ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ՀԻՇԵՑՆՈՒՄ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԸ
Հայաստանի սպառողական շուկայում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Ժամ առ ժամ թանկանում են ապրանքները, իսկ թե քանի տոկոսով` դժվար է ասել, քանի որ րոպեների ընթացքում որոշ ապրանքատեսակներ կարող են թանկանալ 10, 20, եւ նույնիսկ 50 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, օրեր անց 100 տոկոսանոց թանկացումն ապահովված կլինի:Թանկացումների վերաբերյալ համապատասխան մարմիններն արդեն տվել են իրենց մեկնաբանությունները` նրանցից ոմանք այդ ամենը կապում են տարադրամի փոխարժեքի անկումով եւ տատանումներով, ոմանք` նախատոնական շրջանի հետ, սա այն դեպքում, երբ թանկացումներ շուկայում նկատվել են դեռեւս այս տարվա նոյեմբերի սկզբից: Սպառողական շուկան ուսումնասիրող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ արդեն բազմիցս բարձրաձայնել են, որ թանկացումներն անօրինական են` տնտեսվարողները սպառողների իրավունքները ոտնահարելով` հարստացնում են իրենց գրպանները: Իսկ սպառողն այլ ընտրություն չունենալով` ստիպված ձեռք է բերում իրեն անհրաժեշտ ապրանքները: Եթե նախկինում առօրյա գնումների համար մարդիկ ծախսում էին 5-7 հազար դրամ, ապա այսօր այդ գումարը պետք է կրկնապատկեն եւ եռապատկեն` մեկ օրվա սնունդ ունենալու համար: Այս թանկացումները, ըստ "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի` կշարունակվեն նաեւ Ամանորից հետո, քանի որ չկա վերահսկողություն եւ այսօրվա շուկան ընդհանրապես չի ուսումնասիրվում: Նրա խոսքով` թանկացումների վրա մասնակիորեն ազդել է տարադրամի փոխարժեքի անկումը, սակայն համաչափության առումով, այն կապ չունի թանկացումների հետ. "Այսօր տարադրամի փոխանակման կետերն աշխատում են միմյանցից անկախ: Ո՞վ է այս ամենի համար մեղավոր: Սպառողակն շուկայում կաթ արտադրող երեք խոշոր ընկերություններից երկուսը բարձրացրել են կաթի գները, իսկ մեկը` ոչ, ինչի՞ հետեւանք է սա",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց Բ. Պիպոյանը: Նա դժվարացավ նշել, թե Ամանորի սեղան պատրաստելու համար ինչքան գումար է անհրաժեշտ, քանի որ չգիտի, թե մարդիկ ինչ կգնեն սեղանը զարդարելու համար. "Մարդիկ ամբողջ տարին վատ պայմաններում են ապրում եւ ուզում են, որ գոնե մեկ-երկու օր լավ ապրեն: Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի Ամանորի սեղան պատրաստելու համար ծախսել են 150 հազար դրամ, այս տարի ստիպված կլինեն նույն սեղանը պատրաստել 300-350 հազար դրամով",- ընդգծեց Բ. Պիպոյանը:
Դեռ անհայտ է, թե ինչքան ժամանակ կշարունակվեն թանկացումները, մանավանդ, այն դեպքում, երբ շատ տնտեսվարողներ որոշ ապրանքատեսակներ հանել են վաճառքից` սպասելով, որ տվյալ ապրանքի արժեքն էլ ավելի կբարձրանա: Իսկ որոշ խանութներում էլ մեծածախ վաճառք չի իրականացվում` կրկին նույն նպատակով: Մնում է հուսալ, որ համապատասխան մարմիններն իրավիճակին կտան լուծում, հակառակ դեպքում ստիպված կլինենք կրկին վերհիշել 90-ականների մութ ու ցուրտ տարիները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

