ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՆՅԱՐԴԵՐԸ
Օրերս խորհրդարանն ընդունեց Հանրային հեռուստատեսությանը վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի երկու առաջարկները: Այս կապակցությամբ մենք դիմեցինք պատգամավորին` տեղեկանալու նրա առաջարկների բովանդակության համար:
Ինչպես մեզ տեղեկացրեց Հայկ Բաբուխանյանը, առաջարկություններից մեկն այն էր, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի կամ հովանավորների մասին հիշատակման տեւողությունը պետք է սահմանափակվի եւ չգերազանցի հաղորդման տեւողության 2,5 տոկոսը: Երկրորդ առաջարկն այն է, որ որպես հեռուստահաղորդման հովանավոր հանդես չգան շահումով խաղերի, խաղատների, գիշերային ակումբների եւ օրենքով արգելված այլ ապրանքների ու ծառայությունների ներկայացնողները: "Կարծում եմ` այս առաջարկությունները մի կողմից դրականորեն կազդեն Հանրային հեռուստատեսության եթերաժամի որակի վրա, մյուս կողմից նպաստավոր են հեռուստադիտողների նյարդերի պահպանման, ինչպես նաեւ հեռուստատեսության բարոյադաստիարակչական գործառույթի իրականացման առումով",- ասաց պատգամավորը: