ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ. ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ՞, ԹԵ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ.
ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ՞, ԹԵ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին Հայաստանում դրամի, դոլարի եւ ռուբլու ինքնարժեքի տատանումն իսկական խուճապ առաջացրեց մարդկանց մոտ: Նախորդ տարիների համեմատ` այս տարի մի քանի օրվա ընթացքում դոլարի ինքնարժեքը բարձրացավ 1,5 անգամ, իսկ ռուբլին արժեզրկվեց: Տարադրամի փոխարժեքի տատանումներին զուգահեռ` սպառողական շուկայում գրանցվեցին աննախադեպ թանկացումներ, որոնք էլ ավելի մեծացրեցին մարդկանց խուճապը: Որոշ մասնագետներ ստեղծված իրավիճակին տվեցին "արհեստականորեն ստեղծված խուճապ" բնորոշումը, իսկ ոմանք հաստատեցին` տնտեսական ճգնաժամի հետեւանք է:"Իրավունքը" համապատասխան մարմիններից փորձեց պարզել, թե խուճապն արհեստականորե՞ն է ստեղծվել, թե ոչ:
Ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց.
- Սա դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիր է, որը Կենտրոնական բանկի լիազորությունների մեջ է մտնում: Բայց դա այսօր բոլորիս խնդիրն է դարձել, որովհետեւ տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի դրամի արժեզրկումը, դրա համար էլ մենք հիմա համատեղ ջանքերով փորձում ենք այս վիճակից դուրս գալ: Մեղավորներ փնտրել պետք չէ, դուք տեսեք եւ կհամոզվեք, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նույն խնդիրները կան, պարզապես մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Եվ այդ արժեզրկումից հետո նորից կայուն վիճակի հետ գալը բավականին բարդ պրոցես է եւ շատ հանգամանքներից է կախված: Ընդհանրապես, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, արհեստական պատճառներ, պետք է տարանջատել դրանք եւ գնալ կայունացման ճանապարհով, որպեսզի արագ շտկվի իրավիճակը: Այս պահին Կենտրոնական բանկն իր լիազորության սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է` իրավիճակը կայունացնելու համար եւ այն խոստումները, որոնք Կենտրոնական բանկը ներկայացրել է կառավարությանը, բավական հուսադրող են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ընդգծեց.
- Բանկային ցանկացած հաշիվներ ունեցող քաղաքացիների, համենայնդեպս, դրամական փոխանցումների որեւէ մի սահմանափակում այսօր չկա: Դոլար-դրամային արտարժութային շուկայում տեղի է ունենում որոշակի խուճապային իրավիճակներ, եւ ես ձեզ 100 տոկոսով կարող եմ ասել, որ այդ տատանումներն անկախ որեւիցե բանից, իջնելու են: Այսօրվա դրությամբ կարող են սկսել անգամ դոլարով ապրանք վաճառել, կարող են միանգամից երեք անգամ գին թանկացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ամենն օրինական է, եւ դրանք համապատասխան արձագանք կստանան: Իհարկե, Կենտրոնական բանկը պատասխանատու է այս ամենի համար ֆինանսական ոլորտում, բայց դրանից բացի` շատ այլ գործոններ կան` տնտեսական մրցակցություն, կառավարության որոշակի օղակներ եւ այլն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց.
- Իհարկե, այս ամենի մեջ որոշակի սպեկուլյատիվ տարրեր կան, պարզելու համար անհրաժեշտ է իմանալ Վրաստանի լարիի եւ դրամի անկման տոկոսները: Դրանց համեմատությունից առաջացած տարբերությունը համարվում է այն սպեկուլյատիվ հատվածը, որն առկա է Հայաստանում: Ես Վրաստանի օրինակը բերեցի, քանի որ երկու երկրների տնտեսություները մոտավորապես իրար նման են: Շատերն այս խուճապը կապում են Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ, բայց իրականում այդպես չէ, տնտեսական անկում նկատվում է: Ճիշտ է, Կենտրոնական բանկը մարդկանց հուսադրում է, թե ամեն ինչ կկարգավորի, բայց մինչեւ կարգավորվի, ժողովրդին էլ փող չի մնա:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե տարադրամի փոխարժեքի տատանման շուրջ առաջացած խուճապը արհեստականորե՞ն է ստեղծվել, թե` ոչ:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում`պարզելու համար, թե ըստ քաղաքացիների, ովքեր են մեղավոր այդ իրավիճակում:
1. Իրավիճակն ամբողջովին կամ առավելապես արհեստականորեն ստեղծված է օլիգարխների եւ կոռումպացված չինովնիկների ջանքերով- 41%:
2. Իրավիճակը հետեւանքն է Ռուսաստան-ԱՄՆ գլոբալ հակամարտության, ու, օբյեկտիվորեն, դրանից չէինք կարող խուսափել - 28%:
3. Արժեզրկումը արհեստականորեն ստեղծել են ամերիկացիները եւ նրանց տեղական կամակատարները` ձգտելով պատժել Հայաստանին` Եվրասիական միություն գնալու համար - 20%:
4. Դժվարանում ենք պատասխանել - 11%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

