"ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ` ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԽԹԱՆԻՉՆԵՐ"
- Հարգելի բժիշկ, որոշ տղամարդիկ խթանիչներ են օգտագործում` սեռական ակտի բարեհաջող ընթացքի համար: Որպես կանոն` ինքնուրույն կայացնելով դեղամիջոցի ընտրությունը կամ դեղագետի խորհրդատվությամբ: Կարելի՞ է: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Հարցին պատասխանել է բ.գ.թ., դոցենտ, սեքսոպաթոլոգ, հոգեթերապեւտ ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ. -Սեփական առողջության մասին հոգ տանելու կուլտուրան բացակայում է հայերի մոտ: Տեսեք` կա երկու ծայրահեղություն. առաջինը` ամենատարածվածը` համացանցում նյութեր պեղող, հարեւանի, բարեկամի, ընկերոջ խորհուրդներով առաջնորդվողներն են, ինչը կարող է լուրջ խնդրի առջեւ կանգնեցնել անհատին: Մյուս ծայրահեղությունն էլ անհատներն են, ովքեր շարունակ տարբեր մասնագետների են այցելում` պատեհ-անպատեհ առիթներով, հսկայական գումարներ վատնում անտեղի հետազոտությունների վրա: Անհատներ էլ կան, որոնք բացարձակապես ոչ մի դեղորայք չեն ցանկանում ընդունել: Ինչ վերաբերում է խթանիչներին, առանց մասնագետի խորհրդատվության, անշուշտ, խորհուրդ չի տրվում այն օգտագործել: Բացի այն, որ նրանք կախվածություն են առաջացնում, կարող են վտանգի տակ դնել տղամարդու առողջությունը: Խոսքն այն անհատների մասին է, ովքեր ունեն սիրտ-անոթային, նյարդային, հոգեկան համակարգի հիվանդություններ... Պետք է հիշել, որ յուրաքանչյուր դեղամիջոց ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Անգամ կարդալով տվյալ դեղորայքի ցուցումները, անհատը չի կարող պատկերացնել, թե իր օրգանիզմն արդյոք կընդունի՞ այն, թե ոչ: ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ