ԵՐԲ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՐԲԵՄՆ ՔՈՂԱՐԿՎԱԾ Է ԳՈՐԾՈՒՄ
Արխիվ 12-16ՔՈՂԱՐԿՎԱԾ Է ԳՈՐԾՈՒՄ
Ավելի հեշտ է պայքարել արտաքին, քան ներքին թշնամու դեմ, քանի որ վերջինս ավելի վտանգավոր է եւ անսպասելի կարող է հարվածել թիկունքից: Յուրաքանչյուր օր մեր շրջապատում ի հայտ են գալիս ներքին թշնամիներ, ովքեր անձնական շահը գերադասելով հասարակական շահից` պատրաստ են նույնիսկ համագործակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր սպանել են իրենց պապերին եւ խլել նրանց հողը:
Օրեր առաջ ներքին թշնամիների աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ թուրք քաղաքագետ Հասան Ջեմալի "1915. Հայոց ցեղասպանություն" գրքի շնորհանդեսը: Վերջինս Հայոց ցեղասպության կազմկակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է: Թերեւս, սա արդեն բավական էր, որպեսզի արգելեին այդ մարդու մուտքը մեր երկիր, ով իր մեջ կրում է ցեղասպանի արյունը: Բայց ոչ, նրան բերեցին Հայաստան, ավելին` հերթական անգամ թուրք պարոնը հայերին անվանեց ահաբեկիչներ: Իսկ թե ինչ անհեթեթություններ էին գրված նրա գրքում, կթողնենք պատմաբանների եւ թուրքագետների մեկնաբանությանը, որպեսզի նրանք ավելի հանգամանորեն որոշ մարդկանց բացատրեն, որ գրքի վերնագիրը երբեմն կարող է չհամապատասխանել գրքում տեղ գտած մտքերին: Դժգոհելով Հայաստանում արժանացած ընդունելությունից` թուրք քաղաքագետը հայտարարեց, որ չեղյալ է համարում իր հանդիպումները հայկական Սփյուռքի հետ: Արդյո՞ք այդքան անհրաժեշտ էր, որ մեր թշնամու ժառանգի ձեռքով գրված եւ ապատեղեկատվություն պարունակող գիրքը բերվեր Հայաստան: Այս հրատապ հարցի շուրջ "Իրավունքը" զրուցեց գրողների միությունների նախագահների հետ:
"ԱՄԵՆ ԹՈՒՐՔԻ ԳՐԱԾ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱՆՔ
ՈՒ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ ԱՆԵՆՔ"
Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ.
- Մեր թուրքագետներն արդեն խոսել են գրքում տեղ գտած վիճելի մտքերի մասին: Ինչ պարտադիր էր` այդ մարդուն եւ նրա գիրքը բերել Հայաստան եւ անցկացնել շնորհանդես: Նախ` պետք է գիրքը կարդային, ցանկության դեպքում բանավեճ անցկացնեին, բայց ոչ թե շնորհանդես կազմակերպեին: Մինչեւ Հայաստան բերելը, պետք է պարզվեր` արդյո՞ք այդ գիրքն արժանի է, որ շնորհանդեսն անցկացվի Հայաստանում: Եթե թուրք քաղաքագետն ունի իր կարծիքը, ապա որտեղ ուզում է` թող գրի ու տպի: Թուրքը շատ բաներ կարող է գրել, բայց ամեն թուրքի գրած չէ, որ պետք է կարդանք ու շնորհանդեսներ անենք: Մեր մեջ միամտությունը շատ է արմատացել: Ես չգիտեմ` այսպիսի ծրագրեր ովքեր են իրականացնում, բայց պետք է նման հարցերի վրա մեծ ուշադրություն դարձվի:
"ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ՀԱՅԵՐԻ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ ԿՈՏՈՐՈՂ ԹՈՒՐՔԻ ԺԱՌԱՆԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ"
Երեւանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ.
- Այսօր Հայաստանում ով ինչ ցանկանում` անում է, սկսենք նրանից, թե ո՞ր կազմակերպությունների ջանքերով է թուրք քաղաքագետի գրքի շնորհանդեսը անցկացվում Հայաստանում: Արդյո՞ք տվյալ կազմակերպություններն ունեն փորձ` միջազգային ատյաններում գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք նրանք ունեն նպատակ, ծրագիր, որպեսզի ներկայացնեն այս կամ այն ոլորտը: Այսպիսի բաները մեզ համար երբեք կարեւոր չեն եղել, որի պատճառով էլ, ամեն ինչ ձախողվում է եւ առաջացնում հասարակական վրդովմունք: Ցավալի է տեսնել, որ հայերի նախնիներին կոտորող թուրքի ժառանգը գալիս է Հայաստան, դիմում վիրավորական արտահայտություններով... Արժե՞ր այսպիսի բան կազմակերպել սեփական երկրում: Կարծում եմ, որ այս խնդիրը շատ լուրջ պետք է դրվի, եւ կառավարությունը ձեռնարկի որոշակի քայլեր, որպեսզի ամեն մի կազմակերպություն ապտակ չհասցնի երկրին: Գուցե այսօր շատերը Երեւանում օտարերկրյա գործակալնե՞ր են:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

