"ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Այսօր Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա դերասան եւ դրամատուրգ Ադրիանա Սեւան Նիքոլսի "ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ" պիեսի առաջնախաղը, որի բեմադրությունն իրականացրել է ամերիկաբնակ բեմադրիչ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: "Իրավունքի" հետ զրույցում բեմադրիչը հայտնեց, որ ներկայացումը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին.
"Սա մի պատմություն է` ԱՄՆ-ում փախստականների կյանքի եւ մարդկային ոգու արիության մասին: Պիեսի գլխավոր հերոսները` Արտավազդն ու Ալիսան, Հայոց ցեղասպանությունից հետո նոր կյանք են կառուցում ԱՄՆ-ում, սակայն անցյալը նրանց տարբեր կերպ է հետապնդում: Առաջին անգամ պիեսը բեմադրվել է Նյու Ջերսիում: Հեղինակի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնություն ստացա այն բեմադրել Հայաստանում: Ուրախ եմ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հրավիրեց այն բեմադրել հենց Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ զբաղված է թատրոնի դերասանական կազմը": Բեմադրիչի փոխանցմամբ` այն պիեսի հեղինակի ընտանիքի պատմությունն է, որը կրում է եղեռնի հետեւանքները. "Պիեսը բավականին հետաքրքիր է կառուցված, տեսարանները շատ դինամիկ են: Հեղինակի տատը` մեծ մամը, Եղեռնի ականատեսն է եղել, անցյալի հուշերը նրան հետապնդել են, ու վերջինս ունեցել է մտային խանգարումներ, չի ճանաչել իր շրջապատի մարդկանց, նույնիսկ իր սեփական զավակներին եւ տարիներ շարունակ անցկացրել է հոգեբուժարանում": Իսկ թե ինչ կտանի իր հետ հանդիսատեսը` ներկայացումը դիտելուց հետո, Վ. Հովհաննիսյանը նախ դժվարացավ պատասխանել, ապա հավելեց. "Հանդիսատեսը դահլիճից կհեռանա հոգով մաքրված եւ թեթեւացած, համենայնդեպս, ես այդպես եմ ցանկանում":