ՄԻՆՉ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԻՑ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՄԻ ՈՂՋ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Արխիվ 12-16ՄԻՆՉ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԻՑ,
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՄԻ ՈՂՋ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Դոլար-ռուբլի-դրամ տատանումներով տարված հանրությունը մինչ փորձում է գլուխ հանել տնտեսական իրավիճակից, ստվերում շարունակում են գործել համասեռամոլների լոբբիստները ու ոչ միայն տնտեսությունը, այլեւ ողջ պետությունն են ծրագրում հիմնահատակ քանդել` նոր, վարկաբեկված կամ խայտառակ արժեհամակարգ մեր ընտանիքներ մտցնելու մոլուցքով տարված: Այս ամենի դեմն առնելու նպատակով "Հանուն ընտանիքի" խորագրի ներքո օրերս մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ անհատների մասնակցությամբ տեղի ունեցավ "Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները" թեմայով համաժողով:
Համաժողովի արդյունքում շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց "ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ" հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք"-ի (այսուհետ` "ԴԱՇԻՆՔ") ստեղծման մասին հռչակագիրը եւ մշակվեց համապատասխան բանաձեւի նախագիծ, որը կներկայացվի ՀՀ իշխանություններին: "ՓԱՍՏԱՑԻ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ` ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴԵՄ"
Ըստ Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ եւ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ. "Այսօր փաստացիորեն գնում է պատերազմ` մեր արժեհամակարգի եւ մեր ընտանիքների դեմ: Անտեսել այդ երեւույթն այլեւս հնարավոր չէ: Եթե որեւէ մեկը կարծում է, թե կարող է զերծ մնալ մասնակցությունից այս պատերազմին, ապա խիստ սխալվում է: Այդ պատերազմն առավելապես ուղղված է մեր երեխաների, մեր սերնդի դեմ: Այսօր արտերկրի էմիսարներն ուղղակիորեն խառնվում են Հայաստանի ներքին գործերին եւ փորձում են մեզ դաստիարակել, թե մենք ինչպես պետք է մեծացնենք մեր երեխաներին, ու ինչպես պետք է ձեւավորենք մեր արժեհամակարգը": Համահայկական ծնողական կոմիտեի նախագահը ասածը հիմնավորելով` մեջբերեց հայտնի ասացվածքը. "Եթե ուզում ես հաղթել թշնամուդ, դաստիարակիր նրա երեխաներին":
"ՀԿ-ՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՆ, ՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԵՖԵՐՆԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵՆ "ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ"
Համաժողովի ժամանակ իր ելույթում քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ նշեց. "Առաջարկում եմ, որ մենք չսկսենք որեւէ բանից վախենալ ու ամեն ինչ անվանենք իրենց անուններով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր կարգի փոփոխությունները, որոնք պարտադրվում են Արեւմուտքի կողմից, դրանք հակաաստվածային են: Բացե՛ք ցանկացած Սուրբ գիրք, ոչ միայն Աստվածաշունչը, եւ կհամոզվեք: Ու մենք պետք է որակավորենք նման գործողությունները, նման լոբբինգները: Եվ եթե որեւէ մեկը ցանկանում է իրենց միանալ, թող միանան, ոչինչ, մենք էլ դեմ առ դեմ կիմանանք, թե ովքեր են մեր թշնամիները": Ապա անդրադառնալով "ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ" հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք"-ի ընդունած բանաձեւի նախագծին` հավելեց. "Կառաջարկեի, որ մեր բանաձեւում լինի մի քիչ ավելի հստակ արտահայտություն, թեկուզեւ քաղաքականացված, բայց դա պետք է լինի: Մենք չենք նշի, իհարկե, ում նկատի ունենք, բայց բոլորը կհասկանան… Մենք պետք է պահանջենք, ու այդ պահանջը պետք է ներառված լինի մեր բանաձեւի մեջ, որպեսզի մեր իշխանավորները իրենց լիազորությունների սահմաններում սահմափակեն օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների միջամտությունը մեր ներքին գործերին: Ու եթե մեր իշխանությունները եւս համարձակություն չունեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Հեֆերնին իր տեղը նստեցնել, ապա մեր հասարակական կազմակերպությունները պետք է պահանջեն, որ դեսպան Հեֆերնին հայտարարեն "պերսոնա նոն գրատա" ու վռնդեն Հայաստանից: Քիչ է, որ նա մտնում է մեր տարբեր ատյանները` Արդարադատության նախարարությունից սկսած` դատախազությունով վերջացրած, արդեն մամլո ասուլիսներ է անցկացնում` գենդերային, թե որեւէ ուրիշ օրենքի շուրջ: Մեր պահանջը պիտի հստակ բարձրաձայնվի, ու դա պետք է ստանա իրական լուսաբանում բոլոր ԶԼՄ-ներում, այդ թվում` Ամերիկայից սնված":
"ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է"
Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքների, այդ թվում` չարաբաստիկ "գենդերային օրենքի" մասին խոսեց նաեւ "Իրավունք" թերթի խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ` ներկաների ուշադրությանը հրավիրելով մի քանի կարեւոր ասպեկտների վրա. "Ո՞րն է մեր հիմնական զենքը` հասնելու նրան, որպեսզի չանցկացվեն այդպիսի վնասակար օրենքներ ու չներդրվեն մեր կյանք: Բնականաբար, մեր զենքն է` օգտագործել այնպիսի դեմոկրատական ազատություն, ինչպիսին է խոսքի եւ կարծիքի ազատությունը, որը նախեւառաջ հնարավորություն կստեղծի ձեւավորել հանրային կարծիք: Սակայն տեղեկատվական ոլորտում տարիների ընթացքում նկատվում է, որ հետեւողական փորձեր են կատարվում` մտցնել գենդերային, աղանդավորական գրաքննություն: Այս ամենը սկսվեց դրսից խրախուսվող տարատեսակ վարքականոններ ընդունելուց հետո: Ովքեր անխոհեմ էին, այդ վարքականոնների տակ ստորագրեցին ու այժմ, ըստ այդ վարքականոնների, իրավունք եւ հնարավորություն չունեն սուր խոսքով բարձրաձայնել այնպիսի վնասակար երեւույթների մասին, ինչպիսին է աղանդավորությունը, գենդերային քարոզչությունը, ինչպիսին է ոտնձգությունը` ընտանիքի ինքնիշխանության վրա": Ապա Հ. Գալաջյանը հավելեց. "Գենդերային լոբբիստների ոտնձգությունից լրատվամիջոցների պաշտպանությունը անհրաժեշտություն է, եւ կարծում եմ, որ մեր բանաձեւի մեջ նաեւ կետ պետք է մտցվի, որով դատապարտվում է խոսքի ազատության նկատմամբ գենդերային եւ այլ լոբբիստների ճնշումները` որպես երեւույթ":
"ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ 0,025 ՏՈԿՈՍՆ Է "ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ"
ԵՆԹԱՐԿՎՈՒՄ"
Իսկ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի հիմնադիր-անդամ, "Համահայկական ծնողական կոմիտեի" փոխնախագահ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ ներկայացրեց ուշագրավ տվյալներ. "Բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որեւէ ընտանիքում, եւ համապատասխան ՀԿ-ները աղմուկ կբարձրացնեն համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական "ընտանեկան բռնությունը", ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդագին երեւակայությամբ որոշ վայ-մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգությունը` նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր, եւ, կարծես թե, հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից: Վերադառնալով "ընտանեկան բռնության" դեմ պայքարող կազմակերպություններին` անդրադառնանք նաեւ այն երկրներին, որոնք այս կամ այն ձեւով հովանավորում եւ աջակցում են նրանց: Հիմնվելով միայն պաշտոնական թվերի վրա` արձանագրենք, որ համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների` 2012 թ.-ին Հայաստանում գրանցվել է, այսպես կոչված, "ընտանեկան բռնության" 766 դեպք, որը կազմում ՀՀ բնակչության ընդհանուր թվի 0,025 տոկոսը": Հ. Այվազյանն իր ելույթում բերեց նաեւ եվրոպական երկրների "ընտանեկան բռնությունների" պաշտոնական տվյալները, որը Հայաստանի համեմատ խիստ բարձր տոկոսներ են կազմում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, համաժողովի աշխատանքները ողջունեցին նաեւ Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընտանեկան եւ հոգեւոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել "ԴԱՇԻՆՔ"-ի հետ ստորագրել համագործակցության մասին հուշագիր:

