առօրյա խնդիրները վերածվեն հրատապ լուծում պահանջող խնդրիների, այլ կանխարգելիչ միջոցների շնորհիվ տրվեն համապատասխան լուծումներ` չսպասելով բնակչության ահազանգերին:
- Ինչ չավարտված ու նոր նախագծեր եւ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:
- Առաջիկայի չավարտված ծրագրերից է համատարած ասֆալտապատումը: Իմ պաշտոնավարման առաջին տարիներին հիմնականում փոսային ասֆալտապատումն էր իրականացվում, որովհետեւ թե բյուջեի միջոցներն էին այդպիսին, եւ թե հնարավորություն չկար ամբողջ քաղաքին անդրադառնալ համատարած ասֆալտապատման միջոցով: Այս տարիների ընթացքում փոսային ասֆալտապատմամբ որոշակի բարելավելով թե կենտրոնական փողոցները, եւ թե բակային հատվածները, վերջին 2-3 տարիներին անցանք համատարած ասֆալտապատման, որը ավելի հեռանկարային է, քանի որ փոսային ասֆալտապատման պարագայում հարցը լուծվում է 1-2 տարի կտրվածքով, իսկ համատարածի դեպքում խոսքը գնում է տասնամյակների մասին: Այս`2015թ-ից, իրագործվելու է համատարած բակային ասֆալտապատում: Հետագա ծրագրերից են երկու մսուր-մանկապարտեզների հիմնանորոգումը: Մենք քաղաքում ունենք հինգ մանկապարտեզ, որից երկուսն արդեն հիմնովին վերանորոգվել են նախորդ տարիների ընթացքում եւ նոր գույքով են համալրվել: Արդեն իսկ պայմանավորվածություն կա սոց. ներդրումների հիմնադրամի հետ, որպեսզի 2015թ. պետական բյուջեի համաֆինանսավորմամբ ու, իհարկե, նաեւ մեր համայնքային բյուջեի միջոցների հաշվին եւս երկու մանկապարտեզ վերանորոգվեն:
- Ավարտին է մոտենում 2014 թվականը: Ինչ եք ակընկալում գալիք տարուց եւ, ընդհանրապես, ինչպիսին եք տեսնում քաղաքի ապագան:
- Նախ օգտվելով ընձեռված հնարավորությունից` ցանկանում եմ շնորհավորել «Իրավունք» թերթի աշխատակազմի եւ ընթերցողների, ինչպես նաեւ մեր ժողովրդի ամանորը: Իսկ Չարենցավանի մասին ասեմ, մենք իհարկե կձգտենք կատարել մեր պարտականությունները եւ նախատեսած ծրագրերը, սակայն այս ամենի արդյունքը գնահատողի` ժողովրդի ապագան ավելի բարվոք լինելու համար մեր քաղաքում, որը ժամանակին եղել է Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը, անհրաժեշտ են նոր աշխատատեղեր եւ ներդրումներ, որոնք, իմ կարծիքով, երկրի իշխանությունների` այսօրվա իրականացրած քաղաքականության շրջանակներում յոթ սարի ետեւում չեն:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

