Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ, պարզվում է, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ հայտարարությունը մասամբ բավարարում է:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է ընդհատել ԱԺ նստաշրջանը եւ արտահերթ նիստ գումարել` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին գումարվում է արտահերթ նիստը, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջարկությամբ` ԱԺ-ն դատապարտող հայտարարություն է ընդունում, որը, սակայն, Նաիրա Զոհրաբյանը համարեց երրորդ դասարանի մակարդակի շարադրություն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ, ընթերցելով իրենց պահանջը` լքեց նիստերի դահլիճը:
"Իրավունքի" հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ի պահանջի մի մասը իրականացավ, սակայն չի նշանակում, թե ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականը կարեւոր չէ իրենց համար: "Բայց կյանքը շարունակվում է, մենք չենք կարող կառչել մի տեղից ու ասել` վերջ: Հայտարարության մի մասը իրականացավ, մյուս մասին էլ կարող է անդրադառնանք հետո",- մանրամասնեց պատգամավորը:
Հստակեցրինք` արդյոք Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը բարձրաձայնելու է ԲՀԿ-ն: "Կյանքը ցույց կտա",- հակիրճ ասաց Մելքումյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն, Միքայել Մելքումյանը որոշել է հակադրվել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին ու ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին, որոնք բոլորովին հակառակ դիրքորոշում ունեն: Դե, եթե ԲՀԿ պատգամավորին մասամբ բավարարում էր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունը, ինչու նա չմասնակցեց քվեարկությանն ու ձեռնպահ չքվեարկեց: Ի դեպ, վերջերս Միքայել Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումները սկսել են լուրջ տարբերվել: Եթե Ն.Զոհրաբյանը նախընտրում է հիստերիկ ոճը, ապա Մ.Մելքումյանը փորձում է չիջնել այդ մակարդակին:

