«ՊԵՏՔ ՉԷՐ ԹՈՂՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՈՒԿԱՅԻ ՏԱՐԵՐՔԻ ԱՌԱՋ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ ՉԷՐ ԹՈՂՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՈՒԿԱՅԻ ՏԱՐԵՐՔԻ ԱՌԱՋ»
Այն ժամանակ, երբ մարդիկ կամաց-կամաց պատրաստվում են Նոր տարվան ու ամանորյա անակնկալների սպասում, բոլորի դուռը վաղաժամ թակեց տնտեսական չարաբաստիկ անակնկալը: Մի քանի օրվա ընթացքում գլուխ բարձրացրին աստղաբաշխական թանկացումները, իսկ դոլարն ապրում էր իր աստեղային ժամը` խամրեցնելով ռուբլուն: Սակայն իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության եւ անձամբ ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում, այնպես որ, որեւէ «սպեկուլյանտի» չի հաջողվի «հարամ» անել Ամանորը: Ստեղծված իրավիճակի արտաքին ազդակների, հայաստանյան տնտեսության ու որդեգրած քաղաքականության մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հայաստանի առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:
«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՍ ԳԼՈՒԽԴ ՊԱՀԵԼ,
ՀԵՏՈ ՄՏԱԾԵՍ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԴԱՐՎԵՍ»
-Պարոն Սաֆարյան, որոշ արեւմտամետ վերլուծաբաններ գտնում են, որ վերջին օրերի գնաճը, դրամի արժեզրկումը ՀՀ ԵՏՄ անդամակցման առաջին դառը պտուղներն են: Որքանո՞վ այս երկու գործընթացները կապ ունեն միմյանց հետ:
- Դրանք իրար հետ բոլորովին կապ չունեն: Դեպքերը տեղի ունեցան Ուկրաինայում` դեռեւս անցած տարվա փետրվար ամսին, երբ արեւմտյան ուժերի աջակցությամբ սկսվեց ռուսալեզու ժողովուրդների նկատմամբ հետապնդումներ: Արդյունքում` Արեւմտյան Ուկրաինային, որը ժամանակին ֆաշիստների հետ էր համագործակցել ու ավստրո-հունգարական ուղվածություն ուներ, նրանք փորձում էին ամբողջովին Ռուսաստանից անկախացնել եւ այն դուրս բերել ԵՏՄ գնալու մտադրությունից: Այդ ֆոնի վրա տեղի ունեցան իրադարձություններ, ինչպես օրինակ` մայդանում 100-ից ավելի մարդ սպանեցին, ապա այդ սպանությունները տեղափոխվեցին Օդեսա, ու հիմա էլ 4 հազարից ավելի մարդ Արեւելյան Ուկրաինայում է սպանվել: Այնպես որ, այս ամենը բոլորովին էլ կապ չուներ` ԵՏՄ-ին Հայաստանը կանդամակցի, թե` ոչ: Հայաստանը հիմանավորված է գնում դեպի Եվրասիական տնտեսական միություն: Եվ ինչպես ՀՀ նախագահն է ասել` առաջին հերթին` դա մեր ազգային անվտանգության խնդրի պահպանման հարցն է, որն ամենակարեւորն է: Ի վերջո, եթե մարդ գլուխ չունի, մազերը սանրելու անհրաժեշտություն էլ չկա, ուրեմն` առաջին հերթին` պետք է կարողանաս գլուխդ պահել, հետո մտածես, թե ինչպես հարդարվես: Հայաստանի մուտքը ԵՏՄ հենց այս ժամանակ, ավելի քան կարեւոր է, երբ Ռուսաստանն ինքն էլ վերանայելու խնդիր ունի` իր տնտեսական քաղաքականությունը: Նա դեմքով արդեն շրջվում է դեպի արդյունաբերություն, մինչդեռ Ռուսաստանի արդյունաբերությունը փլուզվել էր խորհրդային ժամանակվա արդյունաբերության հանդեպ 50 տոկոսով: Ռուս շատ տնտեսագետներ գտնում են, որ Ռուսաստանը պետք է մշակի եւ իրականացնի ինդուստրալիզացիայի քաղաքականություն, որը լինելու է ավելի խորը, ավելի գիտատար, էկոլոգիապես ավելի բարձր մակարդակի վրա, քան եղել է անցած դարի 20-30-ական թթ.-ին: Ռուսաստանն արդեն հասկանում է, որ իր բյուջեն չի կարող կապել ածխաջրածինների արտահանումով` նավթով ու գազով, այլ պետք է ունենա արդյունաբերական ապրանքներ, մրցունակ բարձր տեխնոլոգիաներ, որոնք ուրիշ երկրներ կցանկանան գնել, մինչդեռ միշտ փորձել են Ռուսաստանին դարձնել իրենց հումքային կցորդը:
- Եթե խնդիրը համեմատության մեջ դիտարկենք, արդյո՞ք Եվրամիությունն իր տնտեսությամբ ավելի լա՞վ վիճակում է, քան ԵՏՄ-ն:
- Եվրամիությունում այսօր փլուզումներ` իր եվրոյի նկատմամբ, չի դիտարկվում, բայց պիտի ասել, որ ժամանակ առ ժամանակ իրենց մոտ միշտ լինում են տնտեսական ճգնաժամեր: Օրինակ, անցած դարում 16 այդպիսի մեծ ու փոքր ճգնաժամեր են եղել: Շուկայական տնտեսությունները ինքնակարգավորման մեխանիզմներ չունեն, դրա համար նրանց բնորոշ են ճգնաժամերը, փլուզումները, մինչդեռ Խորհրդային Միությունում ճգնաժամեր չէին լինում, որովհետեւ պլանավորում կար, եւ ամեն ինչ կանխատեսվում էր, թե ինչքան ապրանք պետք է արտադրել ու ինչքան մարդկանց այն պետք է բավարարի: Իսկ ազատ շուկայական հարաբերություններում արտադրում են, ով ինչ կարողանում է արտադրել: Արդյունքում շուկան հագեցվում է, եւ հետո դրանց իրացման խնդիր է առաջանում: Եվ այսօր ժամանակն է, որ հայաստանյան իրականության մեջ մենք ամբողջովին տուրք չտանք շուկայի քմահաճույքներին, որը տեսանք, թե ինչ արդյունքների է բերում: Այսօր պետք է ծրագրավորում` լինի առաջիկա 5, 10 տարիների կտրվածքով, թե բնակչության աճը ինչքան է լինելու, դրան համապատասխան ինչքան ապրանքներ պետք է արտադրենք, որոնք կիրացվեն, որպեսզի այլեւս ճգնաժամերի առաջ չկանգնենք:
«ՌՈՒԲԼՈՒ ԴՈԼԱՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎԵԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԻԹ ԴԱՌՆԱԼ»
-Ի վերջո, դոլար-ռուբլի պայքարը կարո՞ղ է վերաճել ԱՄՆ-Ռուսաստան պատերազմի:
- Ո՛չ, Ռուսաստանի ռուբլու դոլարի հետ հարաբերվելը չի կարող պատերազմի առիթ դառնալ, այլ ընդամենը Ռուսաստանին կտրամադրի, որ վերջապես վերանայի իր տնտեսական քաղաքականությունը, վերաարժեւորի իր բարեկամներին եւ իր ոչ բարեկամներին: Եվ լավ է, որ Հայաստանը Ռուսաստանի բարեկամների շարքում է, իսկ բարեկամներն ավելի շատ ի հայտ են գալիս դժվարության ժամանակ: Այսօր, երբ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի համար էլ դժվարին իրավիճակ է, Հայաստանը կարողացավ ցույց տալ, որ ինքը Ռուսաստանի բարեկամն է: Եվ դա պիտի նպաստի մեր տնտեսությունների համատեղ զարգացմանը: Ես այդ տեսլականի կողմնակիցն եմ եւ ամեն ինչ անում եմ, որ մեր արդյունաբերությունը վերականգնի իր տնտեսական կապերը Ռուսաստանի արդյունաբերության հետ: Մենք պետք է կարողանանք մեր արդյունաբերական ապրանքներն ավելի շատ իրացնել ռուսական շուկայում: Եվ այսօր էլ մենք ռուսական շուկայում ենք մեր պատրաստի արտադրանքը իրացնում, որովհետեւ Եվրոպան մեզնից պատրաստի արտադրանք գնելու կարիք չունի: Չունենք այդպիսի ապրանք, որ կարելի է այնտեղ իրացնել: Այնպես որ, ժամանակն է, ինչպես ասում են, լրջանալու, խորհելու: Պարզապես, պետք է կարողանանք մեր քաղաքականությունն այնպես վարել, որ իրացման առումով նպաստավոր պայմաններում հայտնվեն մեր տեղական արտադրողները եւ մեր այն գործարանները, որոնք Ռուսաստանի հետ կապեր են ունեցել կամ կարող են ունենալ:
«ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է
ԱՐՎԵՐ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ»
-Կրկին անդրադառնալով հայաստանյան վերջին օրերի գնաճի հետ կապված խուճապին` նշենք, որ Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հայտարարությունից հետո, կարծես թե, կամաց-կամաց սկսեց վիճակը կայունանալ: Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը բավական ուշացած էր:
- Ժողովուրդն ասում է. «Ավելի լավ է ուշ, քան երբեք»: Իհարկե, ուշացած էր, դա պետք էր արվեր մեկ շաբաթ առաջ, որպեսզի այսպիսի աժիոտաժային, խուճապային տրամադրություններ չլինեին, որովհետեւ մարդիկ արդեն վազում էին բանկեր ու ուզում էին իրենց փողերը հանել` ռուբլին վերածել դոլարի կամ մեկ այլ արժույթի: Ինչպես տեսանք, մինչեւ Կենտրոնական բանկը կտրուկ քայլեր չարեց, դրամը չսկսեց կայունանալ, բայց պետք չէր թողնել մարդկանց շուկայի տարերքի առաջ, այլ պետք էր այդ տարերային ալիքները կանխարգելել: Եվ ոչ թե իրադարձությունների հետեւից գնալ, այլ կանխարգելել այդ հնարավոր բացասական իրադարձություններն ու զարգացումները:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, այս խուճապի ֆոնին մի քանի օրվա ընթացքում որոշ արտադրողների, բիզնեսմենների հաջողվե՞ց իրենց եկամուտները կրկնապատկել:
- Այստեղ կրկնապատկելն ու կորցնելը շատ հարաբերական է: Մի տեղ կրկնապատկում են, մի ուրիշ տեղ` կորցնում: Պարզապես, պետք է, այդպիսի իրավիճակներում մարդ իրեն հանգիստ պահի եւ տուրք չտա այս կամ այն հուզումներին: Դա ամենաճիշտն է, որովհետեւ ամեն ինչ կհարթվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

