ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
Պեկինում ավարտված Համաշխարհային մտավոր խաղերում, որին մասնակցում էր նաեւ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, վերջին` բասկյան խաղի մրցաշարում գրանցած արդյունքները եւս հուսադրող չեն եւ չեն համապատասխանում հայ շախմատիստի կարգին: Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ տեղը: Դեկտեմբերի 17-ին Արոնյանը 1:1 հաշվով ավարտեց պարտիաները լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին եւ չինացի Վանգ Հաոյի հետ: Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին 7.5 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Չինաստանյան մրցաշարին մասնակցում էին նաեւ Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան:
Հիշեցնենք, որ 30 տուրից բաղկացած բլից մրցաշարում Արոնյանը գրավել էր չորրորդ տեղը:
Հայաստանի հավաքականի առաջատարը հավաքել էր 6 միավոր եւ մրցաշարն ավարտել` 17.5 միավորով, 2 միավոր զիջելով հաղթողի կոչմանն արժանացած ռուս Ալեքսանդր Գրիշչուկին: Երկրորդ տեղը գրաված ֆրանսիացի Մաքսիմ Վիշե Լագրավը վաստակել էր 18.5 միավոր: Լեւոն Արոնյանի ցուցադրած արդյունքները, անգամ բավարար համարել չի կարելի, վերջինս շարունակում է հիասթափեցնել երկրպագուներին: Այն դեպքում, երբ մեկնարկային 10 պարտիաներից հետո Արոնյանը 7 միավորով առաջատարների թվում էր, իսկ երկրորդ օրվանից հետո 11.5 միավորով բաժանում էր 4-5-րդ տեղերը: 30 տուրերում նա տարավ 13 հաղթանակ, կրեց 8 պարտություն եւ 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ շախմատիստն արդեն անգամ կայուն միջին արդյունք չի գրանցում, Արոնյանն զգալիորեն զիջել է դիրքերը, վերջինս ոչ միայն առաջին տեղի համար չի պայքարում, այլեւ երկրորդ տեղն է զիջում մրցակիցներին: Նախորդ մրցաշարերում եւս Արոնյանը հասցրել էր հիասթափեցնել երկրպագուներին, Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված "Տաշիր" մրցաշարում հայ գրոսմայստերը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Ի դեպ, Պեկինի արագ շախմատի մրցաշարում եւս գրավել էր չորրորդ տեղը: Արոնյանի վերջին շրջանում գրանցած արդյունքները հուշում են, որ ՖԻԴԵ-ի երբեմնի երկրորդ համարը քիչ-քիչ սկսվում է հարմարվել 4 թվին: Ի տարբերություն Հայաստանի մեր օրերի ամենահեղինակավոր շախմատիստի, մեր մյուս շախմատիստները տարբեր միջազգային մրցաշարերում հանդես են գալիս իրենց կարգին համապատասխան.
Այսպես, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 5 միավոր եւ լեհ գրոսմայստերներ Կլաուդիա Կուլոնի եւ Կարինա Շչեպկովսկա-Հորովսկայի հետ գլխավորում է աղյուսակը: Իսկ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: 4,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը (Ուկրաինա): Մեր շախմատիստների մեկ այլ խումբ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսավան, Լիլիթ Գալոյանը դեկտեմբերի 19-26-ը կմասնակցեն ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվելիք օփենին: Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

