Մայրաքաղաքի որոշ երթուղային գծերի վարորդների գործադուլը սկսվեց գազալցակայաններում գազի գնի բարձրացման դեմ, սակայն հաջորդ օրը նույն վարորդները սկսեցին պահանջել բարձրացնել ուղեվարձը: Դա "պատահականորեն" համընկավ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի այն վրդովեցուցիչ հայտարարության հետ, թե ներկայիս իրավիճակում տրանսպորտը կարող է աշխատել, եթե ուղեվարձը լինի 300 դրամից ոչ պակաս:
Ուշագրավ է, որ Հ. Եղիազարյանի հայտարարությունը եւ վարորդների պահանջի փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետի շրջայցերից հետո գազալցակայանները սկսեցին վերադառնալ նախկին գնին: Մեր ունեցած վստահելի տեղեկություններով` գործադուլի կազմակերպիչները հենց գծատերերն են եւ "Փոխադրողների միություն" կոչեցյալը, ու ի սկզբանե գործադուլը ծրագրվել էր` հենց ուղեվարձը բարձրացնելու նպատակով: Այդ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երեւանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը: