«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ, ԿԱՄ Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 12-16«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ, ԿԱՄ Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ
Երեկ ՀՀ Կառավարության նիստից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների գրեթե նորընտիր նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ 2015 թ. հունվարի 1-ից մեկնարկող սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրին. «Մենք շարունակելու ենք այդ աջակցությունը եւ բոլոր ուղղություններով աջակցելու ենք: Երկուշաբթի օրվանից լինելով բոլոր մարզերում` ծանոթանում եմ համայնքի ղեկավարների հետ ու զրուցում: Այնպես կանենք, որ բոլոր հարցերը, որոնք կան ծառացած, նախարարության ուշադրության կենտրոնում լինեն: Այնպես որ, աշխատանքներ տանում ենք բոլորի հետ»: Ապա խոսելով համայնքային խնդիրների մասին` հավելեց. «Պետք է ուսումնասիրել համայնք առ համայնք, որովհետեւ յուրաքանչյուր համայնք ունի իր խնդիրները: Ունենք 915 համայնք, եւ այդպես չէ, որ բոլոր համայնքները նույն խնդիրն ունեն: Ես արդեն ասել եմ, որ բոլոր հիմնական խնդիրները, որոնք կան, ինձ ներկայացնեն»: Փաստորեն, եթե ձեր համայնք դեռ չի եկել ՏԿԱԻ նախարարը, ապա սպասեք նրան, քանի որ կարող է դրական առումով «արտակարգ իրավիճակ» լինել հենց ձեր համայնքում, ու նախարարն անձամբ գա` լուծումներ տալու եղած խնդիրներին: Իսկ մինչ համայնքները կդիմավորեն պարոն Երիցյանին, պարզվում է, որ նա սպասված հյուր է նաեւ ներքին գործերում: Թեպետ դեռեւս քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ կարող է բացվել Ներքին գործերի նախարարություն, բայց արդեն իսկ որպես ՆԳ նախարար` շրջանառվում է Արմեն Երիցյանի անունը, սակայն այս մասին պարոն նախարարը չցանկացավ խոսել. «Ես հիմա ձգտում եմ իմ առջեւ դրված խնդիրները կատարել...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

