ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
"Եվ սա ես համարում եմ մեր կատարած աշխատանքի արդյունքը: Այն, որ բոյկոտն ավարտվեց, նշանակում է ինչ-որ մի բան բավարարեց նրանց, ու մեր գործընկերներն արդեն մասնակցում են նիստին, օգտակար աշխատանք կատարում: Ես ողջունում եմ բոյկոտի ավարտը",- ահա այդպիսի կարծիք հնչեց ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին օրը, երբ բոլոր խումբ-խմբակցություններն էլ եկան դահլիճ: Ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդ գնահատականը տվողը` Գալուստ Սահակյա՞նը, ԱԺ փոխխոսնակներից մե՞կը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյա՞նը, կամ ծայրահեղ դեպքում որեւէ ՀՀԿ-ակա՞ն: Ահա եւ սխալվում եք, այդպես խոսեց ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե դաշնակների մասին ինչեր են ասելու քոչարյանական եւ տերպետրոսյանական քարոզչամիջոցները: Արդեն զարմանալի բաներ են ասում` իբր ստեղծվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա:
Բայց զարմանալի է, ինչո՞ւ շատերը համոզված են, որ ընդդիմադիր կուսակցությունը պարտադիր պետք է լինի ապակառուցողական, ճղճղան, ամեն ինչին ոչ ասող... Կարճ ասած` Զարուհի Փոստանջյանի այս կամ այն մոդիֆիկացիան: Դե ինչ, եթե դաշնակներից մյուսներն էլ օրինակ վերցնեն, ապա կշահի ե՛ւ օրենսդիր աշխատանքը, ե՛ւ ժողովուրդը: Ի վերջո, պատգամավորական մանդատը օրենք գրելու համար է, այլ ոչ թե անհասկանալի մրցումների, թե ով ավելի ճոխ կանպատվի իշխանությանը: Իսկ, օրինակ, սեփական քաղաքական կապիտալի մսխման Գինեսի ռեկորդակիր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեկնաբանելով ոստիկանական զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հայտնի` պաշտոնյային ոչ վայել արտահայտությունները, ասաց հետեւյալը. "վերեւից ներքեւ պատասխանատվություն են կրելու, վերեւից ներքեւ": Այ քեզ զարմանալի հայտնագործություն: Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այդ "վերեւից ներքեւ" պատասխանատվությունը: Իսկ աջից ձախ պատասխանատվություն կա՞: Երեւի թե, զարմանալով հանդերձ, պետք է պարոն Հովհաննիսյանին հարցնել, թե ինչ ուղեծիր է ունենալու պարոն Երանոսյանի պատասխանատվությունը` գլխարկից սկսելու են, անցնեն կրծքավանդակին, որովայնին, իսկ հետո... Լավ, չշարունակենք, անհարմար բաներ են ստացվում:
Ինչպես հայտնի է, տարբեր դեղին կայքէջերը ընկնելով վարկանիշի հետեւից, շատ հաճախ քննարկման առարկա են դարձնում ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ այս կամ այն բարեմասնությունը, կամ անձնական կյանքի տարատեսակ դրվագները: Մեր հայրենակցուհիներից ոմանք նախանձում են նրա կազմվածքին, ոմանք երազում են նրա պես "թոկը կտրած" ապրել, բայց երբեք չէինք պատկերացնի, որ Քարդաշյանը բուռն կերպով կհետաքրքրի որեւէ եվրոպական երկրի պաշտպանության նախարարին: Զարմանալի է, բայց փաստ, Քիմ Քարդաշյանի բարեմասնությունը հանգիստ չի տալիս Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Աննա Սուբրիին: Տիկին նախարարը նրա կազմվածքը անվանել է "աննորմալ", եւ "շատ վատ օրինակ երիտասարդ կանանց եւ աղջիկների համար", ու նաեւ խոստովանում է, որ ամեն օր փնտրում է նոր հրապարակումներ Քարդաշյանի մասին: Դե ինչ, դա էլ այսպես կոչված, "հավասար հնարավորությունների" եվրոպական քաղաքականության հետեւանքն է: Եթե տիկինը քաղաքական կարիերայով զբաղվելու եւ նախարար դառնալու փոխարեն զբաղվեր տնով, երեխաներով, խոհանոցով, ապա դժվար թե Քարդաշյանի այս կամ այն մարմնամասը կդառնար նրա սեւեռուն ուշադրության առարկան: Դե, տեսականորեն պատկերացնենք, որ հանկարծ Անգլիային պատերազմ են հայտարարել` մինչեւ տիկին նախարարը կտրվի Քարդաշյանի նկարների զննությունից, երեւի թե, թշնամին կհասցնի Լոնդոնը գրավել:
Իսկ մեկ այլ` քաղաքականության մեջ խրված տիկին` Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի առաջատար հետազոտող, "Չաթթամ Հաուսի" ավագ գիտաշխատող ԼԻԼՅԱ ՇԵՎՑՈՎԱՆ իր հոդվածներում ու հարցազրույցներում շատ է սիրում թաղել Ռուսաստանը. "Հեղափոխությունն իրականացնում է բնակչությունը, որը սկսում է ավելի վատ ապրել, քան մինչ այդ: Ինքը` իշխանությունը, հող է նախապատրաստում` նոր հեղափոխության համար": Անշուշտ, սույն դժբախտ չկայացածը մեզ ամենեւին չէր հետաքրքրի, եթե քիթը չխոթեր մեր երկրի գործերի մեջ: ԵՏՄ անդամակցության կապակցությամբ նա հայտարարեց. "Հայաստանը հայտնվել է աշխարհագրական թակարդում": Տո, այ կնիկ, շառդ քաշի մեր երկրից հեռու: Եվ, եթե հետդ նաեւ մեր ֆեմինիստուհիներին տանես, համ մեզ լավ կլինի, համ քեզ` մեր երկրից հեռու ամբողջ օրը կզբաղվեք "կանանց իրավունքների պաշտպանությամբ":
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

