"ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՔԱՅԼԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ՎԱՂԸ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ` ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ՏԱԿ ՉՏԱՆ"
Արխիվ 12-16"ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՔԱՅԼԵՐ,
ՈՐՊԵՍԶԻ ՎԱՂԸ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ` ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ՏԱԿ ՉՏԱՆ"
Երեւանի մթերային խանութների մեծ մասում երեկվանից առաջին անհրաժեշտության ապրանքների գները կրկին բարձրացել են, որոշ ապրանքների գները օրվա մեջ մի քանի անգամ են բարձրանում: Արդյունքում` ապրանքների գները միջինը 200-300 դրամով ավելացել են, իսկ պատճառաբանությունը` ներկրվող ապրանքները գնում են դոլարով: Սպառողներից շատերը` սուպերմարկետներ կամ նույնիսկ հասարակ կրպակներ մտնելով` զարմացած դուրս են գալիս` ասելով. "Նույն ապրանքը նախորդ օրվա համեմատ կտրուկ բարձրացել է": Օրինակ` ձեթը, որ երեկ 820 դրամ էր, այսօր դարձել է 1020, հնդկաձավարի մասին էլ չենք խոսում` սկզբում 600 դրամ էր, հետո` 750 դրամ, հիմա 1000 դրամ է 1 կգ-ը: Բարձր կարգինն առհասարակ դարձել է 1550 դրամ: Թե ինչով է պայմանավորված ստեղծված իրավիճակը եւ ինչի կարող է հանգեցնել, այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ով մասնավորապես ասաց.
-Ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական արժույթը, ըստ էության չափազանց, մինչեւ անգամ ավելորդ չափով կապված էր, ռուսական ռուբլու հետ, իսկ մեր հիմնական գործունեությունը, գաղտնիք չէ, իրականանում է ռուբլու գոտում: Այսօր ստացվեց այնպես, որ միջազգային պատժամիջոցներով պայմանավորված` ռուսական ռուբլին գահավիժում ապրեց, եւ բնականաբար, չէր կարող այդ գործընթացն իր ազդեցությունը չունենար Հայաստանում: Անմիջապես ռուբլու գահավիժումը արտացոլվեց Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումների վրա, որի պատճառով, ինչպես այսօր ՌԴ-ում գահավիժում է ռուսական ռուբլին, այնպես էլ Հայաստանում գահավիժում է հայկական դրամը` պայմանավորված այն հանգամանքով, որ մեր դրամը խիստ ածանցյալ է հանդիսանում ռուսական ռուբլուն: Այսպես պրոցեսը կարող է շարունակվել մինչեւ այնքան ժամանակ, որքան, որ մենք չհասնենք իրերի իսկական արտացոլման վիճակի: Այսինքն, հարաբերակցությունը պետք է լինի այնպիսին, որ մեր կողմից ստեղծված ապրանքը եւ մեր կողմից իրականացված շրջանառությունը համապատասխանեն մեր փողային զանգվածին:
- Արդյո՞ք այդ ֆոնի վրա արդարացված է առաջին անհրաժեշտության ապրանքների ահագնացող չափերի հասնող այսօրվա գնաճը:
- Որոշները սպեկուլյատիվ, որոշները մտածելով, որ վաղը գնալու են այդ ապրանքները ավելի թանկ գնով ձեռք բերելու, մտածել են, որ իրենց վաղը առավել շատ ֆինանսական միջոցներ են հարկավոր լինելու: Եթե տնտեսությունների մեջ ծագում է նման իրավիճակ, այստեղ մենք չենք կարող ասել, որ` գիտեք ինչ, տնտեսվարող սուբյեկտը կես կամ մեկ տարի առաջ էր կատարել այդ գնումները, եւ նա հիմա իրավունք չունի թանկացումներ անելու: Այս ազատական հարաբերությունների պայմաններում նման բան լինել չի կարող, իհարկե պետական իշխանությունները կարող են որոշակիորեն երաշխիքներ ստեղծելով` տնտեսվարող սուբյեկտներին թույլ տալ, որպեսզի նրանք անցնեն դիստրոֆիայի սահմանները:
- Պարոն Բոստանջյան, գազալցակայաններում գազը եւս թանկացել է, այն աստիճան, որ երթուղայինների վարորդները գործադուլ են անում, քանի որ չեն կարողանում, ինչպես իրենք են ասում. "Ժամ առ ժամ կատարվող փոփոխություններին դիմանալ": Դա ինչո՞վ կբացատրեք, արդյո՞ք տնտեսվարողները այս ոլորտում գերշահույթ չեն հետապնդում` օգտվելով ստեղծված իրավիճակից:
- Տեսեք, մենք գազի սպառման երկու ռեժիմ ունենք, մեկը` բնակչությանն է, որի կարգավորումը գտնվում է հանրային ծառայությունների կառավարման տակ, իսկ մյուսը` ավտոլիցքավորման գազերին, բայց մի մտածեք, որ այդ նույն գազն է դա: Գազալցակայաններում գազը շուկայական գներով է ձեռք բերվում, եւ այսօր այդ բիզնեսով զբաղվողները քաջ գիտակցում են, որ հնարավոր է վաղը ավելի թանկ գնով գազ ձեռք բերեն: Այդ իսկ պատճառով` հեռուն մտածելով, այսօր փորձում են իրացման գումարները մեծացնել: Եվ, բնականաբար, առաջին հերթին այդ դժվարությունը իրենց վրա պետք է զգան քաղաքային տրանսպորտի մարդիկ, այնքանով, որքանով իրենց կողմից մատուցված ծառայությունների սակագները նույն են մնացել, իսկ իրականում ծախսերը մեծացել են:
- Ստացվում է` այսօր տնտեսվարող սուբյեկտները, մարդկանց գրպանի հաշվին, մտածում են իրենց վաղվա օրվա մասին, որ հանկարծ դոլարի բարձրացման դեպքում նրանք շատ վնասներ չկրե՞ն:
- Իհարկե, ազատական տնտեսական հարաբերությունների կարեւորագույն ու հիմնական գործառույթն ու մոտեցումը դա է: Այսպես ասեմ` տնտեսվարող սուբյեկտներն այսօր կատարում են քայլեր, որպեսզի վաղը կարողանան շարունակեն` այսպես ասած, տակ չտան: Եվ, բնական է, եթե համապատասխան մարմինները չեն միջամտում, ուրեմն տնտեսվարող սուբյեկտները կարող են անել այն, ինչ ուզում են: Անհրաժեշտ է նաեւ, որ պետությունը երաշխիքներ տա տնտեսվարողներին:
- Կարծես, եթե երեկվանից` ԿԲ-ի հայտարարությունից հետո` դոլարի փոխարժեքը սկսում է կամաց-կամաց կայունանալ, ի՞նչ գործիքների կիրառմամբ հնարավոր եղավ քիչ թե շատ բալանսավորել ստեղծված պատկերը:
- Դրամի կուրսի բալանսավորումը տեղի է ունեցել բնականոն ճանապարհով: Մինչեւ դոլարի թանկացումը, արդեն իսկ դաշտում կային սպեկուլյատիվ նկրտումներ` ամենազանազան անձանց կողմից` սկսած իրավաբանական անձանցից, վերջացրած մասնավոր անձանցով: Ընդհանրապես, տնտեսությունը ցույց է տալիս, որ անգամ անհատ քաղաքացին կարող է նման իրավիճակներում սպեկուլյատիվ նկրտումներ ունենալ: Իհարկե, իշխանություններն ունեն հնարավորություններ` որոշակիորեն այդ նկրտումները սահմանափակելու, բայց ամբողջությամբ դա սահմանափակել հնարավոր չէ: Դրա համար էլ կուրսը հասավ 600-ի, այդ բոլորը սպեկուլյատիվ սուբյեկտների վարքագծի հետ էր կապված: Հիմա, այդ առումով, որոշակի հանգստություն ունենք, որը բերում է փոխանակային իսկական հարաբերությունների: Այնպես որ, այո, իհարկե կկայունա, նման գործընթացը չէր կարող անվերջ շարունակվել, դա պետք է ու կկայունանա: Իհարկե, այս ընթացքը շատ ծանր նստեց մեր բնակչության, գործարար աշխարհի վրա, բայց մինչեւ Նոր տարի այս վիճակը կկայունանա: Ես դա ասում եմ շատ վստահ` արտարժույթը կկայունանա, իհարկե սարսափելի աստիճանի չի իջնի, բայց կարտացոլվի իրերի իսկական վիճակը:
- Արդյո՞ք դոլարի կայունացումը կազդի այսօրվա գնաճի վրա:
- Ցանկացած փոխարժեքի տատանում, ըստ էության, ուղեկցվում է նաեւ գնաճային տատանումների իջեցումով: Գնաճը, բնականաբար կլինի` որպես այդպիսին, բայց այն տեմպերով ու չափերով չի լինի, ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին` արժույթի գահավիժման պահերին:
- Նկատի ունեմ, նույնքան կտրուկ կմեղմանա՞ն ապրանքների գները, որքան որ կտրուկ բարձրացան:
- Ոչ, նույնքան կտրուկ չի իջնի, որովհետեւ գնաճը պայմանավորված է մի շարք գործընթացներով: Եվ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ն հիմնականում մոնոպոլիզացված է` գոյություն չունի ազատ տնտեսական մրցակցություն, բնականաբար, գնաճի ինստիտուտը ուղիղ չի արտացոլում այն իրավիճակը, որն առկա է արժույթների տատանումներում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

