ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՆՈՐ ԻՆՏՐԻԳՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ԿԱՄԵՐԱՅԻՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՆՈՐ ԻՆՏՐԻԳՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Գրեթե 3 ամիս է, ինչ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ազատվելով իր պաշտոնից` տնօրինում է Պետական կամերային երաժշտական թատրոնը. «Եթե անկեղծ, թատրոնն ինձ համար նորություն չէ, որովհետեւ վերջին 5 տարիներին ինքս եմ համակարգել թատերական դաշտը եւ այդ թվում նաեւ Կամերային երաժշտական թատրոնի աշխատանքային գործունեությունը, ինչը քաղաքականության իմաստով մեկ այլ աշխատանք է»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենը:
Այս ընթացքում ներկայացումներին զուգահեռ` վերանորոգման աշխատանքներ են սկսվել ոչ միայն թատրոնի շենքային հատվածում, այլ նաեւ վարչական տարածքում, որը Վ. Գրիգորյանի համոզմամբ` կավարտվի մինչեւ եկող տարվա սկիզբ:
Ըստ նրա` 2015 թվականին թատրոնն արդեն հանդիսատեսին կներկայանա ոչ միայն տեխնիկապես վերազինված, այլ ներկայացումների թարմացված կերպարային հագուստներով, նոր թատերական կազմով եւ նոր ներկայացումներով:
«ՄԵՐ ԹԱՏՐՈՆԸ ՇԱՏ ՃԿՈՒՆ Է»
-Արդեն 3-րդ ամիսն է` նշանակվել եմ թատրոնի տնօրեն, աշխատանքները եւ խնդիրները բավականին շատ են: Ի պատիվ նախկին տնօրենի, կարողացել է քիչ թե շատ պահպանել այն, ինչը հնարավոր է, թեպետ հիմա այդ ֆոնի վրա շատ անելիքներ ու ծրագրեր ունենք: Մեր թատրոնը շատ ճկուն է, ավելին կարող է անել, քան մեր մյուս բոլոր թատրոնները: Եթե նրանք ժանրային ուղղվածություն ունեն, ապա մեր թատրոնը այդ առումով կարող է սինթեզել ե՛ւ օպերետ, ե՛ւ մյուզիքլ, ե՛ւ երաժշտական լավ հագեցած դրամատիկ ներկայացումներ, ինչի փորձն ունենք:
«ՉՈՒՆԵՆՔ ՎԱՏ ԴԱՀԼԻՃ, ՈՒՆԵՆՔ ԱՅՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ԽՆԴԻՐ»
-Թատրոնն արդեն ունի նաեւ գլխավոր ռեժիսոր:
- Այո, Արմեն Մելիքսեթյանն է, նա որքան նոր, այնքան էլ` մեր թատրոնին քաջածանոթ է դեռեւս 2000-ականների սկզբից: Նրա հետ բավականին մեծ հույսեր եմ կապում, որ նոր ստեղծագործական մտահղացումներ ու ծրագրեր կտա: Ինքնանպատակ չպիտի լինի գեղագիտական հատվածը, որը պետք է համահունչ լինի նաեւ բովանդակային հատվածին: Ճիշտ է, մեր բեմը մեծ չէ, բայց եղած հնարավորությունները կարող են թույլ տալ փոքրածավալ, ճաշակով, գեղագիտորեն ճիշտ եւ ինչու ոչ հանդիսատեսի համար ընկալելի եւ ցանկալի ներկայացումների բեմականացում, ընդ որում` տարբեր տարիքի համար:
- Տարիներ առաջ Արմեն Մելիքսեթյանն էլ այս թատրոնի ղեկավարն էր, այդ առումով` որեւէ կոնֆլիկտներ, դիտողություններ...
- Մենք դեռեւս կոնստրուկտիվ աշխատանքների ընթացքի մեջ ենք, ես որեւէ այլ ավելորդ միջամտություններ, ինչպես ընդունված է ասել, չեմ տեսնում: Նա հակված է ստեղծագործական մեր պոտենցիալը ուսումնասիրել, ներգրավել բնականաբար ավելի կարող ուժերի` վոկալիստների, բալետի արտիստների: Մենք լավ ստեղծագործական կազմ ունենք ու ամբողջապես հենվելու ենք իրենց վրա: Կլինեն, իհարկե, ցավոտ պահեր եւ կհրաժարվենք որոշ մասից, այն պարզ պատճառով, որ անհրաժեշտ է հենց ժանրին բնորոշ դերասական ստեղծագործական խումբ ձեւավորել: Եվ հետո` ես նոր մարդ չեմ թատոնում, արդեն 6-րդ տարին է` այս ասպարեզում եմ: Մեր երկուսի նպատակն է, որ թատրոնը աշխատի այնպիսի որակով, որ շուտով հանրության մեջ ավելի շատ ընկալելի, ընդունելի եւ հաճախելիություն ապահովող թատրոն դառնանք: Ցավոք, մեր դահլիճը փոքր է, բայց ի տարբերություն այլ թատրոնների, այնքան կոմպակտ ենք, որ չունենք վատ դահլիճ, մենք ունենք խնդիր` այն վերանորոգելու ու ավելի թարմացնելու տարբերակներ:
«ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԷԼ ՀՐԱՇԱԼԻ ԵՆ»
-Գրեթե տասը տարի առաջ այս թատրոնի գլխին հաճախ էին «սեւ ամպեր»
կուտակվում: Կարելի է ասել` գեղարվեստական ղեկավար-տնօրեն թշմանական հարաբերություններ էին բոլորի մոտ, ինչը հանդարտվեց Դավիթ Հակոբյանի` տնօրեն նշանակումից հետո: Ձեր հարաբերությունները պարոն Հակոբյանի հետ ինչպե՞ս են:
- Ես էլ եմ շատ լսել այդ մասին, բայց փորձում եմ դրանք դիտել իբրեւ ասեկոսեներ, չգիտեմ, թե դրանք որքանով են ճշմարիտ եւ որքանով` սուտ:
- Դրանք իրականություն են, որովհետեւ, ցավոք, ինքս էլ տարիներ առաջ ականատես եմ եղել այդ «պատերազմին»:
- Ես ականատես չեմ եղել, հաճախ եմ լսել այդ մասին, բայց փորձում եմ ձերբազատվել դրա ազդեցությունից: Նախկին տնօրեն Դավիթ Հակոբյանի հետ մեր հարաբերությունները այսօր էլ հրաշալի են, մենք երբեւէ նման խնդիր չենք ունեցել: Այն, որ թատրոնի շուրջ միշտ պտտվել են խոսակցություններ, չեմ կարող ոչինչ ասել, այժմ, բոլոր դեպքերում ես աշխատելու եմ դա բացառել, որպեսզի չկրկնվի կամ նորից չշարունակվի, քանի որ ինձ համար թատրոնի հեղինակության հարցը առաջնահերթ է: Ես թատրոնում ԻՄ կամ ՔՈ հասկացությունները երբեք չեմ հասկացել, ինձ համար ընկալելին ՄԵՐ-ն է: Երբ նոր էի եկել, դերասանները զրույցի ընթացքում այսպիսի մի հարց ուղղեցին ինձ, թե ինչո՞ւ մենք բոլոր թատրոնների նման պարգեւավճարներ չենք ստանում: Փորձեցի բացատրել եւ կարծում եմ ընկալվեց: Այդ ինչու-ի պատասխանը գալիս է իմ տված հակադարձ հարցից, իսկ ինչո՞ւ դուք ավելի լավ չեք խաղում, ավելի շատ հանդիսատես չեք ապահովում, ավելի շատ մուտքեր չեն լինում թատրոնում: Չէ՞ որ պարգեւավճարները գոյանում են միայն դրանից: Ամեն ինչ փոխկապակցված է, միայն իմ, դերասանի կամ ստեղծագործական կազմի կողմից չէ: Մեր թատրոնն այնքան էլ վատ համբավ չունի, ինչպիսին փորձում են ներկայացնել: Չեմ ուզում նորից անդրադառնալ, թե ինչ եւ ինչպես է եղել նախկինում: Ինձ էլ են ասել, որ ժամանակին 8-10 տնօրեններ արագ փոխվեցին, բայց ես այդ տրամադրվածությամբ չեմ եկել: Ի դեպ, ինձ չեն նշանակել այս պաշտոնին, մրցույթ եմ անցել: Շատ ծանր եւ տհաճ է, երբ լսում եմ, թե ահա` պետությունը իր մարդուն նշանակեց. այդպես չէ, ցանկացած մարդ կարող էր մասնակցել: Թող բարի լինեին, մասնակցեին ու հաղթեին, գուցե ավելի լավ կառավարեին, քան` ես:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

